Բայց մեղավորը համայնքապետերն են
Հոկտեմբերի 6-ին Տավուշի մարզխորհրդի նիստում քննարկված հարցերից մեկը մարզպետարանի ինտերնետային նոր կայքի վիճակն էր: Մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչ Անի Մելիքսեթյանը նշեց, որ նորաբաց կայքում տեղեկատվության մեծ պակաս կա, որը հնարավոր է լրացնել միայն համայնքների ղեկավարների հետ համագործակցելով, քանի որ կայքում մի ամբողջ բաժին իր 9 ենթաբաժիններով տրամադրված է համայնքներին: Նրա խոսքով՝ մարզի 62 համայնքապետարաններից 33-ը դեռեւս տեղեկատվություն չի տրամադրել կայքի «Համայնքի ղեկավար եւ ավագանի» բաժնի համար, շատ համայնքապետարաններ չեն ներկայացրել համայնքի ղեկավարի եւ ավագանու որոշումները: Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը հավելեց, որ կայքը աշխատանքի նոր ձեւ է, իրենց համար էլ հեշտ չէ: «Ձեզ քննադատում են, թերթում էլ գրվեց, շատերը դա վատ են ընդունում, սակայն պետք չէ վատ ընդունել»,- մարզպետարանի վարչությունների պետերին ասաց Արմեն Ղուլարյանը՝ նկատի ունենալով մարզպետարանի կայքում տեղ գտած սխալների վերաբերյալ «Առավոտում» տպագրված մեր հոդվածը՝ «Առավոտ», 17 սեպտեմբերի՝ «Թարմացված, բայց սխալաշատ»: