Երեկ Երեւանի քաղաքապետարանի շենքի առջեւ հավաքվել էին Աբովյան փողոցի վերջնամասի՝ շրջանայինի գետնանցումի կրպակատերերը: Նրանք քաղաքապետարանից պահանջում էին գետնանցումը աճուրդով վաճառած մրցույթի արդյունքները հրապարակել: Գետնանցումի կրպակատերերը դեռ օգոստոսին, երբ տեղեկացել էին քաղաքապետարանի՝ գետնանցումը վաճառելու որոշման մասին, բոլոր կրպակատերերով միացել ու ընկերություն էին (ՍՊԸ) ստեղծել եւ մասնակցել գետնանցումի աճուրդին: Այդ ընկերության տնօրեն Արամ Մխիթարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենց մոտեցել է միայն կառավարության ներկայացուցիչներից մեկը. «Կառավարությունից մեկը իջավ, ասեց, թե ով էլ առնի, ձեզ չի նեղացնի: Նշանակում է՝ ամեն ինչ անում են, որ մեզ չվաճառեն: Կգնի մի մարդ, ով թանկ գներով մեզ վարձակալության կտա մեր կրպակները, դրա դեմ ենք պայքարում»:
Այս առնչությամբ Երեւանի քաղաքապետարանի լրատվական վարչությունից «Առավոտին» տեղեկացրին, որ այդ մրցույթի արդյունքները դեռ ամփոփվում են, դրանք կհրապարակվեն առաջիկայում՝ մրցույթի անցկացումից 1 ամիս հետո: Հիշեցնենք, մրցույթը տեղի էր ունեցել սեպտեմբերի 19-ին: