Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՅԱՍՏԱՆԸ ՖՐԱՆՍԻԱՑԻՆԵՐԻ ՍՐՏԵՐՈՒՄ Է»

Հոկտեմբեր 08,2011 00:00

\"\"Երեւանում հայտարարեց Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին,  իսկ այդ հայտարարությունից մի քանի ժամ անց նրա կինը տղա ունեցավ:

Հայաստան ժամանած պատվավոր հյուրի՝ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի պատվին երեկվանից փակ էր Բաղրամյան փողոցի մի հատվածը, իսկ առավոտյան՝ նախագահականից մինչեւ «Ֆրանսիայի» հրապարակ ընկած հատվածը: Ուսանողներ եւ ՀՀ տարբեր քաղաքացիներ էին հավաքվել Ֆրանսիայի նախագահին ողջունելու համար: Ամենուրեք երկու երկրների դրոշներն էին, ծաղիկներ, պաստառներ՝ հիմնականում ֆրանսերեն լեզվով: Հրապարակում հնչում էին Շառլ Ազնավուրի երգերը: Առավոտյան, մամուլի ասուլիսում, Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին պատասխանեց չորս հարցի, որոնցից մեկը վերաբերում էր Ցեղասպանության թեմային: «Les Nouvelles d’Armenie»-ի թղթակիցն իր հարցով խնդրեց Նիկոլա Սարկոզիին, որպեսզի վերջինս ավելի հստակ բացատրի, թե ինչ նկատի ուներ նախօրեին Ծիծեռնակաբերդում արած իր այն հայտարարությամբ, ըստ որի՝ Ֆրանսիան ավելի մեծ պատասխանատվություն կվերցնի, եթե Թուրքիան ուղիղ չնայի իր պատմությանը: Ֆրանսիայի նախագահը նշեց իր մոտեցումը, որն է՝ հավաքական ժխտումն ավելի ցավալի է, քան անհատականը, թեեւ անհատական մակարդակում էլ չի կարելի թույլ տալ, որպեսզի ժխտվի Ցեղասպանության փաստը. «Տեւական հաշտություն չի կարող լինել՝ ժխտելով մյուսի տառապանքները, տեւական հաշտություն չի կարող լինել պատմական փաստերի ժխտման հիման վրա։ Եթե Թուրքիայի նման մեծ երկիրը իր մեջ ուժ գտներ այս քայլին գնալու, ապա Ֆրանսիայի համար դա բավարար կլիներ, քանի որ օրենքի ուժով Ֆրանսիան ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: Իսկ եթե Թուրքիան այդ քայլին չդիմի եւ շարունակի ժխտել Ցեղասպանությունը, ապա Ֆրանսիան այդ ժամանակ կցանկանա ավելի հեռուն գնալ եւ փոխելով իր օրենսդրությունը՝ Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ կսահմանի: Իմ պատասխանը, կարծում եմ, շատ պարզ է, բայց, իհարկե, ժամանակացույցի տեսանկյունից Ֆրանսիան չէ, որ պետք է ուլտիմատում ներկայացնի Թուրքիային կամ որեւէ այլ երկրի, մանավանդ որ՝ այդ կերպ հնարավոր չէ նպաստել հարեւանների միջեւ հարաբերությունների կարգավորմանը»:  Նիկոլա Սարկոզին նշեց նաեւ, որ ժամանակն անսահման չէ՝ 1915 թվականից մինչեւ այսօր բավական ժամանակ է անցել խորհրդածելու համար. «Ես ժամկետային սահմանափակում չեմ մատնանշում, որովհետեւ հույս ունեմ, որ թուրք հասարակությունն ու ղեկավարությունը ճիշտ կարձագանքեն։ Ամեն դեպքում, ես կարծում եմ, որ այս ամենը տեղի կունենա իմ մանդատի ժամանակահատվածում»: Նիկոլա Սարկոզին նաեւ հայտարարեց. «Հայաստանը միշտ կարող է հույսը դնել Ֆրանսիայի հետ բարեկամության եւ քաղաքական աջակցության վրա»: Ասաց, որ Ֆրանսիան մեծ կարեւորություն է տալիս Հայաստանի հետ հարաբերություններին: Ըստ Ֆրանսիայի նախագահի՝ կովկասյան տարածաշրջանը ռազմավարական նշանակություն ունի աշխարհի կայունության համար, եւ Հայաստանը գտնվում է աշխարհի անվտանգության համար պատասխանատու տերությունների միջեւ՝ Ռուսաստան, Թուրքիա, Իրան. «Իր անկախությունից ի վեր՝ այս 20 տարիների ընթացքում, Հայաստանի որդեգրած ճանապարհը շատ նշանակալի է տարածաշրջանային համատեքստում, որն առանձնանում է մեծ անկայունությամբ»: Ըստ Ֆրանսիայի նախագահի՝ Հայաստանի առաջընթացը ժողովրդավարության ուղղությամբ վկայում է, որ «հակառակ հակամարտությունների եւ պատերազմի՝ Հայաստանի տնտեսական զարգացումը լուրջ ջանքերի, համարձակության եւ հայերի կատարած աշխատանքի որակի արդյունք է»: Նիկոլա Սարկոզին կարեւորեց Սերժ Սարգսյանի՝ Ադրբեջանի հետ խաղաղությանն ուղղված, ինչպես նաեւ Թուրքիայի հետ երկխոսության քայլերը: Նրա խոսքով՝ 21-րդ դարում անընդունելի է հայ-թուրքական սահմանի փակ լինելը: Ըստ Նիկոլա Սարկոզիի՝ հայ-ֆրանսիական հարաբերությունները շատ հեռուն են գնում, ունեն արմատներ երկու ժողովուրդների համատեղ պատմության մեջ:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանելով լրագրողի հարցին, թե Ադրբեջանն օգտագործո՞ւմ է եվրոպական ծրագրերը սպառազինությունների մրցավազքի ֆինանսավորման համար, ասաց, որ Եվրոպայի էներգետիկ ծրագրերը չպետք է նոր պատերազմ սնող աղբյուր դառնան. «Մենք հարգանքով եւ ըմբռնումով ենք մոտենում ԵՄ երկրների ցանկությանը՝ ապահովել էներգետիկ անվտանգությունն ու էներգիայի այլընտրանքային աղբյուրները, եւ ակնկալում ենք ուշադիր վերաբերմունք մեր երկրի անվտանգության եւ տարածաշրջանում կայունության նկատմամբ»:
Ապա «Ֆրանսիայի» հրապարակում Հայաստանի եւ Ֆրանսիայի նախագահները բացեցին Օգյուստ Ռոդենի՝ նկարիչ Ժյուլ Բաստիեն-Լեպաժին նվիրված արձանը: Նիկոլա Սարկոզին այստեղ էլ խոսեց ջերմությամբ եւ չվարանեց անգամ կրկին հնչեցնել «ցեղասպանություն» բառը՝ հայերեն: Հրապարակում հավաքված բազմությունը ջերմ ծափերով եւ ողջույններով էր ընդունում ցանկացած խոսք, աջ ու ձախ էին թափահարում Հայաստանի եւ Ֆրանսիայի եռագույնները, փուչիկները եւ ձեռքերը: Այստեղ էլ Ֆրանսիայի նախագահը հայտարարեց. «Ինձ համար մեծ պատիվ է գտնվել այստեղ՝ ձեր անկախության 20-րդ տարեդարձի տոնակատարությունից ընդամենը մի քանի օր անց, Ֆրանսիայի անունը կրող այս հրապարակում, ինչն ինքնին պերճախոս կերպով վկայում է մեր երկու երկրներին միավորող կապերի մասին:
Նկարիչ Ժյուլ Բաստիեն-Լեպաժին նվիրված Ռոդենի արձանի այսօրվա բացումը այս հրապարակին կհաղորդի իր վերջնական դիմագիծը: Ի սկզբանե Հայաստանը ֆրանսիացիների սրտում է: Մեր երկու երկրները նման են իրար, եւ իրենք դա լավ գիտեն: Հայաստանը, ինչպես Ֆրանսիան, հարուստ է հազարամյակների պատմությամբ եւ խանդավառորեն կապված է իր մշակույթին: Նա նույնպես տեր է իր հզոր ինքնությամբ, որ անցել է պատմության փորձություններով»:

Հ. Գ. Նիկոլա Սարկոզիի կինը երեկ տղա ունեցավ, եւ մենք՝ «հայերով», որոշեցինք, որ իր որդու անունը Սարկոզին Արարատ պետք է դնի: Կատակով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել