Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀԱԿ-Ն ԱՅՍՕՐ ՈՐՈՇՈՒՄ ԿԿԱՅԱՑՆԻ

Հոկտեմբեր 08,2011 00:00

Անցած ուրբաթ օրը, երբ Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքում որոշում ընդունվեց շուրջօրյա հանրահավաքներ անցկացնել, Կոնգրեսի առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, թե այդ ակցիան մեկ շաբաթ կտեւի, որից հետո, նաեւ նկատի ունենալով իշխանություններին առաջադրված 8 պահանջների վերաբերյալ վերջիններիս դիրքորոշումը, որոշում կկայացվի ՀԱԿ-ի հետագա անելիքների վերաբերյալ: Երեկվա դրությամբ ակցիայի մասնակիցների զգալի հատվածը կողմ էր շուրջօրյա հանրահավաքներն ու նստացույցը շարունակելուն: Թե ինչպիսի՞ մարտավարություն կորդեգրի ՀԱԿ-ը՝ պարզ կդառնա այսօր: «Մենք հաշվի կառնենք բոլոր կարծիքները եւ վերջնական որոշումը կկայացնենք»,- երեկ ասել է ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը:
Ո՞վ է «խայտառակում ռեսպուբլիկան»
Մեր թերթի երեկվա համարում հրապարակված «Սողանքի գոտում թալա՞ն է» (https://www.aravot.am/am/articles/rights/97742/view) նյութի կապակցությամբ մեր թղթակից Ոսկան Սարգսյանին է զանգահարել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը եւ ասել, որ նյութը արատավորում է փրկարար ծառայության անունը: Մենք ընդամենը ներկայացրել էինք Այրումի մոտ սողանքի տակ մնացած մեքենաների վարորդների պնդումները, թե մեքենաներից բջջային հեռախոսներ ու այլ բաներ են անհետացել:
Իսկ փրկարարի բարի համբավն ու արժանապատվությունը արատավորում են այլ իրողություններ: Օրինակ՝ որ 2011 թվականի սեպտեմբերի 5-ին հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը՝ շահադիտական, անձնական, այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով: Պատիժը՝ տուգանք կամ մինչեւ չորս տարի ազատազրկում):
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարարական ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության պետ, գնդապետ Գագիկ Մատինյանն իր ենթակա, ջրասուզակ-փրկարար Խաչիկ Պողոսյանին թույլատրել է տեւական ժամանակով մեկնել արտագնա աշխատանքի, սակայն նրան ընդգրկել է իր իսկ հաստատած աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրում: Դրա հիման վրա յուրաքանչյուր ամիս Խաչիկ Պողոսյանի հաշվեհամարին փոխանցվել է աշխատավարձ եւ դրան հավասարեցված այլ գումարներ, ինչի արդյունքում պետությանը պատճառվել է էական վնաս։ Գործի քննությունը դեռ շարունակվում է, իսկ Գագիկ Մատինյանն ազատված է աշխատանքից: Հիմա ո՞վ է արատավորում փրկարար ծառայության անունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել