Լրահոս
Օրվա լրահոսը

Միշիկին դարձրել են Միշա

Հոկտեմբեր 12,2011 00:00

Սեփականության իրավունքի գրանցման համար Շիրակի փողոցի 4-րդ նրբանցքի 11 շենքի թիվ 1 բնակարանի բնակիչ Միշիկ Ենգիբարյանը անշարժ գույքի կոմիտեի Շենգավիթի բաժնում մեծ քաշքշուկների մեջ է ընկել: Միշիկի գույքաթերթիկը լրացնելիս աշխատակիցները մարդու անձնագրային անունը կրճատել են՝ դարձնելով Միշա, մտածելով, որ Միշիկը խոսակցական է: Եվ կադաստրում սեփականության գրանցումը մերժել են՝ պատճառաբանելով, որ անվան մեջ տառասխալ կա եւ այն վերականգնելու համար պետք է դիմել դատարան: Մ. Ենգիբարյանի խոսքերով՝ «Ես պահանջեցի հետ տալ գույքաթերթիկս, որպեսզի պատճենահանեմ ու մտնեմ դատարան, այս անգամ պահանջեցին դիմում գրել: Թոշակառու, հաշմանդամ մարդ եմ, դողդողալով հազիվ դիմումս գրեցի, ասացին՝ 1 շաբաթ հետո եկեք, որ պատճենը տանք: Մեկ շաբաթ հետո եկա, այդ պատճենված թերթիկն ինձ տալու համար ժամեր տեւեց, երկար սպասեցնելուց հետո ասացին, որ ընդմիջման ժամ է, արդեն համբերությունս հատեց, դիմեցի բաժնի պետին, որը պատասխանեց, թե դա իր ֆունկցիաների մեջ չի մտնում, ուղարկեց փաստաթղթերի հանձնման բաժին, այնտեղից նորից ուղարկեցին պետի մոտ: Այսպես ժամերով գնդակի նման այսուայնկողմ էին ուղարկում, որ սենյակ մտնում էի՝ ասում էին՝ սպասեք, մենք մեղավոր չենք, մենք պատասխանատու չենք: Ի վերջո պետի գործավարուհին տվեց այդ չարաբաստիկ գույքաթերթիկի պատճենն ու ուղարկեցին ինձ Շենգավիթի իրավաբանական կոնսուլտացիայի՝ դատարան ներկայացնելու համար ճիշտ դիմում լրացնելու: Այնտեղից ինձնից պահանջեցին 20 հազար դրամ՝ ճիշտ դիմում գրելու համար եւ 2 հազար դրամի էլ՝ բանկային վճարման կտրոն: Փաստորեն, ես իրենց սխալի համար պետք է իմ 1 ամսվա թոշակը տամ, ինչ է թե՝ մի դիմում գրեն ու օգնեն տարեց մարդո՞ւն»: Ի վերջո, Մ. Ենգիբարյանն իր դողդոջուն ձեռքերով մի քանի տողով դիմում է գրել ու դիմել դատարան, որովհետեւ 20 հազար դրամ վճարելու դեպքում կզրկվեր կենցաղային տարրական խնդիրները հոգալու հնարավորությունից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել