Ըստ ռեժիսորի, աստվածացնելով տեխնոլոգիաները՝ օտարանում ենք զգացմունքներից
Հոկտեմբերի 8-ին Միացյալ Թագավորության Proto-type թատրոնի ռեժիսոր Պետեր Պետրելիայի «Երրորդ անձ՝ Բոննի եւ Քլայդ» (3D մուլտիմեդիա) ներկայացումով կփակվի 9-րդ «Հայֆեստ» միջազգային փառատոնը: Ներկայացումը ցուցադրվելու է երկու օր՝ հոկտեմբերի 7-ին եւ 8-ին: Մինչ անգլիական ներկայացման պրեմիերան, բեմադրության ռեժիսորը հանդիպեց լրագրողներին: Պ. Պետրելիայի փոխանցմամբ, «Երրորդ անձ՝ Բոննի եւ Քլայդ» ներկայացումը իրական՝ հանրահայտ քրեական սիրո պատմության վրա հիմնված բեմադրություն է. «Այն երեք տարի շարունակ Ամերիկայում բանկեր թալանող եւ սպանություններ կատարող Բոննի Փարկեր եւ Քլայդ Բարոու սիրահար զույգի մասին է: Նրանց պատմությունն ավարտվեց հանկարծակի, երբ 1934 թվականին Լուիզիանայում ոստիկանությունը դարանակալեց եւ սպանեց նրանց: Ոչ ոք տեղյակ չէ մանրամասներին, սակայն նրանց քրեական սիրո պատմությունը դարձավ լեգենդ ողջ աշխարհում: Ներկայացման մեջ վկայությունների, անձնական պատմությունների, բամբասանքների, վավերացումների, վիդեոների եւ նկարների հիման վրա զույգի պատմությունը վերաշարադրվում է՝ բացահայտելով այն դրդապատճառները, որոնց շնորհիվ այս տխրահռչակ սիրահարների կյանքի ու մահվան պատմությունը տարիներ շարունակ հմայում է հանդիսատեսին: 1934 թվականի դեպքից հետո նրանք հերոսների կերպարներ ստացան եւ կուռք դարձան ամերիկացիների համար: Կան շատ գրքեր, ֆիլմեր, պատմություններ այդ զույգի մասին: Բեմադրությունը ավելի շատ պատմության ներկայացում է, քան պատմություն: Նպատակն է՝ հասկանալ, թե ինչո՞ւ է ժողովուրդը այդքան սիրում նրանց, երբ նրանք մարդասպաններ են եւ ո՛չ հերոսներ»: Ըստ ռեժիսորի, ներկայացումը որքան հանրահայտ զույգի, այնքան էլ զույգը մարմնավորող դերասանների մասին է. «Նրանք բեմի վրա հիմնականում քննարկում են զույգերի վարքը: Զվարճալի ներկայացում է, մի փոքր ավելի մոտ է հիմարությանը: Հետաքրքիր անցումներով լուծումներ էլ կան՝ զվարճալիից մինչեւ լուրջ դրվագներ»:
Անդրադառնալով Proto-type թատրոնին, վերջինիս համահիմնադիր Պ. Պետրելիան ասաց. «Թատրոնը երիտասարդ ընկերություն է, որը հիմնադրվել է 1997 թվականին՝ Նյու Յորքում: Ապա վերակազմավորվել է Անգլիայում՝ 2006 թվականին: «Երրորդ անձ՝ Բոննի եւ Քլայդը» առաջին անգամ բեմադրվել է 2004-ին՝ դեռեւս Ամերիկայում գործելու տարիներին: Թատրոնի վերակազմավորումից հետո միայն Մեծ Բրիտանիայում պիեսը ավարտուն տեսք է ստացել: Թատրոնը հիմնականում օրիգինալ ներկայացումներ է խաղում: Թե՛ սցենարիստը, թե՛ գրողը, թե՛ ռեժիսորը փորձում են ստեղծել այնպիսի պիեսներ, որոնք հարց են տալիս՝ ինչո՞ւ ենք այսպես վարվում: Մենք չենք լուծում այդ «ինչուի» խնդիրը, այլ միայն հարց ենք տալիս: Ձգտում ենք դուրս գալ թատերական գեղագիտության սահմաններից եւ մեր կոչն ուղղել այն հանդիսատեսին, ով հավատում է, որ պատմությունը ներկայացնելու ձեւը նույնքան կարեւոր է, որքան եւ պատմությունը: Մեր ներկայացումներում շատ են օգտագործվում մուլտիմեդիաները, չնայած հասկանում ենք, որ աստվածացնելով տեխնոլոգիաները՝ օտարանում ենք զգացմունքներից եւ դառնում մեքենաներ»: