Վրաստանում հայկական պատվիրակության այցելած բոլոր երեք կարեւորագույն կառույցներում էլ կոռուպցիան նվազագույնի էր հասցված:
ՀՀ ՎՊ-ի պաշտոնյաները վարորդական իրավունքի քննություն են հանձնում:
Ի. Զաքարյանին իր անվան տառերով վեց հազար դոլարանոց պետհամարանիշ նվիրեցին:
Ամիսներ առաջ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Վրաստանի բարեփոխումներով հիացած ՀՀ քաղաքացիներիս հորդորեց այդ ամենին ոչ թե խանդով կամ նախանձով վերաբերվել, այլ ոգեւորվել հարեւան երկրի հաջողություններով, քանի որ ըստ վարչապետի՝ «մեր երկրի ու ժողովրդի կենսական շահերից է բխում ժողովրդավարական, հարուստ ու զարգացած հարեւան ունենալը»: Խոշոր հաշվով Տ. Սարգսյանի ասածները միանգամայն տրամաբանական են, մնում է, որ պարոն վարչապետը գոնե բացատրի, թե Վրաստան այցելած եւ այդ բարեփոխումները սեփական մաշկի վրա զգացած ՀՀ քաղաքացին ինչպես անի, որ հայրենիք վերադառնա առանց սթրեսի:
Հոկտեմբերի 5-7-ը վրացական կողմի հրավերով Վրաստանում գտնվող ՀՀ Վերահսկիչ պալատի եւ մի խումբ լրագրողների պատվիրակությունը լինելով այդ երկրի մի քանի կառույցներում՝ ծանոթացավ դրանցում տեղի ունեցած համակարգային բարեփոխումներին: Այն, ինչին ականատես եղանք, տեղը տեղին նախանձելու առիթ տվեց: Մեր երկրի հարկային, մաքսային, ուժային համակարգերում կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու ՀՀ պաշտոնյաների ջանքերը ուղղակի եզրեր չունեն Վրաստանում արձանագրված հաջողությունների հետ:
«Արդարադատության տուն». այսպես է կոչվում կառույցներից մեկը, որտեղ մեկտեղված են ԶԱԳՍ-ը, թաղման բյուրոն, կադաստրը, անձնագրայինը, պետռեգիստրը եւ հանրային ծառայություն մատուցող այլ հիմնարկները: Այստեղ ամեն ինչ էլեկտրոնային տարբերակով է. ասենք՝ եթե մարդ ցանկանում է Վրաստանի որեւէ տարածքում հողատարածք ձեռք բերել, ինքնուրույն մուտք է գործում Կադաստրի տվյալների բազա եւ այնտեղից ընտրում իր նախընտրած վայրում գտնվող հողատարածքը: Քաղաքացին որեւէ կերպ չի առնչվում կադաստրի աշխատակցի հետ, անգամ վճարումները ինտերնետով են կատարվում: Կենսաչափական անձնագրերից բացի՝ սեփական հայեցողությամբ վրացին կարող է ունենալ նաեւ ID՝ անհատական քարտ, որն ավելի շատ նախատեսված է ներքին օգտագործման եւ իրենց քաղաքացիների կյանքը հնարավորինս հեշտացնելու համար: Քաղաքացին անհատական քարտով կարող է ընկերություն գրանցել, հարկեր վճարել, օգտվել հասարակական տրանսպորտից եւ այլն: Այստեղ որոշ ծառայություններ վճարովի են, ասենք այն դեպքում, երբ մարդը ցանկանում է արագացված կարգով անձնագիր ստանալ: Սակայն ԶԱԳՍ-ի, մահվան վկայականներ ստանալն անվճար է, գումար չեն գանձում նաեւ ծննդյան վկայական տալու համար: Երեխան ծնվեց՝ նրա տվյալները միանգամից փոխանցվում են Արդարադատության տուն, եւ այնտեղից ծնողները վերցնում են ծննդականը:
Եթե մեր երկրում յուրաքանչյուր քաղաքացի աշխատում է հեռու մնալ նմանօրինակ ծառայություններ մատուցող հիմնարկներից, ապա Վրաստանում շատ ծնողներ Արդարադատության տանը նույնիսկ սեփական երեխաներին են վստահում: Այս հիմնարկում մի անկյուն էլ մանուկներին է հատկացված. մինչ ծնողներն իրենց գործերով են զբաղվում, մանուկները նկարում են, խաղում: Արդարադատության փոխնախարար Գեորգի Վաշաձեն պատմեց, որ մի անգամ նկատել են, թե ինչպես է մի կին առավոտյան երեխային բերում թողնում այստեղ ու մի քանի ժամից գալիս երեխային վերցնելու: Երբ նրան հարցրել են, թե ինչու է երեխային թողնում, կինը պատասխանել է՝ «տանը նայող չունեմ»: Գեորգի Վաշաձեն Հայաստանի Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանին մանրամասն բացատրեց, թե ինչպես է աշխատում այդ համակարգը:
Վրաստանի ներքին գործերի նախարարության ծառայությունների գործակալությունում մեր այցելության պահին տասնյակ մարդիկ վարորդական իրավունքի քննություն էին հանձնում, այստեղ էլ ամեն ինչ ինքնուրույն էր. մոտենում էին համակարգչին, պատասխանում հարցերին, եւ եթե այն հաջողությամբ հանձնում էին, անցնում էին գործնականին: Դրական պատասխանի դեպքում քաղաքացին լուսանկարվում էր եւ ավտոմատացված սարքից միանգամից ստանում իր վարորդական իրավունքը: Այս հիմնարկում էլ ծանոթացանք վրացիների կողմից մշակած համակարգին, որը բավականին պարզեցված էր, եւ որ ամենակարեւորն է՝ մարդկային գործոնն իսպառ բացակայում էր: Հայերիս նման՝ շատ վրացիների մոտ էլ ավտոմեքենայի, այսպես ասած, «գոլդ» պետհամարանիշ ունենալը պատվի հարց է համարվում, այդ իսկ պատճառով այս առումով էլ ընտրությունը բացառապես թողնված էր մեքենայի տիրոջը: Կրկին համակարգչի միջոցով քաղաքացին հավաքում է իր նախընտրած տառերով եւ թվերով համարանիշը, ապա ստուգում՝ արդյոք այն ազա՞տ է: Այս երկրում էլ «ոսկե» համարներն իրենց գինն ունեն, ասենք՝ եթե մարդը ցանկանում է ավտոմեքենայի պետհամարանիշն իր անվան տառերով լինի, ապա դրա համար պետք է վճարի տասը հազար լարի, որը համարժեք է վեց հազար դոլարին: Գործակալությունում Իշխան Զաքարյանին իր անվան տառերով պետհամարանիշ նվիրեցին: Հայկական պատվիրակությունը եղավ նաեւ այս երկրի մաքսային գոտում: Նկատենք, որ մինչ բարեփոխումը՝ այս համակարգը համարվել է ամենակոռումպացված հիմնարկներից մեկը Վրաստանում: Այդ խնդրին էլ համակարգային լուծում տալու համար վրացական իշխանությունները հին կադրերի իննսուն տոկոսից ավելիին փոխարինել են երիտասարդ կադրերով: Եթե նախկինում հիսունչորս անուն փաստաթուղթ էր պահանջվել բեռը մաքսազերծելու համար, ապա այժմ՝ ընդամենը երկուսից չորս: Մաքսավորի միջին աշխատավարձը հազար լարի է կազմում, սակայն երեք ամիսը մեկ բոնուսներ են ստանում՝ աշխատավարձի մինչեւ հնգապատիկի չափով: Մաքսային գոտում, որտեղ քաղաքացու բեռը, եթե ինչ-ինչ կասկածելի պատճառներով չի հայտնվում կարմիր գոտում, մաքսազերծվում է հաշված րոպեների ընթացքում: Մաքսային գոտին աշխատում է շաբաթվա բոլոր օրերին եւ բաց է քսանչորս ժամ: Ի դեպ, «ոսկե հաճախորդներին» ընդառաջում են. նրանք կարող են վճարում անել երեսուն օրվա ընթացքում: Հաճախորդի «ոսկե» լինելը մաքսատունը չի որոշում. հարկային մարմինը, արձանագրելով նրա վճարած հարկերի ծավալը, գործարարին ընդգրկում է արտոնություն ունեցող հաճախորդների ցանկ: Ընդ որում, այդ ամենն արվում է էլեկտրոնային ճանապարհով, եւ համակարգիչն ինքն է, ֆիքսելուց հետո, ընտրություն անում:
Նկատենք, որ մեր այցելած բոլոր պետական կառույցներում էլ երիտասարդ կադրեր էին աշխատում: Իսկ նորակառույց շենքերն էլ ամբողջովին ապակեպատ էին, ինչը ոչ միայն ուղիղ իմաստով էր թափանցիկություն ապահովում, այլեւ անուղղակի:
Ի դեպ, այդ երեք հիմնարկներն էլ պետական բյուջեից ոչ մի կոպեկ չէին ստանում, ինքնաֆինանսավորմամբ հոգում էին իրենց հիմնարկների բոլոր ծախսերը՝ սկսած աշխատավարձից: