«Գլուխը պատով տալու» համար՝ ոչ
«Առավոտն» անդրադարձել է Դ. Վարուժանի անվան թիվ 89 դպրոցում կատարված միջադեպին, երբ 4-րդ դասարանի դասղեկ Գայանե Թանգյանը կտրել էր իր դասարանի 6 տղաների մազերը, ինչն արժանացել էր ծնողներից ոմանց բուռն արձագանքին եւ լայն քննարկման առարկա դարձել սոցիալական ցանցերում: Ծնողները դժգոհել էին՝ իրենց երեխային ուղարկում են դպրո՞ց, թե՞ վարսավիրանոց: Այս ամենին հետեւել էր տիկին Թանգյանին աշխատանքից ազատելը: Ուսուցչուհին էլ արդարացել էր, որ ինքը այդ քայլին դիմել է աշակերտներին մի քանի անգամ զգուշացնելուց հետո, եւ ինչ էլ որ արել է՝ մայրաբար է արել:
ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը, ով մի ժամանակ թիվ 27 դպրոցում տնօրեն է աշխատել, կատարվածի մասին իր տեսակետն ունի: Օրերս նա հեռուստաալիքներից մեկով մի հաղորդում է նայել, ինչը մտածելու տեղիք է տվել, ասում է՝ դպրոցի տնօրեն Օֆելյա Պետրոսյանը մեղադրում էր ծնողներին, թե ինչո՞ւ ստիպեցին աշխատանքից ազատել իր լավագույն ուսուցիչներից մեկին: Պատգամավորին հարցրինք՝ իսկ ինչպե՞ս կվարվեր ինքը նման իրավիճակում: Տիկին Բախշյանը նշեց, որ ինքը միշտ է խոսում դպրոցի եւ ընդհանրապես հանրակրթության ժողովրդավար կառավարման մասին եւ որեւէ մեկին խորհուրդ տալու իրավունք իրեն չի վերապահում, ընդամենը իր դպրոցի փորձն է փաստում:
Ըստ նրա, դպրոցն ունի կառավարման խորհրդում հաստատված ներքին կարգապահական կանոնների մասին կանոնադրություն, որի մեջ պետք է գրվի նաեւ աշակերտների հագ ու կապի մասին՝ մշակմանը մասնակից դարձնելով աշակերտներին, ուսուցիչներին եւ ծնողներին: «Իմ գործընկերը՝ 89-րդ դպրոցի տնօրենը, հեռուստատեսությամբ ասաց, թե երեխաներն այնպիսի հագուկապով են ներկայանում, կարծես ոչ թե դպրոց, այլ դիսկոտեկ են գալիս: Եթե իմ ղեկավարած դպրոցում նման խնդիր լիներ, ես այդ հարցը կքննարկեի ծնողական ժողովում, մանկավարժական խորհրդում եւ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքով դպրոցի կառավարման խորհրդում խորհրդակցական ձայն ունեցող աշակերտական խորհրդում, որովհետեւ բոլոր այն դեպքերում, երբ աշակերտի վերաբերյալ որոշում պետք է կայացվի, անհրաժեշտ է լսել նրանց: Ի դեպ, երեխաները, որպես կանոն, գտնում են ոսկե այն միջինը, որը ընդունելի է լինում իրենց համար, եւ մանկավարժներիս գործն էլ թեթեւանում է: Դրանով նախ մենք հարգում ու վստահում ենք երեխաներին, որը բարձրացնում է նրանց ինքնագնահատականը եւ երբ իրենք են կայացնում որեւէ որոշում, իրենք էլ պատասխանատվություն են ստանձնում չխախտել որոշումները: Վերոնշյալ դեպքում ես կկանխեի ուսուցչի քայլը հենց երեխաների եւ ծնողների միջոցով»,- ասում է տիկին Բախշյանը ու բերում այլ օրինակներ իր դպրոցից: «Օրինակ, դպրոցական համազգեստը մեր դպրոց մտավ առանց ստիպելու եւ մեծ ջանքերի, որովհետեւ աշակերտական խորհուրդը որոշեց, որ ամեն դասարան ինքը կատարի իր համազգեստի ընտրությունը…»,- հավելում է մեր զրուցակիցը: Նա կարծում է, որ մազ կտրելու համար, ամեն դեպքում, չարժեր ուսուցչին ազատել աշխատանքից. «Ինձ հետաքրքիր է, թե հրամանի մեջ ի՞նչ է գրված, Աշխատանքային օրենսգրքի ո՞ր կետով են ազատել: Դպրոցի տնօրենը կարող էր չհեռացնել, եթե սոցիալական ցանցերի բունտը կարգավորեր՝ հարցը բոլոր կողմերի հետ քննարկելով: Ի դեպ, Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանն էլ նույն հեռուստահաղորդման մեջ ասաց, թե ուսուցիչը սխալ է արել: Իսկ ահա այն դեպքում, երբ Երեւանի թիվ 27 դպրոցի գործող տնօրենը մանկավարժական խորհրդի ժամանակ զրպարտել ու ուսուցչին ասել էր «գլուխդ պատով կտաս»՝ միայն այն բանի համար, որ որպես դասղեկ առանց իր գիտության ծնողական ժողով է հրավիրել, պետք է նվազագույնը քաղաքապետարանի կրթության վարչության պետի կողմից մանկավարժական խորհրդի առաջ հրավիրվի պատասխանատվության, եւ նման տնօրենները, ովքեր չեն կարող սանձահարել՝ ուսուցչին նվաստացնելու իրենց մեջ բուն դրած մղումները, պետք է մարդու արժանապատվությունը վիրավորելու համար պատժվեն օրենքով: Այս դեպքի հետ կապված ես սպասում եմ քաղաքապետին ուղղած նամակիս պատասխանին»: