Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տեսնում, բայց չեն նկատում

Հոկտեմբեր 08,2011 00:00

Կապանցի «տիկնիկները» երեք տարի բարություն ու մաքրություն են քարոզում, սակայն պետական աջակցություն չեն ստանում:

\"\"2009թ. հունիսի 5-ին՝ «Սպասում են դրսի օգնությանը» եւ եւ 2010 թ. ապրիլի 21-ին՝ «Դրսից օգնեցին տիկնիկներով» հրապարակումներով տեղեկացրել ենք, որ Սյունիքի մարզկենտրոն Կապանում գործող երեխաների հոգեւոր դաստիարակության եւ աջակցության «Տիկնիկ» հ/կ-ն տիկնիկային ներկայացումներով, հեքիաթային լուծումներով՝ երեխաներին մատչելի «լեզվով» անդրադառնում է կոռուպցիոն երեւույթների նկարագրմանը, բնության պաշտպանությանը եւ այլն: Սակայն ոչ հանրապետական, ոչ մարզային, ոչ էլ տեղական իշխանությունների ուշադրությանը չի արժանանում: Միայն ԱՄՆ դեսպանատան ժողովրդավարության հանձնաժողովն է դրամաշնորհ հատկացրել ու World vision-ի Կապանի տարածքային զարգացման ծրագիրը՝ ապահովելով պրոֆեսիոնալ տիկնիկներով ու անհրաժեշտ ամբողջ տեխնիկայով:
«Տիկնիկ» հ/կ հիմնադրած Կապանի մանկական տիկնիկային թատրոնն արդեն 3 տարի շարունակում է գործել ու ներկայացումներ բեմադրել՝ \"\"առանց պետական աջակցության ու տեղական իշխանությունների օգնության: Այսօր թատրոնում 17 երեխա է զբաղված:
«Երրորդ տարին է արդեն մեզ բացարձակ չեն նկատում, իրենք չգիտե՞ն, թե՞ չեն ուզում իմանալ մեր տեղը: Ամբողջ խնդիրը սա է: Գիտեն մեր գոյության մասին, բայց չնկատելու են տալիս: Օժանդակելու մասին խոսք լինել չի էլ կարող, եթե չխանգարեն՝ հերիք է: Մենք փող չունենանք էլ՝ միեւնույն է, շարունակելու ենք գոյատեւել: Լոս Անջելեսի «Կաքավիկ» մանկական հանդեսի կողմից հրավեր ենք ստացել մեկնել Արգենտինա՝ ներկայացումներ բեմադրելու, բայց ֆինանս չունենք: Իրենք չգիտեն էլ, թե մենք ինչ պայմաններում ենք գոյատեւում եւ միջոցներ չունենք հյուրախաղերի մեկնելու համար»,- ասում է թատրոնի հիմնադիր եւ ղեկավար Գրիշա Մարգարյանը:
Մեր զրուցակիցը նշում է, որ չեն հուսալքվել եւ շարունակում են ակտիվ աշխատել, արդեն իսկ առանց որեւէ օգնության ակնկալիքի: Նոր բեմադրություն են պատրաստել բնապահպանական թեմայով՝ «Կանաչ Կապան»: Առաջին անգամ Կապանի շրջակա միջավայրի պահպանմանը նվիրված բեմադրություն է արվել՝ այն էլ տիկնիկների լեզվով: Հեքիաթի հերոսները հերթով գալիս են ու թագավորին՝ Քաջ Նազարին իրենց բողոքն են արտահայտում կապանցիներից, որ քաղաքը մաքուր չեն պահում, աղտոտում են գետն ու շրջակայքը: Մի հերոս՝ Իմաստունը, անդրադառնում է հանքերի շահագործման բացասական կողմերին, բաց հանքերի, ուրանի հանքերի շահագործման դեպքում սպառնացող բնապահպանական խնդիրներին, բնակչության՝ հատկապես հղի կանանց շրջանում հիվանդացության դեպքերի  ավելացմանը, անտառհատումներին եւ այլն: «Ներկայացման մեջ ընդգրկել ենք թե հումոր, թե շատ լուրջ խոսք: Նույնիսկ Քաջ Նազարը վերջում հոգնեց հեքիաթի հերոս լինելուց: Մենք ուզում ենք իսկական հերոսներ, մեզ պետք չեն քաջնազարներ, ձախորդփանոսներ, անբանհուռիներ, մեզ պետք են պայքարող հերոսներ: Ներկայացումը նաեւ քաղաքական գործիչներին էր ուղղված»,- ասաց Գրիշա Մարգարյանը:
«Կանաչ Կապանը» ԱՄՆ դեսպանատան վերը հիշատակված փոքր դրամաշնորհային ծրագրով է արվել եւ արդեն երրորդ բեմադրությունն է: Առաջինի թեման կեղծիքն էր եւ սուտը, երկրորդինը՝ կաշառակերությունը:
«Կուզեինք հաշմանդամների ընդգրկել մանկական թատրոնում: Եթե ֆինանսական աջակցություն լինի՝ անպայման կանենք: Հաշմանդամները եւ կաշխատեն, եւ կվարձատրվեն, եւ կինտեգրվեն հասարակությանը», – հավելում է Գրիշա Մարգարյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել