Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԵՏԵՐԱՆԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

Հոկտեմբեր 12,2011 00:00

\"\"Նախկին մանկավարժ, մասնագիտությամբ քիմիկոս- կենսաբան, 73-ամյա Էլֆրիդա Մելիքյանը երեկ Մանկավարժ-վետերանների ակումբում առաջին անգամ կոլեգաներին եւ արվեստասեր հասարակությանը ներկայացրեց իր գեղանկարների շարքը` «Կարոտած երկրի պատկերները» խորագրով:
Է. Մելիքյանը ծնունդով Երեւանից է, բայց, ինչպես ինքը նշեց, արմատները գալիս են Արեւմտյան Հայաստանից.  «Հայրս ու մայրս են այնտեղից: Ես շրջել եմ ողջ Արեւմտյան Հայաստանով եւ իմ զգացողությունները հանձնել կտավին: Շարքում ներկայացված են այնտեղի տեսարժան վայրերը: Ուզում եմ նկարներս ցուցադրել Հայաստանի մարզերի դպրոցներում եւ ծերանոցներում»: Տիկին Էլֆրիդան փոքր-ինչ ներկայացրեց իրեն. «Ավարտել եմ Երեւանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ֆիզիկական քիմիայի, ապա նաեւ կենսաբանության բաժինը: Կյանքիս լավագույն տարիները նվիրել եմ աշխատանքիս: Սկզբում աշխատել եմ որպես ինժեներ, ապա գործուղվել Մոսկվա: Երեւանում հիմնել եմ հսկայական գիտահետազոտական լաբորատորիա:  Դրանից հետո սկսել եմ դասավանդել տարբեր դպրոցներում. Երեւանի թիվ 3-րդ դպրոցում` մաթեմատիկական թեքումով դասարանում, ապա` թիվ 57 դպրոցում: 35 տարի եմ նվիրել մանկավարժությանը` դասավանդելով քիմիա, կենսաբանություն եւ անատոմիա: Երբեք չորուցամաք դաս չեմ պատմել երեխաներին: Դասերին գունավոր կավիճներ էի վերցնում եւ դրանցով նկարում գրատախտակին: Մութ ու ցուրտ տարիներին մայրս հիվանդացավ եւ ստիպված հրաժարվեցի մանկավարժությունից՝ նրան խնամելու համար: Տարիներ հետո մնացի լրիվ միայնակ` երեք ամսվա մեջ կորցրի ընտանիքս: Միայնությունս փարատելու համար ինձ նվիրեցի նկարչությանը: Որոշեցի ինքնուրույն սովորել, բայց քանի որ նկարչությունն ամբողջությամբ երկրաչափություն է, երկու ամիս պարապեցի մասնագետի մոտ: Արդեն ունեմ 42 նկար եւ այդ ամենը՝ մեկ տարում: Սա իմ առաջին ցուցահանդեսն է, որը նվիրում եմ Մանկավարժ- վետերանների ակումբի նախկին անդամների հիշատակին, որոնց թվում նաեւ մայրս է: Նա եղել է այս ակումբի հիմնադիրներից մեկը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել