Երեւանի փողոցներում երեկ գիշեր համաժողովրդական տոն էր. հազարավոր ֆուտբոլասերներ նշում էին ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հերթական փայլուն հաղթանակը «Եվրո 2012»-ի ընտրական մրցաշարում: Մեր թիմը 4:1 հաշվով ջախջախեց Մակեդոնիայի ընտրանուն եւ վաստակած միավորներով հավասարվելով «B» խմբի առաջատար Ռուսաստանին (վերջինն ավելի ուշ պետք է հանդիպեր Սլովակիայի հետ)՝ ավելի մեծացրեց պատմության մեջ առաջին անգամ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին մասնակցելու պատմական հեռանկարը: Սա Հայաստանի ազգային հավաքականի չորրորդ խոշոր հաշվով հաղթանակն էր Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում: Մեր տղաները մրցակիցների դարպասը գրավել են 21 անգամ եւ արդյունավետությամբ հավասար են ընթանում աշխարհի չեմպիոն Իսպանիայի հավաքականի հետ: Մեր ընտրանուն մնում է հոկտեմբերի 11-ին կատարել վերջին՝ թերեւս ամենավճռական քայլը՝ մրցակցի դաշտում հաղթել նաեւ Իռլանդիայի հավաքականին: