Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՇՏՊԱՆՎԵՑԻՆ, ԲԱՅՑ

Հոկտեմբեր 07,2011 00:00

 Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանն այսօր հետաձգեց ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ կալանավոր Արթուր Սամվելի Հովհաննիսյանի պաշտպանական ճառի եւ վերջին խոսքի ունկնդրումը: Մեղադրողը արձակուրդ էր վերցրել, իսկ նրան փոխարինել այս փուլում չէր կարելի:

Նախորդ երկու նիստերին նա դահլիճ էր բերվում բերանը կարված, հետեւաբար՝ որեւէ բառ արտաբերել չէր կարողանում:
Նրան մեղադրանք էր առաջադրվել թմրանյութ պահելու, իրացնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 165 հոդ. 2-րդ մասով, 266 հոդ. 2-րդ մասի 2-րդ կետով, 266 հոդվածի 4-րդ մասով, 268 հոդ. 2-րդ մասի 2-րդ կետով:
Ա. Հովհաննիսյանը  ՀՀ քրօրի   266 հոդ. 2-րդ մասի 2-րդ կետով, 266 հոդվածի 4-րդ մասով (պրեկուրսոր իրացնելու վերաբերյալ) իրեն մեղավոր չի ճանաչել, 268 հոդ. 2-րդ մասի 2-րդ կետով իրեն   մեղավոր է ճանաչել լիովին, 165 հոդ. 2-րդ մասի վերաբերյալ հայտնել է, որ չի գիտակցել, որ կատարում է հանցագործություն, քանի որ անչափահաս որդուն խնդրել է իրեն փոխանցել թմրանյութ, վախենալով, որ «մեթադոն» չընդունելու պատճառով նրա վիճակը կարող է վատանալ, որ խորհն զղջում է կատարվածի համար, անչափահասին հանցագործության մեջ ներգրավելու ցանկություն եւ ուղղակի դիտավորություն չի ունեցել:
Ըստ Ա.Հովհաննիսյանի պաշտպան Նարինե Ռշտունու, 1-ին կարգի հիվանդ, «հեպատիտ-C» ախտորոշմամբ կալանավայրում գտնվող Ա. Հովհաննիսյանը պետք է արդարացվի նախ Սահմանադրության 21 հոդվածի համաձայն: «Չփարատված կասկածները մեկնաբանվում են հօգուտ մեղադրյալի»:
«Բավականին անհամբեր եմ սպասել մեղադրողի ճառին, որովհետեւ ինձ շատ էր հետաքրքրում, թե որն է, ըստ մեղադրողի, սույն գործով «գործին վերաբերող փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար ամբողջությունը», որը թույլ է տալիս հարգելի մեղադրողին իրեն իրավունք վերապահել 8 տարի 6 ամիս ազատազրկում պահանջել չապացուցված մեղադրանքի պայմաններում», ասաց պաշտպանը:
Ըստ մեղադրական եզրակացության, Ա.Հովհաննիսյանը ապօրինի իրացնելու եւ օգտագործելու նպատակով 2010թ. օգոստոսին Կարո Պապոյանից ապօրինի ձեռք է բերել խոշոր չափի` 9,26 գրամ «ափիոն» տեսակի թմրամիջոց եւ 352,7 մլ պրեկուրսոր հանդիսացող քացախաթթվի անհիդրիդ, որից 0,76 գրամ «ափիոն» տեսակի թմրամիջոց եւ 0,7 մլ քացախաթթվի անհիդրիդը 2010թ. հոկտեմբերի 11-ին Սուրբ Հովհաննես եկեղեցու մոտ 20.000 ՀՀ դրամով վաճառելու եղանակով ապօրինի իրացրել է Մարատ Խաչիկյանին, իսկ մնացած 8,5 գրամ «ափիոնը» եւ 352 մլ քացախաթթվի անհիդրիդի հետ միասին պահել իր մոտ հետագա գործածման նպատակով:
Պաշտպանը հարց տվեց մեղադրողին. «Արդյոք դատարանում ներկայացվե՞լ է որեւիցե ուղղակի ապացույց այն մասին, որ Ա. Հովհաննիսյանը 11.10.2010թ. թմրանյութ է վաճառել Մարատ Խաչիկյանին: Արդյոք ապացուցվե՞լ է, որ Ա. Հովհաննիսյանի մոտ պահված թմրանյութը  լիովին համընկնում է, համապատասխանում է  Գրիգոր Արեւյանից առգրավված թմրանյութին: Գտնում եմ, որ ոչ մի նման ապացույց գործի դատաքննության ընթացքում ձեռք չի բերվել»:
Պաշտպանական կողմը ուշադրություն հրավիրեց Գ. Արեւյանի՝ դատարանում տված ցուցմունքին,  ըստ որի. «2010թ. հոկտեմբերի 11-ին զանգել է Մարատ Խաչիկյանին եւ առաջարկել է հանդիպել: Հեռախոսով թմրանյութ գնելու մասին ոչ մի բան չի ասել, քանի որ տենց բաներ հեռախոսով չեն խոսում: Թմրանյութ գնելու համաձայնության գալուց հետո Մարատը հեռացել է եւ վերադարձել է մոտ 15 րոպե հետո: Ես չեմ տեսել ումից է գնել, ենթադրել եմ… Մարատը իմ մոտից չի զանգել»: Արեւյանը, ըստ պաշտպանի, չի ասել, որ տեսել է Հովհաննիսյանին, այլ ասում է. «Ես ենթադրում եմ»:
Ն. Ռշտունու գնահատմամբ, մեղադրանքի կողմը չի հերքել նաեւ Արթուր Հովհաննիսյանի կնոջ՝ Մարիամ Շահինյանի դատարանում տրված ցուցմունքը այն մասին, որ նշված օրը իրենք ամուսնու հետ միասին գնացել են օրինական նշանակված «մեթադոն» ստանալու, ապա այնտեղից գնացել են սկեսուրի տուն, հետո երեխային իջեցրել են պարապմունքի, ուստի ժ.16-ի սահմաններում Խաչիկյանը Հովհաննիսյանին հանդիպել չէր կարող: Շահինյանը ցուցմունքը հիմնավորվել է նաեւ Ավանի նարկոլոգիական կլինիկայից ստացված եւ դատարան ներկայացված գրությունով:
Պաշտպանը հղումներ արեց Եվրոպական դատարանի 2008թ. մայիսի 15-ի «Դեդովսկին եւ ուրիշները Ռուսաստանի դեմ» (N 7178/03) գործով որոշմանը, որով գնահատելով Ռուսաստանի դատական համակարգի աշխատանքը, նշվել էր. «Չնայած ռուսական դատարանները տեսականորեն գործի նյութերի անկախ գնահատման հնարավորություն ունեն, իրականում նախաքննությանը տրվող նշանակությունը  այնքան բարձր է, որ անգամ ամենահամոզիչ ապացույցները անտեսվում են, եւ այդ իրավական պաշտպանության միջոցը դառնում է տեսական եւ թվացյալ»:                                                                                    

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել