Լրահոս
Օրվա լրահոսը

Բերքի տոնը՝ Լոռիում

Հոկտեմբեր 12,2011 00:00

\"\"Այս տարի բերք կար, սակայն չկային պաշտոնյաների խոստումների իրականացած դրսեւորումներ:

2010 թվականի հոկտեմբերի 5-ին «Բերքի տոնը՝ առանց բերքի» հրապարակմամբ ներկայացնելով Լոռու մարզում գյուղատնտեսական տարին ամփոփող եւ 2002 թվականից կազմակերպվող Բերքի տոնը, գրել էինք, որ մարզի 105 գյուղերից միայն 57-ն էին մասնակցում տոնին, քանի որ 2010-ը գյուղի եւ գյուղացու համար հաջող չէր. էլ երաշտ, էլ կարկուտ, մշակվել էր հողատարածքների 30 տոկոսը միայն (https:// www. aravot.am/ am/articles/ regions/ 83972/ view)… Այս տարի էլ ամեն տարվա նման Լոռու Գյուլագարակ գյուղում Բերքի տոն նշվեց: Այս տարի, ի տարբերություն անցած տարվա, Բերքի տոնին բերք կար, գյուղացին ներկայացնելու բան ուներ:
Լոռու մարզում գյուղատնտեսական պիտանի հողերը 251,624 հազար հեկտար են, որից 42,035 հազարը՝ վարելահող: Այս տարի լոռեցիները 5900 հեկտար ցորեն եւ 2350 հեկտար գարի են մշակել, արտադրել 650 տոննա կարտոֆիլ, 400 տոննա բանջարեղեն, 200 տոննա պտուղ եւ հատապտուղ: Ու մինչ Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչությունից տեղեկացնում են, որ մարզի 13 ֆերմերի հատկացվել է 73,55 տոննա աշնանացան ցորենի սերմացու, որը ցանվել է 245 հեկտարի վրա, գյուղապետերն արձանագրում են, որ գյուղացուն խոստացված սերմացուն այս տարի էլ տեղ չհասավ: Գյուլագարակի գյուղապետ Ալեքսանդր Գրիգորյանը նշում է, որ այս տարի, անցած տարվա նման, տարերային աղետներ չեղան, բայց գյուղացին անցած տարվա կարկուտ-երաշտի պատճառով սերմացու չուներ: «Մեզ խոստացան 1000 հեկտարի սերմացու, բայց քիչ տվեցին: Դե արի, գյուղապետ, ու էդքանը բաժան-բաժան արա, որ նեղացող չլինի»,- նկատեց Ալեքսանդր Գրիգորյանը:
Դսեղ գյուղի բերքն առատ էր բացառություններով. 1մ 35սմ երկարությամբ դդմիկ, 50 սմ երկարությամբ լոբի, 50 սմ տրամագծով արեւածաղիկ, փոքր խնձորի մեծության ընկույզ: Դսեղցիները տեղում նոր տեխնոլոգիայով օղի էին թորում ու հյուրասիրում: Վարդաբլուրում էլ 50 կգ դդում, իսկ Լեռնանցքում 5 կգ-անոց շաղգամ էր աճել: Ախթալայում էլ նոր մշակաբույսեր են աճեցնում՝ դեղձ, կիտրոն, նաեւ խաղողի այգիներն են ավելանում, որակն է լավացել. «Ախթալան հողատարածքներ քիչ ունի, ժայռապատ է, բայց եղանակը բարենպաստ է խաղողի համար»,- ասաց Ախթալայի ներկայացուցիչը:
Դարպաս գյուղն այս տարի աչքի չի ընկնում յուրահատուկ բերքով, սակայն գյուղապետ Սամվել Անանյանը նշում է, որ կարեւոր քայլն արված է, ոռոգման ջրի հարցը լուծված է: «Ջուրը գյուղացուն կհասնի անվճար, դա էլ իմ գաղտնիքն է: Առանց ջրի՝ գյուղացու ձեռ ու ոտը կապված էր»,- ասում է Դարպասի գյուղապետը: Ի տարբերություն Ստեփանավանի տարածաշրջանի, որտեղ շատ խոնավ է, հողը մեծ քանակությամբ ու բերքին անհրաժեշտ ջուր-խոնավություն է պահում ու ջրի հարցը այդքան սուր չէ, Գուգարքում այլ իրականություն է ու ջրի խնդիրը՝ առաջնային:
Յաղդանը Լոռու միակ գյուղն է, որտեղ խորհրդային տարիների փլուզումից հետո կոլտնտեսությունը պահպանվել է, հողը գյուղացիների մեջ չի բաժանվել, պարզապես կոլտնտեսությունը վերանվանվել է «Հունայկա» ՍՊԸ: 2010-ի անբերք տարին, երբ, ինչպես ասվեց, 113 համայնքից (105 գյուղ եւ 8 քաղաք) 57-ն էր մասնակցել տոնին, Յաղդանը մասնակիցների թվում էր: Այստեղ ավանդաբար կարտոֆիլ եւ հացահատիկ են մշակում: Այս տարի այնքան բերք են ստացել, որ նույնիսկ վաճառում են, սակայն ավելին հնարավոր է ստանալ, եթե մի փոքր ուշադրություն լինի՝ վառելիքն ու պարարտանյութերը էժան լինեն: «Տասնամյակներ շարունակ հողը միայն սելիտրա է ստանում, կալիումական եւ այլ պարարտանյութեր, նույնիսկ գոմաղբ չի ստանում, դա չորացնում են, որ ձմեռվա համար վառելիք անեն»,- ասում է Յաղդանի գյուղապետ Վալենտինա Ֆիլիպովնան:
Լոռու մարզպետարանի ցուցանիշ-չափանիշներով այս տարի լավագույնն են ճանաչվել Գուգարքի տարածաշրջանի՝ Շահումյան, Թումանյանի՝ Շնող, Ստեփանավանի՝ Կուրթան, Սպիտակի՝ Գեղասար, Տաշիրի՝ Տաշիր գյուղերը: Հացահատիկային կուլտուրայի մշակման լավագույն արդյունք է ցույց տվել Վարդաբլուրը, կարտոֆիլի՝ Կողեսը, արեւածաղկի՝ Այրումը, ծխախոտ եւ ոչ ավանդական մշակաբույսերի մշակման հարցում առաջինն է Օձունը:
Այս տարի Բերքի տոնին մասնակցում էին նաեւ գյուղի, գյուղացու եւ գյուղատնտեսության հարցերով զբաղվող հասարակական կազմակերպություններն ու անհատ ժողվարպետները: Ու մասնակիցներն այնքան շատ էին, որ «գրավել» էին գյուղբարիքների ցուցադրման համար նախատեսված սեղանները: Լոռվա Թեղուտ գյուղը առանց սեղան էր մնացել, գյուղի բարիքները հենց գետնին շարել: Ուրախալի էր, որ տարեցտարի հողի մշակները կարեւորում են ոչ միայն բերքի ատառությունը, այլ նաեւ ցուցադրման-մատուցման տեսքը: Տարեցտարի ավելի ու ավելի մեծ ուշադրություն է դարձվում սեղանների ձեւավորմանը: Հաճելի էր տեսնել, որ, օրինակ, միայն դդում ներկայացնող սեղանին կային մեկը մյուսից ոչ միայն չափով, այլ նաեւ տեսքով տարբեր բարիքներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել