Բայց խոստացավ վերադառնալ
Մինչ հեռանալը՝ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը մի շարք հայտարարություններ արեց, մասնավորապես նշելով իրենց այդ ակցիայի ամենից կարեւոր նվաճումը՝ «2008 թվականի մարտի 1-ի սպանդից եւ ընդդիմության համակիրների դեմ սանձազերծված դաժան քաղաքական հալածանքներից հետո երկրում հաստատված վախի մթնոլորտի հաղթահարումը»: «Շուրջօրյա նստացույց-հանրահավաքի բանաձեւ» վերնագրված փաստաթղթում, որը ներկայացրեց արտախորհրդարանական ընդդիմության լիդերը, ասվում է, որ ՀԱԿ միջոցառումները ցույց տվեցին, որ Կոնգրեսն է միակ ուժը, որն իրոք սահմանադրական կարգի վերականգնման խնդիր է դրել իր առջեւ՝ արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների միջոցով իշխանափոխության հասնելու համար. «Ներկա միջոցառումը լիովին բացահայտեց վճռական գործողությունների կոչ անող եւ այդ կապակցությամբ Կոնգրեսին օրնիբուն մեղադրող ուժերի, անհատների, տարատեսակ վերլուծաբանների սնանկությունը: Երբ Կոնգրեսը իսկապես դիմեց վճռական քայլի՝ ինչպիսին շուրջօրյա նստացույցն ու ամենօրյա հանրահավաքներն են, այդ մարդիկ պարզապես չքացան ասպարեզից»: Խոսք կա նաեւ առկախված երկխոսության մասին: Տեր-Պետրոսյանը հայտարարել է. «Սկսելով շուրջօրյա հանրահավաքները՝ ՀԱԿ-ը պատրաստակամություն հայտնեց դրանց զուգընթաց վերսկսել առկախված երկխոսությունը իշխանության հետ, սակայն վերջինիս կատարյալ անհաղորդությունը մեզ ստիպեց անիմաստ համարել այս բանակցությունների շարունակումը, միաժամանակ, սակայն, հայտարարելով, որ եթե կոալիցիոն պատվիրակությունը իր սեփական նախաձեռնությամբ դիմի մեզ, մենք չենք հրաժարվի գոնե քննարկել երկխոսության վերականգնման հնարավորությունը, որը ես, սակայն, համարում եմ արդեն շատ քիչ, որովհետեւ սա էլ, կարծեք, դադարել է այժմեական լինել: Նույնիսկ արտահերթ նախագահական, խորհրդարանական ընտրություններն են դադարել այժմեական լինել: Այսօրվանից մեր գլխավոր, հիմնական, միակ լոզունգը լինելու է Սերժ Սարգսյանի անհապաղ հրաժարականը»:
Կոալիցիա-ՀԱԿ աշխատանքային խմբի անդամ, ԱԺ ֆինանսաբյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը «Առավոտին» ասաց. «ՀԱԿ լիդերը ասում է, թե երկխոսությունը դադարել է այժմեական լինել: Մինչդեռ մենք մնում ենք երկխոսության կողմնակից՝ որպես ներքաղաքական խնդիրների կարգավորման միակ արդյունավետ ճանապարհ եւ միջոց: Եվ այդ միջոցի գործարկման համար ՀԱԿ-ը պիտի փոխի իր այն դիրքորոշումը, որ երկխոսությունն այժմեական չէ: Ես հիմա արտահայտում եմ իմ անձնական տեսակետը եւ ոչ թե աշխատանքային խմբի տեսակետը, որովհետեւ մենք նման քննարկում չենք ծավալել»: Ըստ Գագիկ Մինասյանի. «Ակնհայտ է դառնում, որ ՀԱԿ-ի ակնկալիքներն այդ հանրահավաքից չարդարացան: Կարեւոր է, թե ինչ հետեւություններ կանի ՀԱԿ ղեկավարությունն այդ իրողությունից: Ընդհանրապես, վերջին շրջանում ՀԱԿ-ի կողմից կատարվող որոշումների մեջ կարելի է նկատել մի հետեւողական գիծ՝ իրականությունից կտրված որոշումներ են կայացվում՝ սկսած երկխոսությունն ընդհատելու մասին որոշումից: Լավագույնը, որ կարելի է անել այս ամեն ինչից հետո, իրողության վերագնահատումն է եւ դրա հիման վրա ճիշտ որոշումներ կայացնելը: Ես վստահ եմ, որ ՀԱԿ-ում կան ուժեր, որոնք այլ կերպ են ընդունում իրողությունը: Կարեւոր է, որ ՀԱԿ-ը՝ որպես ընդդիմության որոշակի հատված, ճիշտ որոշի իր տեղը եւ դերը ներքաղաքական խճանկարում: Եթե իր որոշած տեղը եւ դերը կապված են միայն պատրանքների հետ, անպայման խնդիրներ է ունենալու եւ դրանք փորձելու է բարդել ուրիշների վրա»:
Կոալիցիայի աշխատանքային խմբի ԲՀԿ-ական անդամ Վարդան Բոստանջյանի կարծիքով. «Իրենց իրավունքն է, որ ավելի չափազանցված պատկերացնեն իրենց «նվաճած» արդյունքները՝ որպես գլխավոր ընդդիմություն լինելու, որպես սահմանադրական կարգը շատ ուժեղ պաշտպանելու եւ այլնի, բոլոր դեպքերում զանգվածներին կոնսոլիդացնելու, իրենց շուրջը հավաքելու մասին գնահատականներ կարող են լինել, բայց կարծում եմ, որ այդ գնահատականները փոքր-ինչ չափազանցված են: Ինչ վերաբերում է երկխոսությունը շարունակելուն, ապա, անկախ ամեն ինչից, սա քաղաքական առումով կարեւորագույն միջոցներից մեկն է ամենազանազան հարցերի գնահատման, արժեւորման, եթե հնարավոր է՝ որոշակի հարցերում համատեղ լուծումներ որոնելու առումով: Ինչ վերաբերում է վերջին ակորդին՝ կշարունակվի երկխոսությունը, թե ոչ, կարծում եմ, որ իշխանությունն այդքան հուզված չի այդ առումով»: