Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԸ ՎՍՏԱՀ Է, ՈՐ ԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԼԻՆԻ

Հոկտեմբեր 12,2011 00:00

Այս շաբաթ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հայտարարեց, թե պատրաստվում է զրպարտության եւ վիրավորանքի վերաբերյալ Քաղաքացիական օրենսգրքի դրույթների հակասահմանադրականության խնդրով դիմել Սահմանադրական դատարան: Ըստ օմբուդսմենի, իր հեղինակած օրենքը դատարանները պատշաճ կերպով չեն կիրառում: Երեւանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանն «Ազատություն» ռ/կ-ին ասել է, թե ՍԴ դիմելու պատճառը միջազգային կառույցների զեկույցներում Հայաստանի մամուլի ազատության վերաբերյալ սուր քննադատությունն է եւ լրատվամիջոցների կողմից չափազանց մեծ դժգոհությունը. «Ես կապ տեսնում եմ, քանի որ, իրոք, զարգացումները շարունակում են մնալ բավականին տագնապալի եւ խոսքի ազատության համար՝ վտանգավոր»: Նա նաեւ համոզմունք է հայտնել, որ օրենքում դրական փոփոխություններ կլինեն, որովհետեւ «ՀՀ իշխանությունների համար շատ կարեւոր է գրանցել առաջընթաց այս ոլորտում: Ես համոզված եմ, որ ե՛ւ ընտրություններից առաջ, ե՛ւ բազմաթիվ այլ պատճառներով իշխանությունները պիտի շահագրգռված լինեն փոխելու իրավիճակը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել