Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՐ ԻՐԵՆՔ ՀՊԱՐՏԱՆԱՆ

Հոկտեմբեր 12,2011 00:00

 «Հայ-ռուսական ռազմավարական համագործակցություն» թեմայով քննարկման ժամանակ, որին մասնակցում էին ՌԴ-ում հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը եւ ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը, խոսվեց հայ-ռուսական համագործակցության խնդիրներից: Դահլիճում ներկա էին ռուս եւ հայ մտավորականներ, գիտնականներ, հասարակական եւ քաղաքական գործիչներ: Արթուր Բաղդասարյանը նշեց, որ մեր երկրի համար գերակա նշանակություն ունեցող ընկերություններ են գործում, որոնց կապիտալի գերակշիռ մասը պատկանում է ռուսական ընկերություններին. «ՀՀ-ն մշտապես խրախուսում է ռուսական ընկերություններին, եւ մենք գտնում ենք, որ Հայաստանի քաղաքական համակարգը սերտորեն կապված է Ռուսաստանի Դաշնության հետ, եւ մենք պետք է կարողանանք այս հարաբերությունները խորացնել բոլոր ուղղություններով, եւ այս ամենին չպետք է հակադրենք այլ երկրների հետ մեր հարաբերությունները»:
Արա Աբրահամյանը իր մոտ քսան րոպեանոց խոսքում նշեց, որ պետք է մշտապես կարողանալ տեսնել լավը եւ ըմբռնումով մոտենալ առկա խնդիրներին. «Մենք պետք է կարողանանք պահպանել մեր լեզուն, մեր հավատքը, մեր կրոնը եւ միասնություն ներշնչել իրար մեջ: Իհարկե, մեր հիմնական խնդիրն է պահպանել հայ-ռուսական բարեկամությունը, ես ինքս եւ մեր խորհրդի բոլոր անդամներն ամեն ինչ անում ենք, որպեսզի այն պայմանավորվածությունները, որ կան երկու նախագահների միջեւ, ձեռքբերումները, որ կան, էլ ավելի զարգացվեն եւ իրականանան, չմնան ցանկություններ կամ երազանք»: Ըստ Արա Աբրահամյանի, էլեկտրոնային լրատվամիջոցներում «մարդիկ այնպիսի հայտարարություններ են դնում, որ մարդ ամաչում է լսի, մեր ռուս բարեկամները կարդում են, ասում են՝ էս ինչ են ասում ձեր եկեղեցու մասին, ՀՀ իշխանությունների մասին: Չի կարելի, որովհետեւ մենք ապրում ենք այլ երկրներում, մենք հպարտանում ենք Հայաստանի հաջողություններով, մենք հպարտանում ենք Հայաստանի նախագահի այցերով Ռուսաստան: Մենք ասում ենք՝ ոնց որ ինչ-որ առավելություն ունենանք մեր կողքի համաքաղաքացու նկատմամբ: Այսօր, երբ այդ բացասական նյութերը գալիս են Ռուսաստան, դա չի նշանակում, որ այստեղ սոցիալական հարցերը կարող են լավանալ, այդպիսի մարդկանցից մենք պետք է հեռու լինենք: Այդ երկիմաստ, ինչ-որ մեկ րոպեի ընթացքում իրեն ասեն՝ ինքը լավ մարդ է, ինչ-որ խոսքեր է ասում, չի մտածում, որ ինքը վնասում է մեր պետության զարգացմանը, մեր բարոյական նորմերին ինչ հարված է հասցնում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել