Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիան ԱՄՆ դեսպանատան հետ համատեղ հանրապետությունում շարունակում է «ԱՄՆ կրթության վերաբերյալ դասախոսությունների շարք» ծրագիրը: Ծրագրի շրջանակներում կազմակերպիչները եղել են նաեւ Սյունիքի մարզի Կապան եւ Գորիս քաղաքներում: ԱՄՆ դեսպանատան ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի նպատակն է Հայաստանի ուսանողությանը տեղեկացնել ԱՄՆ կառավարության կողմից իրենց ընձեռվող ԱՄՆ առաջատար բուհերում ուսումը շարունակելու հնարավորությունների մասին: Մայրաքաղաքից հեռու գտնվելու պատճառով մարզերի երիտասարդությունն ու ուսանողությունը սակավ է իրազեկված լինում արտասահմանում կրթությունը շարունակելու հնարավորությունների մասին:
«Այս ծրագրին ավելի ակտիվ մասնակցում է Լոռու, Շիրակի մարզերի եւ մայրաքաղաքի երիտասարդությունը: Գորիսի համալսարանում անցկացված հանդիպումից կարելի է եզրակացնել, որ նման ծրագրերի մասին տեղեկատվությունը դժվար է հասնում Սյունիք՝ պայմանավորված մայրաքաղաքից եղած հեռավորությունով: Գորիսում ավելի քիչ են տեղեկացված, քան Եղեգնաձորում, որ եղել ենք անցած ամիս: Անտեղյակության պատճառներից մեկն էլ այն է, որ Գորիսի դպրոցներում հիմնականում որպես օտար լեզու տարիներ ի վեր դասավանդվել է ֆրանսերենը, միայն վերջին տարիներին է, որ անգլերենը եւս ուսուցանվում է: Առաջին հերթին ներկայացվում են անվճար ուսուցման ծրագրերը, շեշտը դրվում է անվճար ծրագրերի վրա: Կան նաեւ վճարովի ծրագրեր, սակայն տվյալ դեպքում մենք տեղեկացնում ենք, որ կան տարբեր հիմնադրամներ թե սփյուռքում ու Հայաստանում, որոնք մասամբ կամ ամբողջովին փակում են ծախսերը: Տարեկան 10-13 հայաստանցի է սովորելու մեկնում, բայց դիմումները շատ են լինում: Հիմնական առավելությունն այն է, որ աշխարհի լավագույն ուսումնական հաստատություններում հիմնարար կրթություն են ստանում եւ դառնում տվյալ ոլորտի լավագույն մասնագետ»,- ասում է «Համալսարանական կրթությունը ԱՄՆ-ում» ծրագրի համակարգող Ալեքսանդր Շագաֆյանը: