Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՐԱՏՎԱԿԱՆ ՍԽԱԼՆԵՐ՝ ԿԱՊԱՆԻ ԱՅԳԻՆԵՐԸ ՄԱՔՈՒՐ ՉԵՆ

Հոկտեմբեր 08,2011 00:00

\"\"Անգամ նոր բացված պուրակում արդեն աղբ ու կոտրված նստարաններ կան

Սյունիքում շատ են պատմական ու տեսարժան վայրերը, որոնք ցանկացած հյուրի կամ զբոսաշրջիկի անշուշտ հետաքրքիր են: Բնականաբար, բացառություն չէ նաեւ Սյունիքի Կապանի տարածաշրջանը: Իսկ ահա Կապան քաղաքում նմանատիպ վայրերը քիչ են, եղածներն էլ ներկայիս տեսքով ոչ թե հանգստյան գոտու կամ տեսարժան վայրի են նման, այլ՝ տեսքից ընկած ու աղբով պատված տարածքների, որտեղ մարզկենտրոն ժամանած ցանկացած այցելուի կամ կապանցու աչքից վրիպել չի կարող կանաչի, հուշարձանի, մանկական խաղային կարուսելի ու աղբի աններդաշնակ մեկտեղումը:
Կապանի Գարեգին Նժդեհի անվան համալիրը այն վայրերից է, որտեղ մարզկենտրոն ժամանած գրեթե բոլոր հյուրերին են ուղեկցում, պատմում Նժդեհի սխրանքների, հերոսության մասին, այգու ստեղծման մասին: Այս ամենը մի տեսակ խամրում է, երբ տեսնում ես զբոսայգին աղբով լի, համալիրի հնամաշ, կիսադատարկ ցուցանակները, ջարդված լուսատուները, կիսակոտրած նստարաններն ու անխնամ տարածքը: Նախկինում բավականին լավ տեսք ուենցած, ծաղիկներով ու կանաչապատ, խնամվող ու պահպանվող զբոսայգին՝ այժմ կարծես ամբողջովին անուշադրության է մատնվել:
\"\"Գարեգին Նժդեհի անվան համալիր մեր այցելության պահին զբոսայգում ամենուր դատարկ շշեր, ցելոֆաններ, ծխախոտի տուփեր եւ այլ աղբ տեսանք: Տպավորությունն այնպիսին է, որ այստեղ վաղուց մաքրություն չեն արել: Մեր այցելությունից մի քանի օր անց աղբը հավաքվեց: Տվյալ թաղամասի աղբարկղերում ու դրանց հարեւանությամբ էլ էր աղբը օրերով թափված մնացել:
Կապանի աղբահանության գործընթացում, ցավոք, հետընթաց կա: Նժդեհի զբոսայգու հարեւանությամբ լճում եւ դրա ափերին ժամանակին շատերն էին հանգստանում: Հիմա այստեղ լողալ ցանկացողների թիվը տարեցտարի նվազում է, ինչը պայմանավորված է լճի անհրաժեշտ մաքրության ու տարածքի պահպանման, լուսավորության ու հանգստյան գոտուն բնորոշ պայմանների բացակայությամբ: Մի քանի նստարանով եւ երկու հանդերձասրահով հարց չի լուծվում: Բազմիցս ենք ականատես եղել, թե ինչպես են երեխաներն ու մեծահասակները լողում կեղտոտ ջրում, լճի միայն մի հատվածն է մութ ժամերին լուսավորվում, լույսն էլ հաճախ անջատվում է այն ժամանակ, երբ լճում դեռ լողացողներ են լինում: Այգում էլ քիչ չեն դեպքերը, երբ լույսերն անջատվում էին այն ժամանակ, երբ այգում դեռ շարունակվում է աշխուժություն տիրել, փոքրերն ու մեծերը դեռ զբոսնում են, հյուր եկածները լուսանկարվում են եւ այլն:
Վազգեն Սարգսյանի անվան զբոսայգուց ու Նժդեհի անվան համալիրից բացի, քաղաքում այգիներ չես գտնի: Արամ Մանուկյան փողոցում նախկին ջրավազանի տարածքը վերածվել է շինհրապարակի, երիտասարդ ընտանիքների համար բնակարաններ են ուզում կառուցել, չնայած այստեղ հանգստյան գոտի կառուցելու լավագույն վայր էր: Բայց «Աջակցություն երիտասարդ ընտանիքների բնակարանաշինությանը» ծրագիրը դադարեցվեց, նախկին լողավազանի տարածքում հիմք է փորված, գեղեցիկ պաստառ է տեղադրված, շինարարություն չի ընթանում, քանի որ հարեւանությամբ հոսող գետից ջրերը լցվում են այն փոսի մեջ, որը պետք է շենքի հիմք դառնար, իսկ նման պայմաններում որեւէ շինարարություն անել հնարավոր չէ: Արդյունքում ոչ լիճը կա, ոչ երիտասարդ ընտանիքների համար շենք: Կապանցիներն էն գլխից դժգոհ էին շենքերի կառուցման համար տարածքի ընտրությունից: Շատերի սրտով չէր, որ քաղաքի ամենալավագույն հանգստյան գոտի ծառայելու հնարավորություն ունեցող տարածքը պետք է վերածվի բնակարանային համալիրի («Առավոտ», 7 հունիսի 2011՝ «Շինաշխատանքները դադարեցված են», https://www.aravot.am/am/articles/regions/95348/view):
Իսկ Շահումյան փողոցում հոկտեմբերի 1-ին Խաղաղության պուրակը բացվեց, որի վրա, ըստ պաշտոնական տվյալների, ծախսվել է 54 միլիոն դրամ: Շատ կապանցիներ վստահ են, որ այդքան ներդրումների պարագայում այլ պուրակի կարելի էր սպասել՝ ավելի գեղեցիկ ու ճարտարապետական այլ գրավչություն ունեցող՝ այսօրվա հասարակ խաղահրապարակի ու անշուք պուրակի փոխարեն: Ընդամենը մեկ շաբաթ է անցել, իսկ խաղահրապարակի նստարաններից մի քանիսն արդեն ջարդվել են, այգին աղբով է պատվում, այնինչ՝ այստեղ 16 աղբաման կա: Շահումյան փողոցի բնակիչներից մեկը մեզ հետ զրույցում նշեց, որ ամեն առավոտ արթնանում է, աղբային տեսարանի բախվում ու աղբի միջով աշխատանքի գնում: «Բնակիչները կուլտուրա չունեն, մաքուր չեն պահում, գալիս են այգի, աղբը լցնում շրջակայքը եւ թողնում-գնում»,- զայրանում էր կապանցին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել