Լրահոս
Օրվա լրահոսը

«Վերդիանա»՝ առանց «Վերդիական ձայնի»

Հոկտեմբեր 12,2011 00:00

Դավիթ Բաբայանցն ուշացել է

\"\"
Դ. Բաբայանցը
եւ Ս. Կիբալովան՝ «Տրավիատայում»:

«Առավոտը» ժամանակին տեղեկացրել էր Ազգային օպերային թատրոնի նվագախմբի համար փողային գործիքներ ձեռք բերելու նպատակով անցկացվող  բարեգործական համերգաշարի մեկնարկի մասին: Օպերային թատրոնում հերթական երեկոն՝ «Վերդիանա» խորագրով, կկայանա այսօր, մասնակցությամբ թատրոնի նվագախմբի, երգչախմբի, մեներգիչների եւ «Փարոս» կամերային երգչախմբի:
Նկատեցինք, որ մասնակից առաջնակարգ մենակատարների թվում բացակայում է Դավիթ Բաբայանցի անունը, ով տարեսկզբին իտալացի հանճարեղ կոմպոզիտոր Վերդիի ծննդավայր Բուսսետոյում կայացած «Վերդիական ձայներ» միջազգային մրցույթում, որի ժյուրին գլխավորում էր Խոսե Կարերասը, 120 մասնակիցների թվում ճանաչվել է լավագույն բարիտոն: Շուրջ 90 տարի անցկացվող այս հեղինակավոր մրցույթում Դ. Բաբայանցը առաջին հայ օպերային երգիչն էր: Այս ամռանն էլ նա Ժերմոնի դերերգով հանդես է եկել Վերդիի տան բակում ներկայացված իտալացի ճանաչված ռեժիսոր Արտեմիո Կաբասսիի բեմադրած «Տրավիատա» օպերայում, խաղընկեր ունենալով հիշյալ մրցույթի լավագույն սոպրանո, ճանաչված Ստեֆաննա Կիբալովային (Իտալիա), նվագախումբն էլ ղեկավարել է Մարչելլո Ռոտան:
Նշենք, որ 2005թ.-ից Ազգային օպերային թատրոնի մեներգիչ Դ. Բաբայանցը 2009թ. վերապատրաստվել է Իտալիայի «Դել Մոնակո-Տեբալդի» եւ «Ռոսինիանա» ակադեմիաներում՝ հանրահայտ երգիչներ Մարիո Մելանիի եւ Մարիա  Պարացինիի, ինչպես նաեւ դիրիժոր Ալբերտո Ձեդդայի ղեկավարությամբ: Նույն թվականին էլ Դոն Պրուդենցիոյի եւ Դոն Պրոֆոնդոյի դերերգերով մասնակցել Ռոսինիի ծննդավայր  Պեզարոյում անցկացվող միջազգային փառատոների շրջանակներում կայացած «Ճանապարհորդություն դեպի Ռեյմս» ներկայացմանը:
Անդրադառնալով կայանալիք «Վերդիանա» համերգին իր «բացակայությանը», երգիչն ասաց, որ ծրագիրը վաղօրոք էր որոշված, երբ ինքն Իտալիայում էր եւ հավանաբար դա է պատճառը: Թատրոնի խաղացանկի համարյա բոլոր ներկայացումներում զբաղված արտիստը բնականաբար չէր կարող դժգոհել իր ստեղծագործական կյանքից: Չնայած սրան, երգիչը ցանկություն հայտնեց Երեւանում էլ, Բուսսետո քաղաքի օրինակով, հիմնել կամ եղած սրճարաններից մեկը «վերաձեւել», դարձնելով  օպերային երգիչների ու նրանց երկրպագուների հավաքատեղի, ուր հայ օպերային երախտավորների նկարներով ձեւավորված սրահում մի գավաթ սուրճի շուրջ հայերս կծավալենք քննարկումներ, ինչու չէ՝ բանավեճեր օպերային արվեստի մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել