«Մենք էլ ոչինչ չունենք, մեր արխիվը, գրականությունը, ամեն ինչը վերացել է: Ամեն ինչ: Կենտրոնն էլ ոչ մի բան չունի: Բոլոր համակարգիչները ենթարկվել են վթարի, ամեն ինչ պայթել է»,- կիրակի օրը արցունքները աչքերին ասում էր «Տերյան մշակութային կենտրոն» հ/կ-ի գործադիր տնօրեն Լիլիթ Մելիքյանը:
Տնօրենը պատմում է. «Հոկտեմբերի 8-ի առավոտյան, ժամը 10-ին (Հանրապետության 47 հասցեում) շենքի պահակակետից զանգել են ու ասել. «Շուտ եկեք, հասեք, ձեր կենտրոնում ջուր է «ճպճպում»… Զարմանալի է` շենքը պահակակետ ունի, բայց մեզ զանգեցին դեպքից փաստորեն մեկ օր ուշ: Ամբողջ գիշեր վերեւի հարկից ջուր է հոսել հենց մեր ամենակարեւոր սենյակների վրա: Պահակակետի աշխատողներին մենք վճարում ենք` հուսալով, որ մեր գույքը ապահով ձեռքերում է»:
Լ. Մելիքյանի փոխանցմամբ, իրենց ամենագլխավոր սենյակների վերեւի հարկում շենքի տնօրեն, «Ջավախք» բարեգործական հիմնադրամի նախագահ Ստեփան Մարգարյանի աշխատասենյակն է: Մեր զրուցակիցը զանգահարել է բոլոր հնարավոր «թեժ գծերին», դիմել է «Կենտրոն» վարչական շրջան, քաղաքապետարան, ոստիկանություն` իրենց հասցված վնասը ակտավորելու համար: Ոչ ոք չի արձագանքել, հեռախոսավարները պատճառաբանել են, թե` ոչ աշխատանքային օր է, թող մնա երկուշաբթի-երեքշաբթի, մի բան կանենք: Երբ նյութը պատրաստ էր տպագրման, մեզ զանգեց «Տերյան մշակութային կենտրոն» հ/կ նախագահ, ՍԴ աշխատակազմի ղեկավար Առուշան Հակոբյանը եւ ասաց, որ որեւէ մեկին չի մեղադրում կատարվածի համար` մինչեւ նոր ձեւավորվող փորձագիտական հանձնաժողովը իր գնահատականը չտա: