Կամ՝ Արամ Իսաբեկյանի «Իմ այգին» շարքը՝ Սարո Սարուխանյանի հիշատակին
Դեռեւս մի քանի օր առաջ արվեստաբան, ՀՀ նկարիչների միության անդամ Սարո Սարուխանյանը զբաղված էր ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, գեղանկարիչ Արամ Իսաբեկյանի նոր անհատական ցուցահանդեսի աշխատանքներով: Երեկ «Ալբերտ եւ Թով Բոյաջյան» ցուցասրահում բացվեց գեղանկարչի ցուցահանդեսը, բայց առանց Սարո Սարուխանյանի. բացումից երեք օր առաջ՝ 67 տարեկան հասակում կյանքից հեռացավ անվանի արվեստաբանը:
Ինչպես նշեց Ա. Իսաբեկյանը. «Գեղանկարներիս շարքը կոչվում է «Իմ այգին»: Սարո Սարուխանյանն է ինձ ուղղորդել սեփական ձեռքերով ստեղծածս այգին կտավներին հանձնեմ: Ցուցահանդեսս նվիրվում է նրա հիշատակին»:
Ցուցահանդեսին ներկայացված էր 15 աշխատանք: Հեղինակի խոսքով. «Ծաղիկներով լի այգին միշտ հորս՝ Էդուարդ Իսաբեկյանի «հիվանդությունն» է եղել: Երբ Աշտարակում տուն ունեցանք, ստիպված այգի ստեղծեցի ու որոշ ժամանակ անց ինքս էլ սիրահարվեցի այդ այգուն: Այգու թեմայով 25 աշխատանքից բաղկացած շարք ստացվեց, որոնցից 15-ն եմ այսօր ներկայացրել: Սրանք այն ընտրյալներն են, որոնք պետք է ներկայացվեն պետական մրցանակի: Շատերի կարծիքով այս կտավներում ոճս այլ է, բայց ըստ իս ոչ մի փոփոխություն չկա, քանի որ սովորաբար նկարում եմ, եւ աշխատանքներս տեղում վաճառվում են. մարդիկ չեն հասցնում տեսնել դրանք: Գուցե գունագեղ են, պայծառությամբ լի, դա նրանից է, որ իմ այգին է, իմ ամեն մի ծառն ու թուփը»:
Հետաքրքրվեցինք՝ ովքե՞ր են Ա. Իսաբեկյանի գնորդները: Ըստ նրա, թե՛ Հայաստանում եւ թե՛ աշխարհում առհասարակ չկա մի նկարիչ, որ գնորդի խնդիր չունենա. «Հայաստանում այդ խնդիրը առավել եւս կա, քանի որ այստեղ չկա պրոֆեսիոնալ շուկա: Այստեղ ամենամեծ խնդիրն այն է, որ նկարչի վրա, բացի արվեստի նմուշ ստեղծելուց, դրված է նաեւ իրենով զբաղվելու հարցը, այսինքն՝ դու, բացի նկարելուց, նաեւ պետք է ճարպիկ լինես, որ կարողանաս քո ստեղծագործությունը սպառես: Իսկ ճարպկություն ո՛չ բոլորն ունեն: Ես էլ չունեմ, չնայած ստացվում է այնպես, որ ինձնից նկարներ շատ են գնում… Ինչպես գնորդների պակասից չեմ դժգոհում, այնպես էլ իմ գնորդներից: Նրանք հիմնականում արվեստից հասկացող մարդիկ են: Շատ քիչ մարդկանց կարող եմ հիշել, որ գնում են պարզապես գնելու համար: Նոր հարստացած մարդկանց մեծ մասը արվեստից հեռու է, նրանք չեն կարող լինել իմ գնորդը: Շատ բաների վրա հեշտությամբ կարող են ահռելի գումարներ ներդնել, բայց արվեստի գործ գնելիս սկսում են կարկամել: Հույս ունեմ, որ ժամանակը այս հանգամանքն էլ կհարթի Հայաստանում, ինչպես դա եղավ Ռուսաստանում՝ ռուս միլիոնատերերի պարագայում: Նրանք նկարչից որեւէ կտավ գնելիս ոչ թե գին են գցում, այլ իրենք են բարձրացնում՝ հասկանալով, որ իրենց ազգին են օգուտ տալիս: Մեր տեղը դա ոչ անգլիացին կանի, ոչ էլ ճապոնացին: Ամեն ոք պետք է կարողանա իր ազգի շնորհալի մարդկանց գնահատել, այլ չփորձի նսեմացնել, էժանացնել այնքան, ասես՝ կարտոֆիլ կամ լոլիկ են գնում»: