Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՀԿ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ ԽՆԴԻՐՆԵՐ ԵՆ ԱՌԱՋԱՑՆՈՒՄ

Հոկտեմբեր 12,2011 00:00

Հայաստանում դատական համակարգի բարեփոխումները շարունակվում են, բայց դրանից քաղաքացիների վստահությունն արդարադատության նկատմամբ էապես չի մեծանում: Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի համար էլ են այս ոլորտի մասին քաղաքացիների դժգոհությունները օբյեկտիվ: «Մեծ թիվ են կազմում այն դատական ակտերը, որոնք կամավոր չեն կատարվում, իսկ հարկադիր կատարման ընթացակարգերն էլ այնքան երկար են, որ խնդիրներ են առաջացնում եւ քաղաքացիների օբյեկտիվ դժգոհությունների պատճառ դառնում»,- երեկ «Պետական ու մասնավոր համակարգերում դատական ակտերի հարկադիր կատարման խնդիրները» թեմայով Ծաղկաձորում անցկացվող գիտաժողովի ժամանակ ասաց նախարարը: Նրա խոսքով, դատական իշխանության բարեփոխումներին զուգահեռ, Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը (ԴԱՀԿ) մնացել է երկրորդ պլանում. «Թերեւս ավելի մեծ ուշադրություն ենք փորձել դարձնել դատական իշխանության բարեփոխումներին: Սակայն արդարադատությունն ավարտվում է ոչ թե դատարանում, այլ այն պահին, երբ դատավճիռն է կատարվում»: Հարցին՝ ԴԱՀԿ պետակա՞ն, թե՞ մասնավոր ինստիտուտը ավելի արդյունավետ կգործի, Հայաստանի գլխավոր հարկադիր Միհրան Պողոսյանը դժվարացավ պատասխանել. «Փորձը ցույց է տալիս, որ հաջողված է այն փորձը, որը որ խառն է կոչվում»: Նրա խոսքով, թեեւ այսօր ԴԱՀԿ-ն պետական ուղղվածություն ունի, դա չի նշանակում, որ վաղը չեն կիրառելու նոր մեթոդներ:
Գիտաժողովին ներկա վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ ասաց, որ Հայաստանի համար օգտակար է ուսումնասիրել միջազգային փորձը՝ հատկապես մասնավոր հարկադիր կատարողի ինստիտուտի ներդրման առումով: Նրա խոսքով, ԴԱՀԿ համակարգում արդեն ներդրվել է էլեկտրոնային մեխանիզմ՝ աճուրդներն այդ եղանակով կազմակերպելու համար. «Այս եղանակի ներդրմամբ ԴԱՀԿ գործունեությունն առավել թափանցիկ է դառնալու»: Իսկ էլեկտրոնային եղանակով գործառույթների փոքր ծավալները վարչապետը պայմանավորեց Հայաստանում հեռահաղորդակցության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում բուռն զարգացումներով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել