Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ-Ն ԱՆԴՐԱԴԱՐՁԱՎ ԾԱՅՐԱՀԵՂ ՊՈՌՆՈԳՐԱՖԻԱՅԻՆ

Հոկտեմբեր 11,2011 00:00

\"\"ԵԽԽՎ-ում այս հարցի քննարկման ժամանակ կարծիք հնչեց, որ սոցիալական կայքերում աշակերտների լուսանկարներն ու անձնական  տվյալները հրավերներ են մանկապիղծների համար:

«Գործընկերս Մոլդովայի պատվիրակությունից երեկ հարցրեց, թե ինչ հարցեր են այսօրվա օրակարգում, եւ իմ կարճ պատասխանն էր՝ պոռնոգրաֆիան: Նա կարծեց, թե դա քաղաքական վատ կատակ էր: Ցավոք, այդպես չէր»,- պատմեց ԵԽԽՎ պատվիրակներից մեկն իր ելույթում:
Հոկտեմբերի 5-ին Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների գործունեության մասին քննարկումից առաջ ԵԽԽՎ-ն ավելի բուռն քննարկեց երկու զեկույցներ, որոնցից մեկը վերաբերում էր մանկական պոռնոգրաֆիայի դեմ միջազգայնորեն համակարգված գործողությունների անհրաժեշտությանը, մյուսը կոչվում էր. «Բռնի եւ ծայրահեղ պոռնոգրաֆիա»: Առաջին զեկույցում մասնավորապես առաջարկվում է «մանկական պոռնոգրաֆիա» տերմինի փոխարեն օգտագործել «երեխաների շահագործման պատկերներ» բնորոշումը՝ հուսալով, թե այսպիսով հնարավոր է փոխանցել այն գաղափարը, որ նման նկարները հանցագործության անմիջական հետեւանք են: Նաեւ առաջարկվում է, որ նման պատկերներ դիտելը որակվի հանցանք բոլոր երկրներում: Ի դեպ, քննարկման ընթացքում հրապարակվեցին տվյալներ, որ նման պատկերների շուրջ 40%-ի ծագումնաբանությունն ԱՄՆ-ից է, նույնքան՝ Եվրոպայից, եւ 20%-ը՝ աշխարհի մնացած մասերից: «Այս թվերն ակնհայտ են դարձնում, որ ամենամեծ խնդիրներն ունեն առավել քաղաքակիրթ երկրները»,- հայտարարեց այս հարցով զեկուցողը:
ԵԽԽՎ կանանց եւ տղամարդկանց հավասար հնարավորությունների հանձնաժողովի նախագահ Մենդես Բոթան (լուսանկարում) հայտարարեց, թե պոռնոգրաֆիայի կապակցությամբ երկու գերակայություն պետք է հաշվի առնել. «Մեկն արտահայտման ազատությունն է: Նրանք, ովքեր աջակցում են պոռնոգրաֆիայի նկատմամբ ազատական մոտեցմանը՝ պնդում են, թե չափահասներն ազատ են՝ ընտրելու ժամանցի այն տեսակը, որը նախընտրում են»: Ըստ նրա՝ մյուս կողմից հարկ է պաշտպանել հանրության այն շերտերին, որոնց համար պոռնոգրաֆիան կարող է լինել վնասակար. «Առաջին հերթին՝ երեխաներին, բայց նաեւ, մեր կարծիքով, կանանց: Այն, ինչի մասին խոսում ենք այսօր, սակայն, պոռնոգրաֆիան չէ ընդհանուր առմամբ, այլ պոռնոգրաֆիկ պատկերների մի տեսակը, որոնք ունեն բռնի կամ զզվելի բնույթ»: Ավելի հստակեցրեց, թե տարիների ընթացքում կանանց մերկ եւ սեքսուալ պատկերների նկատմամբ հանդուրժողականության շեմը շատ է փոխվել. «Բայց երբ խոսքը բռնության, խոշտանգումների եւ խեղումների, կանանց նվաստացնելու պատկերների մասին է կամ անասնապղծության եւ դիապղծության՝ իրոք կարո՞ղ ենք հանդուրժել դրանք: Մենք չպե՞տք է մտածենք այն ազդեցության մասին, որ այս ամենը կարող է ունենալ դրանք դիտողի եւ ընդհանրապես սոցիալական միջավայրի վրա»: Մենդես Բոթան նշեց, որ բռնի եւ ծայրահեղ պոռնոգրաֆիան ոչ միայն վնասակար է, այլ նաեւ «ժառանգաբար վտանգավոր», քանի որ հավանականություն կա, թե բռնությունը աստիճանաբար կարող է համարվել սովորական մի բան:
Քննարկման ընթացքում հայտարարությամբ հանդես եկավ ՄԱԿ-ի Երեխաների վաճառքի, մանկական մարմնավաճառության եւ մանկական պոռնոգրաֆիայի հարցերով հատուկ զեկուցող Նաժաթ Մաալա Մժիդը, որը պահանջեց՝ ֆինանսական ընկերությունները պիտի արգելափակեն այն ընկերությունների եւ անհատների հաշվեհամարները, որոնք կասկածվում են մանկական պոռնոգրաֆիայում մասնակցության մեջ:
Քննարկման ընթացքում առանձնապես ակտիվ էին Գերմանիայի պատվիրակները, որոնցից մեկը՝ ԵԽԽՎ սոցիալիստների խմբի անունից ելույթ ունեցող տիկին Ռուպպեխթը կոչ արեց, որ ԵԽ անդամ երկրները վերանայեն իրենց օրենսդրությունը, օրինակ՝ նախատեսելով նման օրենքներ, որոնք կարգելափակեն քարտերի օգտագործումը համացանցի միջոցով մանկական պոռնոգրաֆիայի արտադրանք գնելիս. «Գերմանիան արդեն քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ»:
Ռումինիայից մի պատվիրակ վկայակոչեց հարցման արդյունքներ, ըստ որի՝ աշակերտների 86%-ը նշել է, թե իրենք հաշիվ ունեն առնվազն մեկ սոցիալական կայքում. «Նրանց անձնական տվյալները եւ լուսանկարները հրավերներ են մանկապիղծներին»: Իսկ մի հույն պատվիրակ էլ անհրաժեշտ համարեց, որ անհապաղ արգելվեն համապատասխան կայքերը եւ ավելացվեն ֆիլտրեր. «Անհրաժեշտ է ձեւավորել եւ պահպանել քողարկված կայքեր՝ որսալու այդ հանցագործներին»:
Ընդունված բանաձեւում նշվում է, որ Եվրոպայի խորհրդի անդամ երկրները պետք է պատրաստ լինեն կիրառել այնպիսի միջոցներ, ինչպիսիք են արգելափակումը կայքերի, որոնք պարունակում են ապօրինի բովանդակություն եւ կարող են խթանել հետաքրքրություն բռնի եւ այլասերված սեռական գործունեության նկատմամբ: Եզրափակիչ ելույթում պրն Մենդես Բոթան հայտարարեց. «Այն մարդկանց, ովքեր համարում են, թե սա խոսքի ազատության հարց է, մենք պետք է ասենք՝ ոչ, սա խոսքի ազատության չարաշահում է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել