Նվեր Պողոսյանը, ի տարբերություն այլ պաշտոնյաների, կգոհանա, եթե թերթը ներողություն խնդրի
«Ժողովուրդ» թերթի ուրբաթ օրվա՝ հոկտեմբերի 7-ի «Մարզպետը կաշառք է վերցրել» հրապարակման համաձայն, Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը մարզի Թթուջուր գյուղի դպրոցի պատմության ուսուցչի թափուր տեղի համար հայտարարված մրցույթում իր վարորդի միջոցով 3000 դոլար կաշառք է վերցրել, որ ապահովի հավակնորդներից մեկի՝ Արթուր Մխիթարյանի հաղթանակը: Նյութում մի քանի անգամ նշված է, որ Նվեր Պողոսյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ է: Ու թեեւ նյութում բերված է նաեւ մարզպետի պարզաբանումը, թե «ես հերյուրանքներին չեմ պատասխանում, ես առաջին անգամ եմ լսում դրա մասին», նյութի հրապարակումից հետո Նվեր Պողոսյանը ընդդեմ թերթի իր բարի համբավը արատավորելու հայց է ներկայացրել դատարան:
Այս դեպքը շատ նման է «Առավոտի» դեմ հայցերին, երբ պարզաբանում տված պաշտոնյան հետո դիմում է դատարան: Ուստի փորձեցինք Գեղարքունիքի մարզպետից պարզաբանում ստանալ տեղի ունեցածի եւ ունեցողի մասին:
Նվեր Պողոսյանը ասաց, որ թերթը պարտադիր պետք է ներողություն խնդրի, քանի որ «տեսնելով, որ մեր կուսակցության վարկանիշը բարձր է՝ ցանկացել են վիրավորել ինձ, իմ կուսակցությանը եւ ցեխ շպրտել մեզ վրա: Բայց չեն կարողանա: Ես մինչեւ վերջ գնալու եմ»: Թերթը ներկայացրել է ուսուցչի թափուր տեղի մրցույթին մասնակցած քաղաքացու՝ Աննա Թորոսյանի բողոքը: Ավելի ճիշտ չէ՞ր լինի բարի համբավը արատավորելու հայցը ներկայացնել ոչ թե թերթի, այլ՝ Աննա Թորոսյանի դեմ, հարցրինք Գեղարքունիքի մարզպետին: «Ինձ թերթն է վիրավորել: Թերթը պարտավոր էր ճշտել տեղեկությունը, որ այս վիճակում չհայտնվեր: Ես այդ մրցույթից, այդ քաշքշուկներից տեղյակ չեմ, չգիտեմ՝ որտեղից են այդ խոսակցությունները եկել: Ես թերթին եմ դատի տալիս, թող թերթն էլ դատի տա Աննային»:
Թերթին բողոքած քաղաքացին՝ Աննա Թորոսյանը, ինչպես ասվեց, ասել է, որ մարզպետի վարորդն է փողը վերցրել: Հնարավո՞ր է, որ վարորդը իրոք փող վերցներ, չարաշահեր մարզպետի անունը, մեր այս հարցին ի պատասխան Նվեր Պողոսյանը ասաց. «Ես դա բացառում եմ, իմ ու իմ վարորդի հարաբերությունները այդպիսին չեն: Այդ մարդը իմ վարորդն է 1996 թվականից: Բացառվում է, որ նա նման քայլի գնար»:
Մարզպետից հարցրինք նաեւ, գուցե դատարան գնալուց առաջ արժե՞ր զրուցել հրապարակման մեջ հիշատակված անձանց հետ՝ փորձել պարզել իսկությունը: «Ոչ մի բան չեմ ուզում պարզել: Ով մեղավոր է, թող նա էլ դատարանում պատասխան տա: Ես վիրավորված եմ ու պաշտոնապես հայտարարում եմ, որ Թթուջուր գյուղի դպրոցի պատմության ուսուցչի թափուր տեղի մրցույթից տեղյակ չեմ»,- ասաց Նվեր Պողոսյանը:
Այսօր մի շարք պաշտոնյաներ՝ առավելապես իշխող կոալիցիոն կուսակցություններից, թերթերի դեմ դատական հայցեր են ներկայացնում, միլիոնների հասնող գումարներ պահանջում ու պնդում, որ այդ գումարի կարիքը չունեն, ուղղակի իրենց պատիվն են պաշտպանում: Այս առիթով բազմիցս ասվել ու գրվել է, որ սա ոչ իշխանահաճո թերթերի դեմ իշխանական հալածանքների նոր դրսեւորում է, թերթերին ֆինանսական ծանր դրության մեջ գցելու եւ սնանկացնելու փորձ: Նվեր Պողոսյանը, սակայն, չի կարծում, թե «Ժողովուրդ» թերթի դեմ դատական հայց ներկայացնելով՝ կդասվի թերթերին ճնշող պաշտոնյաների շարքում: «Մնացածի հետ համեմատելի չէ, ինձ փորձում են մեղադրել ծանր հանցագործության մեջ: Ճշմարտությունն է կարեւոր: Ես գումար չեմ ուզելու: Կարեւորը, որ թերթը ներողություն խնդրի»:
Թերթը մեղադրանքներ պարունակող «Մարզպետը կաշառք է վերցրել» նյութում մարզպետի պատասխանն էլ է ներառել՝ մեղադրանքները հերյուրանքներ են: Չի՞ նշանակում սա արդյոք, որ թերթը պահել է հավասարակշռությունը, լսել երկու կողմերին էլ եւ ըստ այդմ՝ դատարանում մարզպետը թույլ դիրքեր է ունենալու: «Ես չեմ կարծում, որ իմ դիրքերը թույլ են, եթե թույլ լինեին՝ մեր խոսակցությունը չէր լինի»,- ասաց Նվեր Պողոսյանը:
Նախքան մարզպետ դառնալը Նվեր Պողոսյանը 28 տարի աշխատել է ոստիկանությունում եւ իրավաբանի տեսանկյունից նայելով խնդրին՝ ասաց. «Սա տակից գլուխ զրպարտանք է: Իրենք էլ են համոզված: Չգիտեմ ինչ ճանապարհներով փորձում են մեղա գալ: Ես կբավարարվեմ, եթե ներողություն խնդրեն»:
Զանգվածային լրատվության մասին օրենքի համաձայն, որեւէ հանցագործության մասին հրապարակումը դատախազությունը կարող է ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին, նյութեր նախապատրաստել եւ գործին ընթացք տալ: Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը հույս ունի, որ իրեն կաշառք վերցնելու մեղադրանք վերագրող նյութը չի վրիպի դատախազության աչքից ու երեքից մեկը՝ թերթը, ուսուցիչ դառնալու համար կաշառք տված քաղաքացին կամ կաշառք վերցրած մարզպետը կպատժվի: Հայաստանում քրեորեն հետապնդելի է ինչպես կաշառք վերցնելը, այնպես էլ կաշառք տալն ու սուտ մատնությունը: