ՀԱԿ-ին մաս կազմող կուսակցության նախագահի համոզմամբ՝ դա խիստ գնահատական կլիներ, թեեւ մտածելու բան կա
Հայ ազգային կոնգրեսը անցած շաբաթ օրը նույնքան անսպասելիորեն դադարեցրեց Ազատության հրապարակում իր նախաձեռնած շուրջօրյա հանրահավաքները, որքան անսպասելիորեն դրանք սկսել էր սեպտեմբերի 30-ին: Ակցիայի դադարեցումն անսպասելի էր հենց թեկուզ այն իմաստով, որ դրա անցկացման 8 օրերի ընթացքում Կոնգրեսի ներկայացուցիչները հարթակից հանդես էին գալիս հասարակությանն ու հատկապես հրապարակում հավաքվող եւ գիշերող մարդկանց ոգեւորող ելույթներով ու դեռ նոր ուժերի համախմբման կոչերով: Այս ֆոնին շուրջօրյա ակցիաների դադարեցումը պիտի առնվազն շատ ծանրակշիռ լիներ, ասենք՝ իշխանությունների կողմից ՀԱԿ-ին եւ հասարակությանն ուղղված երկխոսությունը վերականգնելու խնդրանքը, ինչը չեղավ: Այս հարցի շուրջ «Առավոտը» զրուցեց ՀԱԿ-ին մաս կազմող «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի հետ:
– Ինչպե՞ս եք գնահատում ՀԱԿ-ի նախաձեռնած շուրջօրյա ակցիայի արդյունքը եւ պատկերացնում Կոնգրեսի առաջիկա անելիքները:
– Շատ բարդ հարց եք տալիս: Կարծում եմ՝ դա դեռ պետք է վերլուծել: Լեւոն Տեր-Պետրոսյանը հանրահավաքում իր գնահատականը տվեց: Ես հիմնականում կիսելով այն՝ նաեւ ասեմ, որ, իմ տպավորությամբ, Երեւանի քաղաքացիները, կարծես, դեռ վախի զգացողություն ունեն կամ էլ, միգուցե, վստահ չեն իրենց ակնկալած քայլերի հաջողությանը: Երկու գործոնն էլ կա՝ հավասարապես: Այդ առումով խնդիրներ ունեն ե՛ւ Կոնգրեսը, ե՛ւ մեր հասարակությունը: Ճիշտ է՝ ասվեց, որ մարտի 1-ից հետո շուրջօրյա հանրահավաքները կոտրեցին այդ վախը, բայց ես այդքան էլ համոզված չեմ, որ վախի մթնոլորտը վերջնականապես կոտրված է:
Ինչ վերաբերում է արդյունավետությանը, ապա՝ այդ գործընթացներին ակտիվորեն մասնակցած մեր կուսակցության եւ անձամբ իմ սպասելիքներն ավելի շատ էին: Մենք ակնկալում էինք, որ շուրջօրյա հանրահավաքի երրորդ օրվանից պիտի լուրջ էսկալացիա լիներ, ինչը չեղավ:
– Չեղավ ակցիայի մասնակիցների՞ մեղքով, որովհետեւ նրանք քիչ էին, թե՞ համապատասխան ազդակը չեղավ:
– Երեւի չէինք սպասում, որ իշխանությունները Երեւանը մեկ շաբաթ բլոկադայի կենթարկեին: Իհարկե, միաժամանակ մտածում եմ, որ երեւանցիները կարող էին մասնակցել այդ ակցիաներին, բայց Երեւանը շատ պասիվ գտնվեց: Երեւի ինչ-որ իմաստով չկարողացանք երեւանցիներին հասանելի լինել: Խնդիրն այսօրվա դրությամբ ինձ համար դեռեւս անհասկանալի է:
– Ձեր կարծիքով՝ Կոնգրեսն ինքը արդյունավետ քարոզչություն ծավալե՞ց այդ ակցիաների մասին իրազեկելու իմաստով: Նախկին հանրահավաքներից առաջ, մասնավորապես՝ գարնանը, որքան հիշում եմ, ՀԱԿ ներկայացուցիչներն ավելի լայնածավալ քարոզչություն էին իրականացնում, նաեւ Ձեր մասնակցությամբ բակային հանդիպումներ էին նախորդում: Այս անգամ նման աշխատանք, կարծես թե, չէր տարվել:
– Եթե մենք կարողանայինք Ազատության հրապարակից դուրս վարչական տարածքներում կամ կենտրոնական փողոցներում ակցիաներ անել, միգուցե, Երեւանը գար հրապարակ: Բայց եղել է այն, ինչ եղել է, ցավոք:
– Այդուհանդերձ, ո՞րն էր շուրջօրյա հանրահավաքի արդյունքը:
– Արդյունքն այն էր, որ կարողացանք մեր ռեսուրսը փորձարկել: Կարծում եմ՝ Կոնգրեսը պիտի մտածի անժամկետ շուրջօրյա նստացույցեր եւ հանրահավաքներ նախաձեռնել՝ փորձելով դասեր քաղել անցած 8 օրվա գործընթացից: Հակառակ պարագայում, եթե բանը հասնի հերթական ընտրություններին, ապա մեր գործը՝ նկատի ունեմ ե՛ւ Կոնգրեսի, ե՛ւ հասարակության, շատ ավելի բարդ կլինի: Չմոռանանք, որ այսօր մի կողմում վարչախումբն է՝ իր բուրգով, մյուս կողմում՝ մեր ժողովրդի 80 տոկոսը, եւ կապ չունի, թե այդ մեծամասնությանը Կոնգրե՞սը, թե՞ մի այլ ուժ կառաջնորդի՝ չնայած, որ այս պահին Կոնգրեսն է ավանգարդում, եւ առաջիկայում չեմ էլ տեսնում որեւէ այլ ուժի, որ կարող է խաղի մեջ մտնել:
– Շաբաթ օրվա հանրահավաքում Կոնգրեսի առաջնորդ Տեր-Պետրոսյանը հայտարարեց, թե երկխոսության վերականգնման հնարավորությունը քննարկելը, «ինչպեսեւ արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները, դադարել են այժմեական լինել», եւ առաջ քաշեց Կոնգրեսի գլխավոր կարգախոսը՝ «Սերժ Սարգսյանի անհապաղ հրաժարականը»: Կարծում եք, դա ավելի խի՞ստ պահանջ է, քան արտահերթ ընտրություններ անցկացնելը:
– Լեւոն Տեր-Պետրոսյանը վերջին հանրահավաքի ժամանակ, որն ավելի մարդաշատ էր, քան սեպտեմբերի 30-ինը, փոխեց կարգախոսը՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջ դնելով: Այսինքն՝ արտահերթ ընտրություններ, այսպես, թե այնպես, պետք է լինեն: Եթե նախկինում մտածում էինք, որ իշխանությունները միգուցե հասկանում են ընթացող գործընթացների լրջությունը, Հայաստանի ծանր վիճակը եւ կարող են երկխոսության ճանապարհով արտահերթ ընտրությունների գնալ, ապա վերջին հանրահավաքին Տեր-Պետրոսյանի կողմից պահանջ փոխելը, ըստ իս, արդարացված էր: Բանն այն է, որ եթե նախկինում մեր հասարակությունը հնարավոր է, որ տատանվում էր, ապա ավելի խիստ պահանջ առաջ քաշելու դեպքում նա կարող է գալ հրապարակ՝ հաշվի առնելով նաեւ վախի մթնոլորտի հաղթահարված լինելը, որը, կարծես, մասամբ լուծվեց այդ շուրջօրյա հանրահավաքներով: Այսինքն՝ խստացնելով եւ կարգախոսը փոխելով՝ հնարավոր է, որ հասարակությունը գա հրապարակ:
– Շատերի գնահատմամբ, ՀԱԿ-ի շուրջօրյա նախաձեռնությունը, ըստ էության, այս մի փուլում տապալվեց:
– Դա բավականին խիստ գնահատական է: Ես կարծում եմ, որ այն լուրջ վերլուծության տեղիք տվեց, եւ եթե Կոնգրեսը կարողանա դրանից դասեր քաղել, ապա առաջիկայում էլ, կարծում եմ, ՀԱԿ-ին այլընտրանք չենք ունենա: Մենք մի բան հստակ գիտենք՝ հասարակությունը մեծ մասամբ՝ 70-80 տոկոսը, վարչախմբից դժգոհ է: Հիմա խնդիրն այն է, որ կարողանանք լեզու գտնել այդ զանգվածի հետ, որպեսզի այդ դժգոհների գոնե կեսը գա հրապարակ: Այսօրվա դրությամբ, գարնանային մարդաշատ հանրահավաքներից հետո, մենք խնդիր ունենք եւ պետք է հասկանանք՝ այդ խնդիրը մե՞ր, հասարակությա՞ն, թե՞ իշխանության զոռբայության մեջ է: Բոլոր դեպքերում վերլուծություն պետք է կատարվի: Կարծում եմ՝ սրանով աշխարհը չի վերջանում, պրոցեսներ են ընթանում, եւ միեւնույն է՝ այլընտրանք չկա. բոլոր ռեժիմները վերջ ունեն, եւ հայաստանյան ռեժիմը եւս բացառություն չէ: Կարծել, որ իշխանությունները դեմքով կշրջվեն դեպի ժողովուրդը՝ անցած 4 տարին էլ ցույց տվեց, անհույս է:
– Կոնկրետ Դուք ինչպե՞ս եք տեսնում Կոնգրեսի հետագա պայքարը:
– Խնդիրն այն է, որ Կոնգրեսը բազմակուսակցական կառույց է, եւ յուրաքանչյուր կուսակցության կառույցի տեսակետն ու առաջարկը կարող է ընկալվել, երբ այն ընդունվի մեծամասնության կողմից: Այդ առումով դժվար է ինչ-որ բան ասել: Մեր կուսակցությունն առաջիկայում քաղխորհրդի նիստ է գումարելու, կարծում եմ՝ դա կլինի մինչեւ հաջորդ հանրահավաքը, որի ընթացքում մեր մոտեցումը կհստակեցնենք: Բայց անձամբ իմ կարծիքն այն է, որ պետք չէ հուսախաբ լինել. պետք է դուրս գալ Երեւանի փողոցները, այցելել վարչական տարածքներ, եւ այն կարգախոսը, որը Տեր-Պետրոսյանը ներկայացրեց, մատուցել հասարակությանը եւ նորից վերադառնալ Ազատության հրապարակ: Հակառակ դեպքում, կարծում եմ, շատ կուշանանք եւ կհասնենք հերթական ընտրություններին, որը բոլորիս համար կանխատեսելի սցենար կունենա: