Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՆԿԱՐԱՆ ԱՅԼԵՎՍ ՇԱՀԱԳՐԳԻՌ ՉԷ՞

Հոկտեմբեր 12,2011 00:00

Թուրքիայում կարծում են, որ անկախ դիվանագիտական հարաբերություններից՝ երկու երկրները կարող են առեւտրատնտեսական կապեր զարգացնել:

\"\"

«Աշխատենք միասին» կարգախոսը, որը հայաստանյան ներքաղաքական դաշտ նետվեց 2003 թ. ընտրությունների ժամանակ՝ Ռոբերտ Քոչարյանի թիմակիցների կողմից, «վերաթարմացրել է» Մուստաֆա Էդիբ Յալմազը՝ թուրքական «Today\’s Zaman»-ի խմբագիրներից: Խնդրո առարկան հայ-թուրքական հարաբերությունների բարելավումն է եւ թուրքական խորհրդարանում «քուն մտած» արձանագրությունները: «Իրար մեղադրելով չենք կարող երբեք քայլ անել, իրար մեղադրելու փոխարեն՝ միասին աշխատենք»,- «Առավոտին» տված հարցազրույցում ասում է Էդիբ Յալմազը՝ ի պատասխան դիտարկման, որ թուրքական կառավարությունն ի սկզբանե բավականին կոշտ դիրքորոշում էր ցուցաբերում եւ մինչ օրս շարունակում է այն պահպանել՝ խորհրդարանում արձանագրությունները անլուրջ վերաբերմունքի արժանացնելով, ու քայլեր էլ չի անում խնդիրը քաղաքական  դաշտից հասարակական քննարկումների դաշտ տեղափոխելու:
Հայ լրագրողները Թուրքիայում էին գտնվում «Հայաստան-Թուրքիա. Լրագրողական երկխոսություն» ծրագրի շրջանակներում: Այն իրականացնում է «Հրանտ Դինք հիմնադրամը»՝ «Հայնրիխ Բյոլ» գերմանական հիմնադրամի թուրքական ներկայացուցչության օժանդակությամբ: Էդիբ Յալմազը համաձայն չէ, որ սկզբնական փուլում Թուրքիան կոշտ դիրքորոշում ուներ, ավելին՝ կարծում է, որ  թուրքական կողմն է մեծահոգի եւ զիջող գտնվել. «Արձանագրությունների նախնական փուլում Թուրքիան ցանկություն ուներ Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու, այնուհետեւ, չնախատեսված աշխարհաքաղաքական իրադարձություններից հետո, կարծես առավել կրավորական կեցվածք ընդունեց: Ես դժվարանում եմ համեմատություն անել եւ ասել՝ այժմ հարաբերությունները կարգավորելու համար Թուրքիայի՞ ցանկությունն է առավել մեծ, թե՞ Հայաստանինը, բայց որ երկու տարի առաջ Թուրքիան առավել շահագրգիռ էր, միանշանակ է: Դրա պատճառը Հայաստանի եւ Ադրբեջանի ունեցած խնդիրներն են: Շատ նուրբ շախմատ են խաղում, եւ դժբախտաբար, Թուրքիան չափազանց մեծ տեղ ու նշանակություն է տալիս Ադրբեջանի մոտեցումներին»: Ճի՞շտ է, արդյոք, Թուրքիայի կեցվածքը՝ երրորդ երկրի պատճառով հարաբերությունները չբարելավել Հայաստանի հետ, մեր զրուցակիցը հստակ պատասխան չտվեց, բայց մեկ անգամ եւս ընդգծեց, որ, դժբախտաբար, Թուրքիան այս հարցում չափազանց մեծ նշանակություն է տալիս Ադրբեջանին: Մինչդեռ «Anadolu kultur» հրատարակչության տնօրեն Օսման Կավալան անտրամաբանական համարեց թուրքական կառավարության մոտեցումը՝ երրորդ երկրի պատճառով հարաբերությունների բարելավման գործընթացը կասեցնելը: Մուստաֆա Էդիբ Յալմազը «Առավոտի» հետ զրույցում նաեւ նկատեց. «Շատ կցանկանայի, որ հայ-թուրքական սահմանի բացման գործընթացն արագանար: Ընդհանրապես, ես դրական եմ համարում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավումը եւ արձանագրությունների վավերացումը, ի վերջո՝ հարեւաններ ենք, մինչդեռ հարաբերությունները պատշաճ չեն: Կարծում եմ, որ հարաբերությունների բարելավումից երկու երկրներն էլ կօգտվեն՝ եւ սոցիալապես, եւ տնտեսապես»: Նա մեղադրում է ոչ միայն իշխանություններին, այլ նաեւ ժողովուրդներին, որ չեն պահանջում իրենց կողմից ընտրված իշխանություններից ընդառաջ գնալ ժողովուրդների կամքին: Միաժամանակ ընդգծելով՝ «Ցավոք, երկու ժողովուրդներն իրար այնքան էլ ծանոթ չեն եւ կանխակալ մոտեցումներ ունեն միմյանց նկատմամբ, ավելին՝ երկկողմանի ատելությունը մեծ է: Այս պայմաններում թերեւս չարժե մեղադրել իշխանություններին, որ չեն կարողանում կտրուկ քայլեր անել եւ բարելավել հարաբերությունները, իշխանությունները չեն կարող դեմ գնալ սեփական ժողովրդի կամքին: Եթե հասարակությունները եւ լրատվամիջոցներն ավելի դրական վերաբերմունք ունենային՝ գործընթացն առավել արագ կզարգանար»:
«Dunya» թերթի խմբագիրներից եւ գործարար Ռուստու Բոզկուռտը գերադասեց հարցի քաղաքական կողմին չանդրադառնալ. «Ես գործարար եմ, ինձ համար հաշվարկ է: Կարելի է համագործակցության եզրեր գտնել: Դա Հայաստանի համար օգտակար կլինի նախեւառաջ այն առումով, որ մարդիկ նոր հնարավորություններ կտեսնեն եւ չեն արտագաղթի»: Նրան, ի դեպ, շատ դուր է եկել հայկական կոնյակը: Ընդհանրապես, նա միակը չէ, ով կարծում է, որ առանց քաղաքական խնդիրների լուծման եւ առանց դիվանագիտական հարաբերությունների հնարավոր է առեւտրատնտեսական համագործակցության եզրեր գտնել: Թեեւ փոքր-ինչ բարդություններով, ամեն դեպքում կարելի է. այս կարծիքին են նաեւ տնտեսագետներ Զումրութ Իմամօղլուն, Ասաֆ Սավաս Ակաթը, ովքեր հայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ շեշտը դրեցին հայկական ապրանքների՝ թուրքական շուկայում մրցունակություն ապահովելու վրա, բայց որեւէ բացատրություն այն հանգամանքին, որ ոչ պաշտոնապես, բայց Հայաստանից Թուրքիա ներկրման վրա արգելք կա դրված, չտվեցին: Գործող ներքին կանոնակարգով՝ վրացական մաքսակետից արգելվում է հայկական բեռների ներկրումը Թուրքիա. 16 հոգիանոց մարդատար երթուղայիններից ավելի մեքենաների մուտքի համար հազար ու մի խոչընդոտ միշտ էլ գտնվում է: Իսկ Թուրքիայի կրթության նախարարությունում, օրինակ, առանց դիվանագիտական հարաբերությունների՝ համագործակցության ձեւը գտել են. կրթության նախարարի օգնական Սաբեթթին Սաբազը, պատասխանելով «Առավոտի» հարցին, ասաց, որ արդեն մեկ տարի է, ինչ նախարարությունը թույլատրել է Թուրքիայում անլեգալ բնակվող հայերի երեխաներին ազատ ունկնդրի կարգավիճակով այցելել հայկական դպրոցներ, եւ մինչեւ տարեվերջ տեղի հայկական դպրոցների ուսուցիչների եւ տնօրենների հետ խորհրդակցությունների արդյունքում կփորձեն խնդրին իրավաբանական լուծում տալու տարբերակներ գտնել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել