Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՆԱԿԻՉՆԵՐԸ՝ ԸՆԴԴԵՄ ՆԱԽԿԻՆ ԳԵՆԵՐԱԼԻ

Հոկտեմբեր 12,2011 00:00

\"\"«Էլիտար» շենքում բնակարան են գնել՝ 1 քմ-ն 31 հազար դրամով

Արդեն մի քանի օր է՝ մայրաքաղաքի «էլիտար» շենքերի բնակիչները ցույցեր են կազմակերպում նախագահի նստավայրի, դատախազության, քաղաքապետարանի ու վճռաբեկ դատարանի մոտ: Ինչպես ժամանակին պետական կարիքների համար իրացվող տարածքների՝ Բուզանդի, Արամի փողոցների բնակիչներին էին խաբելով դուրս շպրտում՝ չնչին փոխհատուցում տալով, հիմա նույնկերպ վարվում են նորակառույց «էլիտար» շենքերի բնակիչների հետ՝ ավելի քաղաքակիրթ ճանապարհով ու նույնիսկ՝ առանց որեւէ փոխհատուցման: Մարդկանցից փողերը հավաքել են, մակետներով բնակարանները վաճառել ու հիմա ո՛չ տունն են կառուցում-տալիս, ոչ էլ իրենց փողն են վերադարձնում:
Արամի փողոցի 82 եւ 84 հասցեներում «Հերմեկ» ՍՊԸ-ի «էլիտար» շենքը պետք է որ պատրաստ լիներ 2007-ին, բայց կառուցապատումն այդպես էլ իր տրամաբանական ավարտին չի հասել: Մոտ 90 բնակարան վաճառվել է, գումարները պարտաճանաչ վճարվել են, բայց այդպես էլ բնակիչներին իրենց բնակարանները չեն հանձնել:
Այս շենքի վաճառքի պատմության մեջ մի քանի ուշագրավ խախտումներ են հայտնաբերվել, որոնց խոստացել էինք անդրադառնալ: Բանն այն է, որ շենքի առաջին երկու հարկերը, բնակիչների հավաստմամբ, շուկայականից անհամեմատ ցածր գներով՝ 490 մլն դրամով վաճառվել են նախկին գեներալ Ալեքսանդր Աբրահամյանին: Ինչպես հետագայում է պարզվել դատական նիստերի ժամանակ, այդ հարկերը գրանցված են նրա կնոջ՝ Անահիտ Կոստանդյանի անունով, ընդ որում, վաճառքի գումարը «Հերմեկ» ՍՊԸ-ի դամարկղ մուտք չի էլ արվել: Կարելի է ասել, որ շենքի 2 հարկերը պարզապես նվիրատվություն են արել նախկին գեներալին, որովհետեւ այն դեպքում, երբ քաղաքի այդ կենտրոնական հատվածում «էլիտար» շենքերի 1 քմ-ի արժեքը 1000-1200 դոլարին համարժեք դրամ է, Արամի փողոցի նոր բնակելի համալիրի առաջին 2 հարկերի 1 քմ-ն վաճառվել է, կարելի է ասել, ինքնարժեքից ցածր՝ ընդամենը 31 հազար դրամով, ինչը կասկածների լուրջ տեղիք է տալիս: Այլ կերպ ասած՝ այս ցածր գնով վաճառվել է շենքի 1600 քմ-ից 500 քմ-ն: Այս նվիրատվության արդյունքում «Հերմեկ» ՍՊԸ-ն շենքը գրավ է դրել «ՎՏԲ-Հայաստան» բանկում, մի շարք հարկային պարտավորություններ կուտակել ու սնանկ հայտարարվել: Թե այս պարտքերը վճարելուց հետո ե՞րբ կգա բնակիչներին փոխհատուցելու հերթը, կամ կփոխհատուցե՞ն արդյոք՝ պարզ չէ: Շենքի սնանկության գործով կառավարիչը՝ Հրանտ Ղամբարյանը «առողջացման» ծրագիր է մշակել ու վստահեցրել, որ եթե առաջին երկու հարկերի հարցը լուծվի, այսինքն՝ պարզվի, թե ինչո՞ւ է շենքի մի մասը վաճառվել շուկայականից ցածր գներով՝ հնարավոր է վերականգնված գումարով շենքն ավարտին հասցնել ու խնդիրները լուծել: Բնակիչները դիմել են Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան, որը վճիռ է կայացրել հօգուտ բնակիչների՝ գտնելով, որ, իսկապես, անհասկանալի նվիրատվությունից տուժել է մոտ 90 բնակիչ: Ընդ որում՝ բոլորն էլ մայրաքաղաքի «էլիտայի» ներկայացուցիչներ՝ ճանաչված բժիշկներ, սփյուռքահայեր: Սակայն Ալեքսանդր Աբրահամյանը դիմել է վերաքննիչ, որը բեկանել է առաջին ատյանի դատարանի վճիռը՝ գտնելով, որ շուկայական հարաբերություններ են՝ մարդը գնել է այն գնով, որն առաջարկվել է, եւ հիմա դա նրա սեփականությունն է:
Բնակիչների խոսքերով՝ «Մենք հաշվել ենք, որ շենքի 80 բնակարանների վաճառքի գումարը կազմում է մոտ 10 մլն դոլար: Դա հսկայական գումար է, որը չգիտես ուր է անհետացել: Չի բացառվում, որ այս մասնավոր բնակարանաշինության ողջ գործընթացը խաբեություն է եւ միայն կարճ ժամանակահատվածում խոշոր եկամուտ ստանալու հարց է լուծում՝ որոշ գործարարների համար: Հաշվեք ինքներդ՝ շենքը հայտարարել են սնանկ ու աճուրդի են հանել, 4-5 մլն դոլարով այն կվաճառեն ու հնարավոր է գնորդները նորից իրենք լինեն: Այդպես գրպանը կդնեն 5-6 մլն դոլար: Ուրիշ ի՞նչ բիզնեսով պիտի զբաղվեին, որ այդքան գումար աշխատեին»:
Բնակիչները պատրաստվում են «Հերմեկ» ՍՊԸ-ի տնօրենին քրեական պատասխանատվության ենթարկել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել