Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր նախարարները քնա՞ծ են

Հոկտեմբեր 12,2011 00:00

\"\"Կամ համացանցում գործող հայերենագիտական ռեսուրսները՝ առանց պետական աջակցության

\"\"Ներկայումս հայերենագիտությունը կարիք ունի նոր եւ ժամանակակից լեզվաբանական մեթոդների եւ մոտեցումների: eanc.net-ը՝ Արեւելահայերենի ազգային կորպուսը («ԱՐԵՎԱԿ»), որպես ժամանակակից լեզվաբանական գործիք, ստեղծված է լրացնելու այդ բացը` լեզվաբաններին տրամադրելով արեւելահայերենի ծանոթագրական նոթերով որոնվող տվյալների բազա: Իսկ ոչ լեզվակիր հայերեն ուսումնասիրողների համար կորպուսից օգտվելը հեշտացնելու նպատակով ավելացվել են բառանիշերի համապատասխան անգլերեն թարգմանությունները: «ԱՐԵՎԱԿ»-ը կարող է օգտագործվել նաեւ գրականագիտական, բանասիրական, պատմական եւ մշակութային ուսումնասիրությունների նպատակով: Ի դեպ, «ԱՐԵՎԱԿ»-ի թիկունքին կանգնած չէ Հայաստան պետությունը. այն ստեղծվել է հիմնականում ոչ հայաստանյան կառույցների, անհատ լեզվաբանների եւ ծրագրավորողների նախաձեռնությամբ եւ մասնակցությամբ, մասնավորապես՝ Corpus Technologies, ՌԴ Գիտությունների ակադեմիայի լեզվաբանության ինստիտուտ, Մոսկվայի պետական համալսարան, Ռուսաստանի պետական հումանիտար համալսարան եւ այլն: «ԱՐԵՎԱԿ»-ի ստեղծումը` ներառյալ գրավոր եւ բանավոր խոսքի հավաքումը, ֆինանսավորվել է ոչ թե ՀՀ կրթության կամ մշակույթի նախարարության, այլ Corpus Technologies ընկերության կողմից:
Հպարտությամբ արժե նշել, որ աշխարհում շատ քչերն ունեն լեզվական կորպուս, օրինակ՝ անգլիացիները, չեխերը: Դա մի ֆանտաստիկ ռոբոտ է, որ նավթ ու այլ ռեսուրսներ չունեցող երկրների համար կարող է թռիչքային զարգացում ապահովել:
«Առակ 29»-ը (arak29.am) կրթական եւ մշակութային հիմնադրամը եւս տեղծված է առանց պետական աջակցության, լրիվ` էնտուզիազմի հիմքի վրա: Նպատակն է՝ նպաստել ազգային վերածննդին, երկրի մրցունակությանը՝ համաշխարհային շուկայում, բոլոր հայերի համար ստեղծագործ եւ համագործակցական միջավայրի ստեղծմանը Հայաստանում: «Առակ-29» հիմնադրամի անունը ներշնչվել է Առակաց Գրքի 29-րդ գլխից, որտեղ նկարագրվում եւ կարեւորվում է գործնական, կառուցողական աշխարհայացքը` շեշտելով հասարակական արդարությունը, արժեքները, կրթությունը, տեսլականը, բարեգործությունը, քննարկումը, խորհրդակցությունը եւ բարեփոխող գործունեությունը: Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի ատենապետն է Թոմ Սամուելյանը: Ստեղնաշարեր, բառարաններ, փոխարկիչներ, ուղղագրիչներ, հոդվածներ եւ ուսումնասիրություններ տարբեր ոլորտների վերաբերյալ, գրաբար Աստվածաշունչ: arak29.am-ում զետեղված է Սուրբ գրքի էլեկտրոնային բացառիկ հրատարակություններից մեկը: Մկնիկը յուրաքանչյուր բառի վրա պահելով, կարող ես տեսնել լեզվաբանական բոլոր չափորոշիչները, բառի անգլերեն թարգմանությունը, այսինքն՝ ձեւաբանական վերլուծությունը էլեկտրոնային տարբերակով: Աշխարհում շատ քիչ ժողովուրդներ նման մակարդակով ներկայացված ունեն Աստվածաշունչը: Հիրավի, սա ժողովրդի հարստություն է՝ միջազգային ամենաբարձր չափանիշներով, դրա համար էլ անընդհատ հարվածի տակ է. քանիցս կայքը հարձակումների է ենթարկվել: Հավանաբար, բարի մղումներից ելնելով, ՀՀ սփյուռքի նախարարությունն էլ ցանկացել է ունենալ թվային գրադարան՝ բնականաբար արդեն պետական միջոցներով: Ցանկացել է, եւ տրվել է իրեն: Մարդիկ նույնիսկ էլեկտրոնային գրադարանի կայքի (lib.mindiaspora.am) շնորհանդես են արել, հեռուստատեսությամբ էլ բարձրաձայնել են՝ ի լուր աշխարհի: Նախաձեռնությունն իսկապես ազնիվ կլիներ, եթե ընդամենը copy past չլիներ https://noravank.am-ի էջից եւ «Նորավանքի» (պետական ֆինանսավորմամբ աշխատող) գրքերը զետեղեր իր էլեկտրոնային գրադարանում: Ստացվում է, որ պետությունը նույն բանի համար կրկնակի՞ է վճարել: Հայերեն գրավոր ժառանգությունը թվայնացնում է ամբողջ աշխարհը, նաեւ google-ը: Մի քանի տասնյակ ամերիկյան համալսարանների գրադարաններ google-ի հետ ստեղծել են հզորագույն https://www.hathitrust.org/-ը, որը ընդհանուր առմամբ 10 մլն հատոր գիրք է թվայնացրել, այդ թվում 8600 հատոր էլ հայերեն, որը ամբողջ համաշխարհային թվային ժառանգության 0,15%-ն է: Իսկ ի՞նչ են անում կրթությամբ, գիտությամբ, մշակույթով զբաղվող մեր գերատեսչություններն ու դրանց հարափոփոխ ղեկավարները, որոնք ի պաշտոնե պետք է նախանձախնդիր լինեին նման հարցերում: Կամ զբաղված են իրենց մերձավորներին այս կամ այն գիտաժողովի հաշվին արտասահմանյան «վիզա» դասավորելով, կամ Դիլիջանում ու Կապանում օտարալեզու դպրոցներ բացելով, կամ էլ Տաթեւում եւ Գեղարդում յուրաքանչյուրը $200 000 արժողությամբ էկոզուգարաններ տեղադրելու մարմաջով:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31