Շախմատի «Chess Masters Final 2011» գերմրցաշարի վեց մասնակիցները Սան-Պաուլուից տեղափոխվել են Բիլբաո, որտեղ մեկնարկել է «Մեծ սաղավարտի» երկրորդ շրջանը:
Արտասահմանյան լրատվամիջոցները, սակայն, տեղեկացնում են, որ բրազիլական դիմակայության վերջին օրը ստվերվել է մի տհաճ միջադեպով: Հյուրանոցից դուրս գալիս՝ մրցաշարային աղյուսակի միանձնյա առաջատար, ուկրաինացի Վասիլի Իվանչուկի եւ նրա տիկնոջ վրա հարձակվել են ատրճանակով զինված երկու կողոպտիչներ եւ տարել ճամպրուկները, ինչպես նաեւ կնոջ ուսի պայուսակը, որի մեջ եղել է նաեւ նրա անձնագիրը: Այդ պատճառով Իվանչուկը ստիպված հետաձգել էր ուղեւորությունը Բիլբաո, իսկ կինը հարկադրված էր եղել միայնակ թողնել ամուսնուն՝ մի կերպ վերադառնալով Ուկրաինա: Այդուհանդերձ, Իվանչուկն Իսպանիա ժամանել է, ճիշտ է, երկրորդ շրջանի մեկնարկի նախորդ օրը: Սակայն դա նրան չի խանգարել, որպեսզի «Chess Masters Final»-ի 6-րդ (իսպանական փուլի՝ 1-ին) իսկ տուրում պարտության մատնի ամերիկացի Հիկարու Նակամուրային եւ ավելի ամրապնդվի առաջատարի դիրքում: Նույն օրը Ֆրանսիսկո Վալյեխո Պոնս-Լեւոն Արոնյան, Մագնուս Կարլսեն-Վիշվանաթան Անանդ պարտիաներում գրանցվել են ոչ-ոքի հաշիվներ: Տեղեկացնենք, որ Բիլբաոյում Լեւոն Արոնյանին է միացել գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը: Նա ստանձնել է Հայաստանի լավագույն շախմատիստի մարտավկայի դերը:
Երեկ յոթերորդ տուրից առաջ, որում հանդիպում էին Արոնյանն ու Կարլսենը, Վալյեխոն ու Իվանչուկը, Անանդն ու Նակամուրան, մրցաշարային աղյուսակն այսպիսի տեսք ուներ. Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա)՝ 13,0 միավոր, Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան), Լեւոն Արոնյան (Հայաստան), Մագնուս Կարլսեն (Նորվեգիա), Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)՝ 7,0-ական, Վալյեխո Պոնս (Իսպանիա)՝ 4,0: