Օրերս Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) հաշվի առնելով այն, որ մեր երկրում սեռերի համամասնությունն անհամաչափ է, եւ տղաներն ավելի շատ են ծնվում, քան աղջիկները, կոչ արեց ուսումնասիրել այդ երեւույթը: Միեւնույն ժամանակ ԵԽԽՎ-ն հորդորեց ընդունել համապատասխան օրենք, որով կկանխվեն սեռի պատճառով արհեստական վիժեցումները: Հայաստանում ծնվող տղաները 112-ն են, իսկ աղջիկները՝ 100, ու դա այն դեպքում, երբ սեռերի բնական համամասնությունը պետք է լինի 105 տղա եւ 100 աղջիկ: Այս երեւույթը մեր երկրում բազում քննարկումների առիթ է դարձել եւ երեկ այս թեմայով նաեւ ասուլիս էր հրավիրվել, որի ժամանակ մանկաբարձ-գինեկոլոգ Մարինե Ոսկանյանը հայտնեց, որ, իսկապես, կանայք հաճախակի են դիմում հղիության արհեստական ընդհատման, երբ իմանում են, որ երրորդ կամ երկրորդ երեխան հերթական աղջիկն է ծնվելու: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին փոխնախարար Կարինե Հակոբյանի կարծիքով էլ, այդ խնդիրը կա ու լուրջ է, իսկ պատճառն այն է, որ «հայի մենթալիտետն է աղավաղվել». «Իմ հաստատ համոզմամբ, կանայք հղիության արհեստական ընդհատման են դիմում կրթություն չունեցող, չզարգացած ընտանիքներում: Մյուս պատճառը հավատի պակասն է: Իրական քրիստոնյան նման քայլի չի գնա, չի սպանի երեխային»: Կ. Հակոբյանը կողմ արտահայտվեց, որ ոլորտը կարգավորող օրենսդրություն ստեղծվի: Իսկ Մ. Ոսկանյանի խոսքերով, աբորտների իսպառ արգելման դեպքում, միեւնույն է, կգտնվեն մարդիկ, կգտնվեն բժիշկներ, որոնք կգնան այդ քայլին, կդիմեն աբորտի: Նշենք, որ ԵԽԽՎ-ի հայտարարությունից հետո, առողջապահության նախարարությունը սկսել է ուսումնասիրել այս հարցերը:
Այն մասին, որ մարդիկ անցանկալի հղությունից ազատվելու մեթոդ, միեւնույն է, կգտնեն, կարդացեք վաղվա «Առավոտում»: