Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՀՊԱՐՏՈՒԹՅԱՆ ԶԳԱՑՈՒՄ ՈՒՆԵՑԱ»

Հոկտեմբեր 11,2011 00:00

\"\"«Առավոտը» տեղեկացրել է, որ այս օրերին Հայաստանում է ֆիզիկայի գծով Նոբելյան մրցանակի դափնեկիր, ՌԴ գիտությունների ակադեմիայի փոխնախագահ Ժորես Ալֆյորովը: Երեկ Նոբելյան մրցանակակիրը ՀՀ ԳԱԱ-ում հանդիպեց հայ գիտնականներին, ակադեմիայի ինստիտուտների եւ բուհերի ղեկավարներին, գիտական հասարակայնության ներկայացուցիչներին, ապա նրան շնորհվեց ՀՀ ԳԱԱ պատվավոր ակադեմիկոսի կոչման դիպլոմ:
Նախքան հայ կոլեգաների հետ հանդիպումը, գիտնականին ընդունել էր նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Ժ. Ալֆյորովը նշեց. «Զգացված եմ ՀՀ ԳԱԱ պատվավոր ակադեմիկոսի կոչման համար: Մտնելով ձեր ակադեմիա, կնոջս հետ անմիջապես մոտեցա Վիկտոր Համբարձումյանի եւ Հովսեփ Օրբելու հուշարձաններին: Հպարտության զգացում ունեցա, քանի որ ես նրանց հետնորդն եմ, այն նույն՝ Սանկտ Պետերբուրգի Ֆիզիկատեխնիկական ինստիտուտի սանը, որտեղ կրթություն են ստացել նրանք: Տպավորված եմ նախագահի հետ հանդիպումից նույնպես, մեկ ժամ քննարկեցինք գիտական ոլորտի խնդիրները: Նախագահ Սարգսյանի հետ անդրադարձել ենք ժամանակակից գիտության զարգացման հեռանկարային բնագավառներին, քննարկել գիտական աշխատանքի կազմակերպման եւ նոր տեխնոլոգիաների խրախուսման հարցերը»: Անդրադառնալով «հայկական» գիտական կյանքին, Նոբելյան մրցանակակիրը նշեց. «Հայաստանի գիտությունը միշտ էլ եղել է բարձր մակարդակի վրա: Այստեղ կան անուններ, որոնք ստեղծել են հայկական քաղաքակրթությունը: Հայ անվանի գիտնականների անունները պարբերաբար են հնչում իմ կողմից որպես օրինակ ոչ միայն Ռուսաստանի տարածքում, այլեւ սահմաններից դուրս»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել