Փորձարկված սցենար, որ առկա է արտերկրում
Մեր իրականությունում ձեւավորվել է մի իրավիճակ, երբ բուհերը կարծես «օտարվել» են ընդունելության քննություններից, այն գործընթացից, որով էապես կանխորոշվում է թե համալսարանների հետագա գործունեության արդյունավետությունը եւ թե զարգացման հեռանկարները: Ընդունելության քննությունները մեր հանրապետությունում վերածվել են միավորներ վաստակելու «մրցավազքի», ստվերում թողնելով այդ գործընթացի բուն իմաստը, որն ընկած է դիմորդ-համալսարան փոխհարաբերությունների հիմքում: Չեմ կարծում, որ ընդունելության քննությունների առարկաները, որոնք թեստային տարբեր սցենարներով «սերտվում» են դիմորդների կողմից, հետագայում լուրջ դերակատարում են ունենում ուսանողի համալսարանական կրթական գործընթացում: Ընդունելության առարկաները ոչինչ չեն ասում թե համալսարանական կրթության ուղղության եւ թե ընտրված մասնագիտության մասին, արդյունքում ստացվում է այնպես, որ բարձր միավորներով բուհ ընդունված ուսանողները, «կուրորեն» ընտրելով սոսկ մոդայիկ դարձած բուհեր եւ մասնագիտություններ, հենց առաջին կուրսից խոր հիասթափություն են ապրում իրենց իսկ կատարած ընտրության առիթով: Գաղտնիք չէ, որ մասնագիտության ընտրության հարցում դիմորդները չեն իրազեկվում, թե ինչ մասնագիտական հմտություններ եւ կարողություններ են ձեռք բերելու համալսարանն ավարտելուց հետո, ինչ ճակատագիր է իրենց սպասելու աշխատանքի շուկայում եւ, վերջապես, ինչպիսին է ընտրած մասնագիտության ընդհանրական բնութագիրը, որն ուղեկցելու է իրենց ողջ կյանքի ընթացքում: Այս հարցերի պատասխանները դիմորդներին պետք է տան համալսարանները, որոնք «պասիվ» դիրք գրավելով իրենց ապագա ուսանողների ընտրության հարցում, մեծ վնաս են հասցնում ընդունելության գործընթացին: Արտասահմանյան փորձը ցույց է տալիս, որ համալսարանները ամենեւին էլ անտարբեր չեն դիմորդների ներգրավման հարցում եւ ակտիվ աշխատանք են կատարում հանրակրթության ավարտական դասարաններում, ինչպես նաեւ քոլեջներում: Օրինակ, կրթության շուկայում մրցակցային դիրքեր գրավելու եւ անհրաժեշտ դիմորդներ ներգրավելու նպատակով ԱՄՆ-ում համալսարանները մասնագիտական ներածության դասընթացներ են կազմակերպում դպրոցներում, որոնք ոչ միայն կողմնորոշիչ նշանակություն ունեն հետագա դիմորդների մասնագիտության ընտրության հարցում, այլեւ կիրառական գիտելիքի կարեւորագույն աղբյուր են հանդիսանում: Այսպես, ԱՄՆ Քլիվլենդ քաղաքում ականատես եմ եղել դպրոցում «Տնտեսագիտության ներածություն» առարկայի դասավանդմանը, որի ծրագրում նախատեսված էր աշակերտներին սովորեցնել տնային տնտեսություններում ընտանեկան բյուջեի կազմման եւ ծախսման հմտությունները, որի կարիքը, ի դեպ, ունենք անգամ մենք՝ մեծահասակներս:
Եթե անդրադառնանք մեր իրականությանը, ապա պարզ կդառնա, որ հայրենական բուհերը «չեն մտնում» դպրոցներ, գրեթե ոչինչ չեն անում հանրակրթական դպրոցների աշակերտների մասնագիտական կողմնորոշման հարցում, որից տուժում են եւ համալսարանները, եւ դիմորդները: Արդյունքում՝ համալսարանի տարբեր մասնագիտական խմբերում հայտնվում են պատահական մարդիկ, որոնք չեն սիրում իրենց իսկ ընտրած մասնագիտությունը եւ ավարտելուց հետո այլ մասնագիտական զբաղմունք են գտնում: Այս առումով նպատակահարմար ենք գտնում հրաժարվել բազում նեգատիվ երեւույթներով հանդես եկող ընդունելության քննությունների գործող կարգից եւ գնալ այլընտրանքային տարբերակի:
Յուրաքանչյուր համալսարան մշակելով խոշորացված մասնագիտությունների ներածական դասընթաց, այն պետք է դասավանդի ավագ դպրոցում (ցանկալի է բուհի դասախոսների կողմից): Դասընթացի նպատակը ապագա դիմորդին մասնագիտական կարողությունների, հմտությունների լուսաբանումն է, այնպես որ, այն օգտակար եւ կիրառական լինի նաեւ դպրոցի շրջանավարտի հետագա կյանքում, անկախ նրանից, թե նա այդ մասնագիտությունը կընտրի, թե ոչ: Համալսարաններ ընդունվելիս այս պարագայում պետք է կազմակերպել ոչ թե ընդունելության քննություններ, այլ պարզապես հաշվի առնել դպրոցում կոնկրետ մասնագիտական ներածության առարկայի գնահատականը: Արդյունքում՝ բուհերը կունենան ոչ միայն ճիշտ կողմնորոշված դիմորդներ, այլեւ մասնագիտական տարրական գիտելիքներով ուսանողներ, որով էապես կբարձրանա համալսարանական կրթության արդյունավետությունը: Ընդունելության նման մոտեցման պարագայում, մեր կարծիքով կլուծվեն մի շարք հարցեր: Առաջին, վերջապես համալսարանները «տեր կկանգնեն» իրենց դիմորդներին եւ կընտրեն իրենց մասնագիտության մասին թեկուզ ոչ խորքային, բայց գոնե ընդհանրական պատկերացում ունեցող առաջին կուրսեցիների: Երկրորդ, կվերանա կրկնուսույցի արատավոր ինստիտուտը, որը ներկայումս ոչ միայն դիմորդին «օտարում» է դպրոցում ուսուցանվող հանրակրթական այն առարկաներից, որոնք ընդգրկված չեն ընդունելության քննությունների ցանկում, այլեւ դպրոցի աշակերտի ընտանեկան բյուջեում լարվածություն է ստեղծում կրկնուսույցներին վճարելիս: Պատկերացրեք, եթե կրկնուսույցներին տրվող այդ հսկայական վճարները ներառվեն ուսման վճարներում, մուտքագրվեն բուհեր եւ այնուհետեւ ծախսվեն դպրոցներում մասնագիտական ներածության դասավանդմանը, ապա արդյունքում, դրանք հարկային դաշտում հայտնվելուց բացի, կվերաբաշխվեն ոչ միայն կրկնուսույցների նեղ շրջանակում, այլեւ համալսարանական եւ դպրոցական կոլեկտիվների միջեւ: