Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պաշտպանական ճառերը սկսվեցին

Հոկտեմբեր 11,2011 00:00

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Գագիկ Ավետիսյանի նախագահությամբ, սկսվեց Գագիկ Մաթեւոսյանի («Մուսկուլ Գագոյի») եւ մյուսների գործով պաշտպանական ճառերի ունկնդրումը: Հիշեցնենք, որ 6 անձի նկատմամբ առաջադրվել է մեղադրանք՝ ՊԵԿ-ի նախագահ Գագիկ Խաչատրյանի դեմ մահափորձի, ապօրինի զենք-զինամթերք պահելու, իշխանության ներկայացուցչի դեմ կատարված հանցագործությունների համար:
Մինչ ճառերը, դատարանը արձանագրեց, որ երկու պաշտպաններ բացակայում են դատական նիստից: Դատարանը դա համարեց փաստաբանների կողմից անհարգալից վերաբերմունք, իսկ նրանց բացակայությունը չխոչընդոտեց, որպեսզի դատական նիստը շարունակվի:
Դատավորը դիմեց Գ. Մաթեւոսյանի պաշտպան Անահիտ Եսայանին՝ ճառի համար: Պաշտպանն ասաց, որ պատրաստ չէ, քանի որ պատշաճ ժամանակ է իրեն անհրաժեշտ ճառին պատրաստվելու համար: Դատարանը դա դիտեց ճառից հրաժարում եւ խոսքը տվեց բանդայի անդամ համարվող Վազգեն Կարապետյանի պաշտպանին: Վերջինս միջնորդեց, որպեսզի իր պաշտպանյալն արդարացվի: Պաշտպանը տեղեկացրեց, որ նախաքննության փուլում Վ. Կարապետյանը պաշտպան չի ունեցել, անգամ դատաքննության փուլում հայտարարել է, որ գտնվում է հացադուլի մեջ, եւ որ իր նկատմամբ սպառնալիքներ են հնչում: 2009թ. մայիսի 27-ին՝ իր ձերբակալման օրը նա հայտարարել է, որ իրեն մեղսագրված արարքի հետ առնչություն չունի, ավելին, չի ճանաչում «բանդայի» անդամներին:
Կարապետյանն ունի 3 երեխա, ստացել է բազմաթիվ պատվոգրեր, «Արիության մեդալ»՝ Արցախի եւ ՀՀ սահմանների պաշտպանության համար: Նա նախաքննության ժամանակ ասել էր, որ մարտական ընկերների հետ հանդիպելը չի նշանակում, թե հանդիպում է բանդայի անդամների հետ:
Պաշտպանն ուշադրություն հրավիրեց առերեսումներին: Առերեսվողներն ունեցել են իրենց պաշտպանները, իսկ Կարապետյանն ինքնուրույն է պաշտպանվել, քանի որ հանրային պաշտպան էլ չեն տրամադրել: Խմբի անդամների կողմից Կարապետյանին նյութական աջակցություն չի եղել, իսկ Գագիկ Խաչատրյանի անունը Կարապետյանը խոստովանել է, որ լսել է իրեն բռնելուց հետո:
Պաշտպանական ճառով հանդես եկավ նաեւ Արայիկ Ոսկանյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել