Լրահոս
Օրվա լրահոսը

Աջակցության համար մի չափորոշիչն ազատ ընտրություններն են

Հոկտեմբեր 12,2011 00:00

Եվրոպական հարեւանության լրագրողական ցանցի մասնակիցների առջեւ էլ Եվրոպական Միության ընդլայնման եւ Եվրոպական Հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն կրկնեց խոստումը, թե երկրներն ինչքան ավելի բարեփոխվեն՝ այնքան ավելի շատ աջակցություն կստանան ԵՄ-ից:
Բրյուսելում գումարված Եվրոպական հարեւանության լրագրողական ցանցի ամփոփիչ համաժողովի 200 մասնակիցների առջեւ երեկ ելույթ ունեցավ Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման եվրոպական հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, որն իր դիտարկումները ներկայացրեց «Վերանայված եվրոպական հարեւանության քաղաքականությունը» թեմայով: Այդ քաղաքականության մեջ կատարված փոփոխությունն, ըստ նրա՝ հետեւյալն է. իշխանությունների հետ գործակցությանը զուգահեռ՝ իրենք ակտիվացրել են քաղաքացիական հասարակության հետ շփումները. «Ես անգամ կարող եմ ասել, որ տեղի է ունեցել շեշտադրումների փոփոխություն, որպեսզի ընդգծվի քաղաքացիական հասարակության կարեւորությունը: Մեր նոր քաղաքականության մեջ անում ենք ամեն ինչ, որպեսզի ապահովենք իրավիճակ, որ այն, ինչ մենք կարող ենք ձեզ առաջարկել՝ լինի այնպիսի իշխանությունների տնօրինման ներքո, որոնք միտված են դեպի բարեփոխումները եւ հաշվի են առնում քաղաքացիների շահերն ու ցանկությունները: Մենք հստակ հայտնի ենք դարձրել, որ մեր հարեւաններին աջակցության ավելացած աստիճանն ուղեկցվում է պայմաններով: Եվ գլխավոր սկզբունքներից մեկը հետեւյալն է՝ դուք ստանում եք ավելին, եթե անում եք ավելին: Բացի դրանից՝ կա նաեւ սկզբունք, որ եթե երկիրը չի իրականացնում բարեփոխումները, չի կատարում իր պարտավորությունները, չի բավարարում քաղաքացիների ակնկալիքները, ապա Եվրոպական Միությունը կարող է վերանայել իր աջակցության մակարդակը եւ նույնիսկ կարող է առավել շեշտադրել անմիջականորեն քաղաքացիական հանրության հետ շփումները: Ես կարծում եմ, Բելառուսում կամ Սիրիայում զարգացումները դրա օրինակն են»:
Շտեֆան Ֆյուլեն ընդգծեց, թե խնդիրը միայն այն չէ, որ իրենք որոշակի ակնկալիքներ ունեն իրենց հարեւաններից. «Մենք պետք է ինչ-որ բան առաջարկենք, որպեսզի ինչ-որ բան ստանանք: Եվ մենք խոսում ենք շուկաները բացելու, տեղաշարժի ազատականացման հարցում գործընկերության ու նաեւ գումարների՝ ֆինանսական հավելյալ միջոցների, ռեսուրսների մասին՝ օգնելու համար հատկապես նրանց, ովքեր սկսում են բարեփոխումների դժվարին եւ երկարատեւ գործընթաց»: Նաեւ շարադրեց այն 5 չափորոշիչները, որոնցով գնահատվելու է բարեփոխումների առաջընթացն ու ժողովրդավարության մակարդակն այդ երկրներում. «Առաջինն ազատ եւ արդար ընտրություններն են»: Երկրորդ չափորոշիչն, ըստ նրա՝ միավորման եւ արտահայտման, հավաքների եւ մամուլի ազատություններն են. «Սակայն գլխավոր չափորոշիչները օրենքի գերակայությունն ու դատական համակարգի անկախությունն են. սրանք կայուն ժողովրդավարության կայուն տարրեր են: Չորրորդ չափորոշիչը կոռուպցիայի դեմ պայքարն է: Եվ վերջին չափորոշիչն իրավակարգն ու անվտանգությունն են եւ այս ոլորտում բարեփոխումների իրականացումը: Եվ հենց այս չափորոշիչներով էլ մենք գնահատելու ենք գործընթացը եւ ցուցաբերելու մեր աջակցությունը»:
ԵՄ ընդլայնման եւ Եվրոպական Հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատարին ընդամենը երեք հարց ուղղելու հնարավորություն տրվեց, եւ առավել հետաքրքիր էր ուկրաինացի լրագրողի հարցը Յուլյա Տիմոշենկոյին 7 տարվա ազատազրկման դատապարտելու վերաբերյալ: Հարցին, թե երբ հանդիպի կամ զանգի Ուկրաինայի նախագահին՝ ի՞նչ է ասելու, Շտեֆան Ֆյուլեն պատասխանեց, թե ինքն արդեն մտահոգություն է հայտնել կատարվածի վերաբերյալ եւ լինելու է նաեւ առանձին հայտարարություն: Նկատելով, թե գործընթացը դեռ չի ավարտվել, եւ դատավճիռը բողոքարկվելու է՝ պրն Ֆյուլեն ասաց. «Ես հետեւելու եմ դրան ամենայն ուշադրությամբ: Մենք դեռ հավատում ենք, որ կգտնվի լուծում»: Հիշեցնելով, որ Ուկրաինային արդեն մի քանի քայլ է մնում՝ կնքելու ասոցացման համաձայնագիր ԵՄ-ի հետ՝ նկատեց, թե կատարվածն առնչվում է օրենքի գերակայությանը. «Հարկ է գտնել լուծում, որի դեպքում որեւէ մեկը չի հայտնվի բանտում միայն արդեն հնացած օրենսդրության հիմքի վրա: Հուսով եմ, որ անկասկած կգտնվի լուծում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել