Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀԻՎԱՆԴԸ ԻՍԿԱԿԱՆ ՈՒ «ԿԵՂԾ» ԲԺԻՇԿՆԵՐ Է ՋՈԿՈՒՄ

Հոկտեմբեր 11,2011 00:00

\"\"Պոլիկլինիկաներում մարդկանց զգուշացնում են, որ եթե մի քանի տեղ հաշվառվել են, կարող են ավտոմատ դուրս մնալ բոլոր տեղերից ու զրկվել ամբուլատոր բուժծառայություն ստանալու հնարավորությունից:

Մեր տեղեկություններով՝ այս օրերին մայրաքաղաքի պոլիկլինիկաներում մեծ խառնաշփոթ է՝ կապված հիվանդների հաշվառման հետ: Ստացվել է այնպես, որ մի մարդը հաշվառված է մի քանի պոլիկլինիկաներում՝ մի քանի բժիշկների մոտ: Այսինքն՝ 1 հիվանդի համար հնարավոր է պետբյուջեից գումարներ են փոխանցվում մի քանի ամբուլատոր բուժհաստատություններ:
Ինչպես հիշում ենք, երբ Հայաստանում ներդրվեց ընտանեկան բժշկության համակարգը, որ բուժհիմնարկում ինչ անձնագիր ընկնում էր բժիշկների ձեռքը՝ տվյալները գրանցում էին ու հիվանդին, այսպես ասած, «իրենցով անում»: Հիվանդների քանակից էր կախված լինելու բժշկի աշխատավարձը, ուստի ինչքան շատ մարդու տվյալ ունենային՝ այդքան մեծ աշխատավարձ կստանային: Հենց այդտեղից էլ եկել է այս խնդիրը, եւ արդյունքում՝ երկրում հիվանդների տվյալների իսկական շիլաշփոթ է ստացվել: Մարդ կա, որ հղիության համար հաշվառվել է մի հիվանդանոցում ու առանց իր իմացության դարձել այդ հիվանդանոցի ինչ-որ իքս բժշկի պացիենտը, այն դեպքում, երբ ոչ տեսել է այդ բժշկին, ոչ էլ երբեւէ լսել է նրա մասին, առավել եւս՝ չի այցելել նրա մոտ ու նրա ծառայություններից չի օգտվել:
Որոշ բժիշկների՝ մեծ աշխատավարձ ստանալու ցանկության համար այսօր խնդիրների մեջ են ընկնում հասարակ քաղաքացիները, ովքեր բանից անտեղյակ՝ ստիպված են այսուայն կաբինետներով անցնել, փաստաթղթեր հավաքել, որ ապացուցեն, թե իրենք իրականում որ բժշկի մոտ են բուժվում: Թերապեւտների մոտ հսկայական ցուցակներ կան՝ հիվանդների անուն-ազգանունների, որոնք կրկնվում են նաեւ այլ պոլիկլինիկայի տվյալների բազայում: Այդ հիվանդները հիմա պոլիկլինիկայի բուժծառայություններից օգտվելու համար ստիպված են եռյակ թուղթ հանել, տանել տարբեր պոլիկլինիկաներ, որտեղ թյուրիմացաբար կամ ոչ թյուրիմացաբար իրեն գրանցել են, բռնացնել պոլիկլինիկայի վարիչին, կնքել տալ թուղթը, պոլիկլինիկայի համակարգիչների միջից ջնջել տալ իր անունը, նոր եռյակ թուղթը վերադարձնել իր իսկական բժշկին: Հակառակ դեպքում այդ հիվանդը կարող է ավտոմատ կերպով մնալ «օդում», այսինքն՝ դուրս մնալ բոլոր պոլիկլինիկաներից: Համենայնդեպս, պոլիկլինիկաներում կրկնակի գրանցում ունեցող հիվանդներին այդպես են զգուշացնում ու հորդորում շտապ այլ գրանցումներից դուրս գալ:
Մենք քաղաքապետարանից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ է հիմա ճշգրտվում այդ ամենը, եւ արդյո՞ք պոլիկլինիկաների կողմից պետական միջոցների յուրացում է տեղի ունեցել՝ հիվանդների թվի հաշվով: Քաղաքապետարանի առողջապահության վարչության պարզաբանմամբ՝ իրականում ոչ մի խառնաշփոթ չկա, եւ պոլիկլինիկաներն աշխատում են նորմալ աշխատանքային ռեժիմով: Ավելին՝ յուրաքանչյուր տարի հոկտեմբեր ամսից սկսած, պոլիկլինիկաներում իրականացվում են սպասարկվող ազգաբնակչության հաշվառման եւ թվաքանակի ճշտման աշխատանքներ, այսինքն՝ որեւէ արտառոց բան չկա: Ինչ վերաբերում է գումարների յուրացմանը, ըստ քաղաքապետարանի՝ «Կրկնակի գրանցումներ հայտնաբերելու դեպքում, ՀՀ ԱՆ ՊԱԳ-ի կողմից ավելի ֆինանսավորում չի կատարվում։ Բուժհիմնարկների ղեկավարներն իրենք են շահագրգռված կրկնությունների բացառման մեջ, քանի որ այդ դեպքում չեն ֆինանսավորվի: Բնակիչները սպասարկվում են անվճար այն հիմնարկներում, որտեղ տեղափոխվել են համապատասխան կտրոններով: ՀՀ առողջապահության նախարարությունը Երեւան քաղաքի պոլիկլինիկաների ֆինանսավորումն իրականացնում է Երեւան քաղաքի ազգաբնակչության թվաքանակին համապատասխան, որը տրամադրվում է յուրաքանչյուր տարի ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից։ Այդ իսկ պատճառով ավելի ֆինանսավորում չի կատարվում, իսկ յուրացման մասին խոսելն ավելորդ է»։
Քաղաքապետարանից նաեւ տեղեկացրին, որ իրենք որեւէ ժամկետ չեն դրել պոլիկլինիկաների առաջ, դա շարունակական գործընթաց է:
Հիմա աշխատանքներ են տարվում, որ համակարգչային ծրագիրը կատարելագործվի, եւ մի քանի տեղ գրանցված հիվանդներին հայտնաբերեն ոչ թե տարվա վերջում, այլ՝ դա պարզել անմիջապես բնակչի տվյալները հավաքագրելու ժամանակ եւ բացառել կրկնակի գրանցումները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել