Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՇՏՈՑԻ ՇԱՐԱԿԱՆՆԵՐԸ՝ ԱՐԾՐՈՒՆՈՒ CD-ՈՒՄ

Հոկտեմբեր 08,2011 00:00

\"\"Ակապելլա եւ կոմպոզիտորական «միջամտությամբ»

Այսօր՝ Հայ գրերի գյուտի 1606-րդ տարելիցի օրը, «Նարեկացի» արվեստի միությունում կկայանա «Մաշտոց. Սրբազան մարգարիտներ» CD-ի շնորհանդեսը: Մաշտոցի շարականների՝ մեզ հասած ոչ մեծ ժառանգությունից 11-ը ներկայացված է կոմպոզիտոր Վահան Արծրունու մեկնությամբ եւ երգչուհի Հասմիկ Բաղդասարյանի կատարմամբ:
Հ. Բաղդասարյանը Հայաստանի պետական կամերային երգչախմբի եւ «Լույս» վոկալ հնգյակի մեներգչուհի է: Վ. Արծրունին ստեղծագործական շուրջ 25 տարիների ընթացքում, հավատարիմ մնալով հայ երաժշտության ավանդույթներին, իր արվեստով հաստատում է ուրույն արժեքային համակարգ: Ստեղծագործում է ժամանակակից երաժշտության տարբեր ոլորտներում (կամերային երաժշտությունից մինչեւ ռոք, էլեկտրոնայինից՝ սիմֆոնիկ եւ երգչախմբային): Հայաստանում եւ արտերկրում բազմիցս հանդես է եկել տարբեր համերգային ծրագրերով, երաժշտություն է գրել կինոյի եւ թատրոնի համար: Չենք կարող չառանձնացնել նրա «Կոմիտաս. Տասը հայտնություն» երգաշարը՝ գրված վարդապետի բանաստեղծությունների վրա եւ Ասորական արեւելքի եկեղեցու պատարագի ու սրբազան ծեսերի մշակումները: «Տառերի գյուտից հետո, երբ առաջացան եկեղեցու ծեսերը, երգեցողությունը հայացնելու խնդիրը, Մաշտոցի ստեղծած երգերը որդեգրվեցին եկեղեցու կողմից, իսկ հետագայում մտան Շարակնոց: Ըստ բազում վկայությունների, Շարակնոցում կան շուրջ 130 մաշտոցյան բանաստեղծություններ: Մաշտոցը Սահակ Պարթեւի հետ հիմնադրել է նաեւ հայ մասնագիտական երաժշտությունը: Նրանք կարգավորել են հայոց բանավոր ժողովրդական եւ հոգեւոր ձայնեղանակներն ու օգտագործել եկեղեցական երաժշտության մեջ՝ հայ մասնագիտական երաժշտության ելեւէջումը պայմանավորելով հայոց լեզվի հնչերանգով»,- Առավոտի» հետ հանդիպման սկզբում հակիրճ տեղեկություն հաղորդեց Վ. Արծրունին: Անդրադառնալով CD-ին, նշեց, որ այս նախագիծը ներկայացնում է միաձայն մաշտոցյան շարականների՝ կոմպոզիտորի հեղինակային մեկնաբանությունը, ինչին նա հասնում է ժամանակակից ձայնագրման եւ սեմպլերային տեխնոլոգիաների համադրությամբ: Վստահեցրեց, որ երգչուհի Հ. Բաղդասարյանը հոգեւորի նուրբ զգացողությամբ եւ զուսպ արտահայտչամիջոցներով կթափանցի ունկնդրի ներաշխարհը՝ բացահայտելով շարականների մաքրագործող ու վեհացնող էությունը: CD-ում երգչուհու կատարմամբ 11 շարականները հնչում են ակապելլա եւ կոմպոզիտորական «միջամտությամբ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել