Համոզված են մեղադրանքը պաշտպանող դատախազները
Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ավարտվել է Գ. Մաթեւոսյանի, Ռ. Մատումյանի, Ա. Ղուկասյանի, Վ. Կարապետյանի, Ա. Ոսկանյանի եւ Գ. Գրիգորյանի գործով դատավարությունը: Մեղադրող դատախազը հանդես է եկել մեղադրական ճառով՝ հիմնավորված համարելով զինված բանդա կազմավորելու եւ մի քանի հարձակումներ նախապատրաստելու համար առաջադրված մեղադրանքները: Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ ստորեւ ներկայացնում ենք մեղադրական ճառի որոշ հատվածներ: Այսպես. մեղադրանքը դատարանում պաշտպանած դատախազների գնահատմամբ՝
Քրեական գործի մինչդատական վարույթի ընթացքում պարզվել է, որ Գագիկ Մաթեւոսյանը, 2006թ. կեսերից սկսած, ձեռնամուխ է եղել քաղաքացիների, պաշտոնատար անձանց եւ կազմակերպությունների վրա հարձակվելու եւ այլ հանցագործություններ կատարելու նպատակով կազմակերպված կայուն զինված հանցավոր խումբ՝ բանդա ստեղծելուն, օգտագործելով դիվերսիոն եւ հետախուզական գործունեության հմտությունները, որոնք ձեռք է բերել «Չղջիկներ» հատուկ նշանակության ստորաբաժանման կազմում Հայաստանի սահմանամերձ շրջանների եւ Լեռնային Ղարաբաղի պաշտպանությանն ուղղված մարտական գործողությունների ընթացքում՝ հանդիսանալով դրա հրամանատարներից մեկը:
Գագիկ Մաթեւոսյանը բանդայի կազմում հավաքագրել է քիմիայի, տեխնիկայի եւ էլեկտրոնիկայի բնագավառների գիտելիքներով օժտված մարդկանց՝ Արտակ Ղուկասյանին, պատերազմի մասնակից, ՀՀ ՊՆ հատուկ նշանակության ստորաբաժանման նախկին սպա Վազգեն Կարապետյանին, ինչպես նաեւ իր մարտական ընկերներ Արայիկ Ոսկանյանին եւ Գրիգոր Գրիգորյանին։
Գագիկ Մաթեւոսյանը հանցավոր խմբում պահպանել է կարգապահություն եւ երբեմն անձնական նախաձեռնությամբ, իսկ առանձին դեպքերում այլ անձանց պատվերով ծրագրել է ծանր եւ առանձնապես ծանր հանցագործություններ, մշակել է դրանց իրագործման պլաններ եւ բանդայի անդամների ներգրավմամբ իրականացրել անհրաժեշտ նախապատրաստական գործողություններ ու միջոցառումներ, բանդայի անդամների միջեւ կատարել է դերաբաշխում, որոշելով նրանցից յուրաքանչյուրի դերակատարումն ու մասնակցությունը կոնկրետ հանցագործության նախապատրաստմանը կամ կատարմանը, իսկ որոշ դեպքերում, բացահայտումից խուսափելու նկատառումներով, զերծ է մնացել հանցավոր մտադրությունների իրագործումից կամ հետաձգել է դրանց իրականացումը: Բանդայի կազմում ընդգրկված անձինք, ըստ դերաբաշխման, մասնակցել են հանցագործություններ կատարելուն ուղղված գործողություններին, անձամբ ձեռք են բերել կամ պատրաստել են կոնկրետ հանցագործությունների կատարման համար անհրաժեշտ պարագաներ, այդ թվում՝ արգելված պայթուցիկ եւ թունավոր նյութեր, մասնակցել են դրանց փորձարկումներին, ինչպես նաեւ իրենց հատուկ հմտություններով, գիտելիքներով, տեղեկատվությամբ, խորհուրդներով եւ այլ միջոցներով օժանդակել ու աջակցել են բանդայի հանցավոր նպատակների իրագործմանը, առանձին հանցագործությունների ընթացքում ապօրինի կերպով իրենց մոտ պահել եւ կրել են հրազեն ու ռազմամթերք:
Գագիկ Մաթեւոսյանը, բանդան զինելու նպատակով, տարբեր աղբյուրներից ապօրինի ձեռք է բերել, բանդայի անդամների համար որպես հավաքատեղի հարմարեցված վայրերում եւ թաքստոցներում պահել եւ ըստ անհրաժեշտության փոխադրել եւ կրել է հրազեն հանդիսացող «ՌՊԿ» մոդելի 1980 ԱՎ 8723 ձեռքի գնդացիրը, ինքնաշեն եղանակով պատրաստված եւ ձեռնափայտի տեսքով քողարկված ակոսավոր հրազենը, 5.45 մմ տրամաչափի ինքնաշեն ակոսավոր դիպուկահար հրացանը, 7.62 մմ տրամաչափի «ԱԿ» տեսակի ինքնաձիգը, ինչպես նաեւ ռազմամթերք հանդիսացող «ԱԿ-47» եւ 7,62 մմ տրամաչափի այլ զենքերից կրակ արձակելու համար նախատեսված 329 փամփուշտ, «ԱԿ-74», «ՌՊԿ» եւ 5.45 մմ տրամաչափի այլ զենքերից կրակ արձակելու համար նախատեսված 30 փամփուշտ, «Ֆ-1» տեսակի մարտական բեկորային ձեռքի 3 նռնակները եւ դրանց համար նախատեսված «ՈՒԶՌԳՄ» եւ «ՈՒԶՌԳՄ-2» տեսակի 2 պայթուցիչները, «ԿԴ-8Ա» տեսակի հրապատիճ-դետոնատորը, «Զարյա-Մ» տեսակի լուսաձայնային նռնակը, «ՍՄ» տեսակի 10 ազդանշանային ականները, միանգամյա օգտագործման խորհրդային եւ արտասահմանյան արտադրության մեկական նռնականետերը, «ՕՇՊ» տեսակի հրահաղորդ լարը, գործարանային արտադրության դետոնացնող 48 ռելեները, 25.709 գրամ քաշով «պլաստիդ» տեսակի ինքնաշեն պայթուցիկ նյութը եւ փշրող գործողության պայթուցիկ նյութի՝ տրոտիլի 200 գրամ եւ 400 գրամ քաշով 68 պայթաղյուսները: Գագիկ Մաթեւոսյանը բանդայի կարիքների համար կուտակել է նաեւ մեծ քանակությամբ սառը եւ նետողական զենքեր, հատուկ նշանակության հանդերձանք եւ միջոցներ՝ զրահաբաճկոններ, դիմակ-գլխարկներ, հետապնդումը դժվարեցնելու եւ անվադողերը ծակելու համար նախատեսված ցցեր՝ «ոզնիներ», քողարկման եւ անճանաչելի դառնալու համար նախատեսված թատերական շպարման պիտույքներ՝ կեղծամներ, բեղեր եւ այլն։ Ըստ ձեռք բերված ապացույցների՝ ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության օպերատիվ-հետախուզական վարչության պետ Շահեն Հովասափյանի սպանությունից մոտ մեկ ամիս առաջ, Գագիկ Մաթեւոսյանը Վազգեն Կարապետյանին նկարագրել է Շահեն Հովասափյանի բնակության վայրը եւ հանձնարարել է հետեւել նրա բոլոր տեղաշարժերին, սակայն տեղեկանալով նրանց միջեւ դեռեւս պատերազմի տարիներին հաստատված բարյացակամ փոխհարաբերությունների մասին, հրահանգել է Վազգեն Կարապետյանին դադարեցնել իր հանձնարարականի կատարումը։
Այնուհետեւ, տեղեկանալով, որ «Արմենիան մոլիբդեն պրոդակշն» ՓԲ ընկերության աշխատակիցները յուրաքանչյուր ամսվա առաջին շաբաթվա ընթացքում ծառայողական ավտոմեքենայով տեղափոխում են ընկերության ողջ անձնակազմին վճարվող ամսական աշխատավարձը եւ ծրագրելով ավազակային հարձակմամբ հափշտակել առանձնապես խոշոր չափերի հասնող այդ գումարը, Գագիկ Մաթեւոսյանը Վազգեն Կարապետյանին ցույց է տվել ընկերության տնօրինության ներկայացուցիչներ, եղբայրներ Կարեն եւ Արա Կարապետյանների՝ Երեւանի Աղբյուր Սերոբի փողոցի 3-րդ շենքում գտնվող բնակարանների պատշգամբները, հանձնարարելով հարձակման համար բարենպաստ ժամանակն ու ուղիները պարզելու նպատակով հետեւել տների անցուդարձին եւ նրանց ծառայողական ավտոմեքենայի տեղաշարժերին, խոստանալով հափշտակության բարեհաջող իրականացման դեպքում 50.000 ԱՄՆ դոլարի չափով վարձատրություն։ Միեւնույն ժամանակ՝ նույն բնակարանները ցույց է տվել նաեւ Արտակ Ղուկասյանին, առաջարկելով նրան միջոցներ ձեռնարկել ստանալու համապատասխան գազ, այն փականի անցքով դեպի բնակարան մղելու եւ դրա բնակիչներին վնասազերծելու համար։ Արտակ Ղուկասյանը որպես տարբերակ առաջարկել է պատրաստել «ֆոսգեն» տեսակի հեղձուցիչ գազ: Սակայն որոշ ժամանակ անց, վերլուծելով Վազգեն Կարապետյանից դիտարկումների արդյունքում ստացած տեղեկությունները, Գագիկ Մաթեւոսյանը, բացահայտումից խուսափելու նպատակով, հրաժարվել է նաեւ այդ հափշտակությունն իրականացնելու մտադրությունից։
Նույն ժամանակաընթացքում Գագիկ Մաթեւոսյանը, նպատակ ունենալով առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակել ՀՀ Նախագահի աշխատակազմի գործերի կառավարչի տեղակալ Վարուժան Գրիգորյանի եւ նրա դստեր՝ «Փեթակ» տոնավաճառի սեփականատեր Լուսինե Գրիգորյանի՝ Երեւանի Նորքի 2-րդ նրբանցքի 78 հասցեում գտնվող առանձնատնից, Արտակ Ղուկասյանին մատնացույց է արել առանձնատունը, հանձնարարելով պարզել այնտեղ մուտք գործելու հնարավոր ուղիները, սակայն հաշվի առնելով տարածքի տեսահսկման համակարգի առկայության մասին Արտակ Ղուկասյանից ստացած տեղեկությունը, հրաժարվել է նաեւ այդ հափշտակությունն իրականացնելու մտադրությունից։
2007թ. աշնանը Գագիկ Մաթեւոսյանը, քննությամբ չպարզված անձի 100.000 ԱՄՆ դոլարի դիմաց, պատվերով Արտակ Ղուկասյանի հետ ձեռնամուխ է եղել ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի 1-ին տեղակալ, «Մետրոշինվերանորոգում» ՓԲ ընկերության հիմնադիր Հրանտ Բեգլարյանի սպանության նախապատրաստմանը։ Այդ նպատակով Արտակ Ղուկասյանին հայտնել է Հրանտ Բեգլարյանի ծառայողական ավտոմեքենայի մակնիշն ու պետհամարանիշը եւ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության դիմաց այն կայանելու տեղը, հանձնարարելով վաղ առավոտյան դիրքավորվել մոտակայքում եւ պարզել Հրանտ Բեգլարյանի աշխատավայր գալու հստակ ժամը, նրան դիմավորողների կամ ուղեկցող թիկնապահների առկայության հանգամանքը, հստակեցնել մուտքի համեմատ ծառայողական ավտոմեքենայի դիրքավորումը, ինչպես նաեւ հավաքել եւ նոթատետրում գրառել է «Մետրոշինվերանորոգում» ՓԲ ընկերության մյուս հիմնադիրներ Հրաչյա Մինասյանի եւ Հրանտ Հախնազարյանի բնակության վայրերի եւ նրանց կողմից շահագործվող ավտոմեքենաների վերաբերյալ տվյալները:
Սպանության նախապատրաստության ընթացքում Գագիկ Մաթեւոսյանը հավաքելով իրեն հետաքրքրող տվյալները, հանցագործության կատարումը հետաձգել է, մինչեւ վերջնական որոշման կայացումը։
Բացի այդ, 2008թ. ամռանը Գագիկ Մաթեւոսյանն իր ծանոթ Ռաֆայել Մասումյանի միջնորդությամբ, Ռոբերտ Երիցյանից ստանալով 150.000 ԱՄՆ դոլար, վարձատրության դիմաց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի սպանությունն իրականացնելու պատվեր եւ միջնորդի հետ համաձայնության գալով վարձատրության գումարից 10.000 ԱՄՆ դոլարը թողնելու նրան որպես միջնորդավճար, ձեռնամուխ է եղել սպանության նախապատրաստմանը։ Սպանությունն իրագործելու նախընտրելի եղանակ համարելով թունավորումը, 2008թ. հունիսին Արտակ Ղուկասյանին հայտնել է սպանության պատվերի մասին եւ առաջարկելով խոստացված 100.000 ԱՄՆ դոլար վարձատրության գումարը հավասար կիսել միմյանց միջեւ՝ հանձնարարել է միջոցներ ձեռնարկել խիստ թունավոր որեւէ քիմիական նյութ պատրաստելու համար եւ այդ նպատակով վերջինիս համապատասխան նյութերի ձեռքբերման համար տրամադրել է անհրաժեշտ դրամական միջոցներ։ Սակայն Գագիկ Մաթեւոսյանը պարզել է, որ Գագիկ Խաչատրյանի ծառայողական ավտոմեքենայի դուռը, որպես կանոն, բացում է նրան ուղեկցող թիկնապահը, հրաժարվել են սպանությունը թունավորման եղանակով իրագործելու սկզբնական մտադրությունից եւ փոխարենը սկսել են մշակել սպանությունն ուղղորդված գործողության ինքնաշեն պայթուցիկ սարքավորման գործարկման միջոցով իրականացնելու տարբերակը, այնուհետեւ Գագիկ Խաչատրյանի ծառայողական ավտոմեքենան զրահահար-հրձիգ փամփուշտներով լիցքավորված ինքնաձիգով գնդակոծելու տարբերակը, սակայն սպանությունը՝ բանդայի անդամների կամքից անկախ հանգամանքներով, ավարտին չի հասցվել, քանի որ կիսակառույց շենքի պահակ Ալեքսան Ղազարյանի կողմից պայթուցիկ սարքավորումը հայտնաբերվել է եւ այն ուսումնասիրելու ժամանակ պայթուցիկ լիցքից դուրս եկած էլեկտրադետոնատորը պայթել է, որի հետեւանքով վերջինիս առողջությանը պատճառվել է միջին ծանրության վնաս՝ առողջության տեւական քայքայումով:
Այսպիսով, մեղադրող դատախազներ՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդակւան Մ. Սարգսյանը եւ ՀՀ գլխավոր դատախազության ազգային անվտանգության մարմիններում քննվող գործերով վարչության պետի տեղակալ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Հ. Սարգսյանը միջնորդել են.
1.Ամբաստանյալ Գագիկ Գաբրիելի Մաթեւոսյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 1-ին մասով, 34-305-րդ հոդվածով, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ եւ 8-րդ կետերով, 34-185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 236-րդ հոդվածի 3-րդ մասով, 275-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ դատապարտել ազատազրկման՝ 15 տարի ժամկետով:
2. Ամբաստանյալ Ռաֆայել Սուրենի Մասումյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-305-րդ հոդվածով եւ 329-րդ հոդվածի 1-ին մասով ու դատապարտել ազատազրկման՝ 14 տարի ժամկետով:
3. Ամբաստանյալ Արտակ Հովհաննեսի Ղուկասյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 1-ին մասով, 34-305-րդ հոդվածով, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ եւ 8-րդ կետերով, 34-185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 236-րդ հոդվածի 3-րդ մասով, 275-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ դատապարտել ազատազրկման՝ 11 տարի ժամկետով:
4. Ամբաստանյալ Վազգեն Ստեփանի Կարապետյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 1-ին մասով, 34-305-րդ հոդվածով, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ եւ 8-րդ կետերով, 34-185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 236-րդ հոդվածի 3-րդ մասով եւ դատապարտել ազատազրկման՝ 13 տարի ժամկետով:
5. Ամբաստանյալ Արայիկ Էդիկի Ոսկանյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 1-ին մասով, 34-305-րդ հոդվածով, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ եւ 8-րդ կետերով, 34-185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 236-րդ հոդվածի 3-րդ մասով, 275-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ դատապարտել ազատազրկման՝ 12 տարի ժամկետով:
6. Ամբաստանյալ Գրիգոր Համբարձումի Գրիգորյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 2-րդ մասով եւ դատապարտել ազատազրկման՝ 7 տարի ժամկետով:
Մեղադրական ճառում դատախազները վերլուծել են նախաքննության եւ դատաքննությամբ ձեռք բերված ապացույցները եւ ներկայացրել վերը թվարկված մեղադրյալներից յուրաքանչյուրին առաջադրված մեղադրանքների հիմնավորող ապացույցները:
Մեղադրական ճառին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ ՀՀ դատախազության ինտերնետային էջի «Օրվա լրահոսից» բաժնում: