Լրահոս
Օրվա լրահոսը

Մատչելի՞ է, արդյոք, «ԴատաԼեքս» տեղեկատվական կայքը

Հոկտեմբեր 07,2011 00:00

«Առավոտ» թերթում վերջերս բարձրացված հարցը «ԴատաԼեքս»/ datalex.am/  համակարգի վերաբերյալ, մեր կարծիքով, շատ արդիական է եւ տեղին: Կիսում  ենք թերթի անհանգստությունն այդ առիթով եւ որպես տեղեկատվական տեխնոլոգիաների եւ կառավարման ոլորտների մասնագետներ, ներկայացնում ենք մեր դիտարկումները:

«ԴատաԼեքս» կայքէջից երեւում է, որ համակարգի մշակմանը  ֆինանսական եւ տեխնիկական օժանդակություն են ցուցաբերել ՀՀ կառավարությունը, Նիդերլանդների Թագավորության  կառավարությունը, Համաշխարհային բանկը: Այդ օժանդակության մեծ մասը վարկի տեսքով է տրամադրված: Այսինքն` ՀՀ պետությունը` քաղաքացիները,  պարտավորված են այս ծրագրի  համար վերադարձնել վերցված գումարը տոկոսով, հետեւաբար՝ իրավունք ունեն խստագույնս մոտենալ այդ համակարգի ծառայությունների որակին եւ արդյունավետության քննարկմանը:
Ինչպես նշված է «ԴատաԼեքս» տեղեկատվական կայքէջում` «ԴատաԼեքսը»   էլեկտրոնային կառավարման եւ տեղեկությունների տրամադրման հանրային  տեղեկատվական համակարգ է, համաձայն որի՝ քաղաքացուն  հնարավորություն է տրվում   իրական ռեժիմում ստանալ  տեղեկություններ բոլոր դատարաններում քննվող գործերի մասին եւ տրամադրում է մի շարք այլ ծառայություններ ըստ հետեւյալ բաժինների` դատական գործերի որոնում, նիստերի ժամանակացույց, ՀՀ օրենքների որոնում, դիմումների առցանց համակարգ, առցանց վճարումներ, հաճախ տրվող հարցեր»:  Պատկերը շատ գայթակղիչ է. ՀՀ քաղաքացուն հնարավորություն է տրվում  իրական ռեժիմում տեղեկացված լինել  դատարաններում քննվող գործերից: Սակայն վերլուծության արդյունքում պատկերն անմիջապես փոխվում է. «ԴատաԼեքսը»  չի կարող համարվել կառավարման համակարգ` չկա աշխատանքի պլանավորում, ֆունկցիաների  կազմակերպում, դիտվում է տեղեկատվության պակաս, որոշ նյութեր իսպառ  բացակայում են. օրինակ` Սահմանադրական դատարանի որոշումները:
Այժմ  փորձենք վերլուծել «ԴատաԼեքս» տեղեկատվական կայքի մատչելիությունն  ըստ ստորեւ  նշված բաժինների:
1.«Դատական գործերի որոնում» բաժնում նախատեսվում է իրականացնել որոնում ըստ հետեւյալ գործոնների` դատական գործի տիպ, համար, դատարանի անուն, դատավորի անուն, հայցվորի անուն, պատասխանողի անուն, դիմման ամսաթիվ, դատական գործի առարկա, դատարանի որոշման ամսաթիվ, հոդված եւ այլն…, որի արդյունքում  պետք է տրամադրվի  գործի ընթացքի եւ դատարանի  կայացրած վճռի մասին մանրամասն տեղեկություն: Այնինչ, տվյալ բաժնում որոնում կատարելիս պարզվում է, որ «դատական գործի տիպ» եւ «հոդված» գործոնները բացակայում են: Նշեմ, որ գործը կրում է շարունակական բնույթ, սակայն կարելի է գտնել գործի միայն մի մասը (մեր դիտարկված օրինակում գործը կարելի է գտնել միայն առաջին ատյանի դատարանում, իսկ վերաքննիչ եւ վճռաբեկ դատարանների որոշումները   իսպառ բացակայում են): Համակարգը  ճկուն չէ եւ ժամանակին չի թարմացվում, օրինակ` 17.08. 2011թ. նիստից 4 օր հետո տեղեկատվական կայքում որեւէ տեղեկություն չկա, իսկ 30.08.2011թ.-ին բողոք ներկայացնելուց հետո կրկին /գրանցված/  որեւէ տեղեկություն կամ պատասխան չկա:
2.«Նիստերի ժամանակացույց» բաժնում դատարանի ժամանակացույցին ծանոթանալու համար  դատական նիստերի անցկացման վայրի եւ գործի տիպի մասին տվյալները բավարար չեն, պահանջվում է նշել նաեւ դատաքննության ամսաթիվը:
3.«Նմանատիպ գործերի որոնում» բաժնի ծառայություններից օգտվելու համար պահանջվում է գրանցվել համակարգում, որից հետո պարզվում է, որ  «Ծառայությունը գտնվում է վերամշակման փուլում»: Նմանատիպ գործերի համեմատական վերլուծություն հնարավոր չէ կատարել: Կարծում ենք` սա  «ԴատաԼեքսի» ծառայություններից օգտվողների իրավունքների կոպիտ  խախտում է.  վարչակազմն այս կերպ կեղծ տվյալներ է հավաքագրում վարկատուների, համակարգի մշակմանը  ֆինանսական եւ տեխնիկական օժանդակություն ներկայացնողների աչքակապության համար:
4.«ՀՀ օրենքների որոնում» բաժնում որոնումը կատարվում է «ԱՐԼԻՍ» Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգի ձեւով, սակայն «բանալի» բառերը չեն ընդգծվում եւ օգտվողը ստիպված է որոնման լրացուցիչ միջոցներ ձեռնարկել:
5.«Դիմումների առցանց համակարգ» բաժնում դիմումների առցանց ուղարկման ծառայությունը /պաշտոնական/ չի գործում` «օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտության պատճառով»:
6.«Առցանց վճարումներ» ծառայությունը ժամանակավորապես չի գործում օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտության պատճառով:
7. Վերլուծություններ կամ վիճակագրություն իրականացնելու հնարավորություն չկա, օրինակ`  գտնել որոշակի գործոններով նման դատական գործեր:
8. Դատարաններն արդարադատությունն իրականացնում են ՀՀ Սահմանադրությանը, ՀՀ վավերացրած միջազգային պայմանագրերին եւ օրենքներին համապատասխան: Սակայն բացակայում են միջազգային պայմանագրերի, ՀՀ կողմից վավերացված կոնվենցիաների տեքստերը, որոնք առնչվում են ՀՀ օրենսդրությանը եւ կոնկրետ գործերին: Բացակայում են ՀՀ սահմանադրական դատարանի որոշումները, որոնք առնչվում են ՀՀ օրենսդրությանը,  դատական գործերին եւ միջազգային պայմանագրերին:
9. Տեղադրված չեն դատավորների եւ փաստաբանների կենսագրությունները (պահանջվում է լրացուցիչ աշխատանք դատավորների կենսագրությունները Հայաստանի դատական համակարգում որոնելու համար` https://www.court.am): Հնարավոր չէ ստանալ դատարաններից որոշակի տեղեկություն կամ հարցերի պատասխաններ, բաժանորդագրվել նորությունների համար: Բացակայում են տարբեր դիմումների եւ հայցերի էլեկտրոնային նմուշները:
10.ՀՀ Սահմանադրության, ՀՀ օրենքների կամ նորմատիվ ակտերի մեկնաբանությունները տեղադրված  չեն:
11. Վճռաբեկ դատարան բողոքարկող անձը չունի հնարավորություն տեղեկանալու դիմումին առնչվող գործի ընթացքին:  
12. Բացակայում է հիմնական իրավական տերմինների բացատրական բառարանը:
13. Բացակայում է «Օգնություն» կամ «Ուղեցույց» բաժինը:
14. Լեզուն փոխելու հնարավորությունը տեղադրված է /անգլերեն, ոուսերեն/, սակայն փաստացի չի գործում, վճիռները թարգմանված չկան:
15.«ԴատաԼեքս» հանրային տեղեկատվական համակարգը մշակվել է «Դատաիրավական բարեփոխումներ» ծրագրի շրջանակներում: Սակայն «Կարդալ ավելին» հղումը չի գործում:
Այսպիսով, վերլուծելով «ԴատաԼեքս» տեղեկատվական կայքէջը, հանգում ենք այն եզրակացության, որ «ԴատաԼեքս» հանրային տեղեկատվական կայքէջում 7 ենթաբաժիններից 6-ը չեն գործում, կամ թերի են: Դատական բարեփոխումների վարկային ծրագրի 2-րդ փուլի շրջանակներում «Access to Legal Info and Public Awareness» ենթաբաժնի համար, որը ներառում է «ԴատաԼեքս» համակարգը, միայն Համաշխարհային բանկից ստացած վարկը կազմել է 1 230 000 ԱՄՆ դոլար (տես` կից աղյուսակը, https://www-wds.worldbank.org/):  2011թ. մայիս ամսվա տվյալների համաձայն՝ Հայաստանի իրավական ռեսուրսների 49 վեբ կայքերի վիրտուալ ինտելեկտուալ կապիտալի ինդեքսի (QI, Arcaler Scorecard) համեմատական ցուցանիշների աղյուսակում «ԴատաԼեքս»-ը (https://www.datalex.am) զբաղեցնում է 18-րդ տեղը, «ԱՐԼԻՍ» Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգը (https://www.arlis.am)` 5-րդ տեղը, իսկ Հայաստանի դատական համակարգը (https://www.court.am)` 6-րդ տեղը  (տես` https://www.iatp.am/arcaler_scorecard/xls/pravir_arm.htm): Այդ ցուցանիշները չեն վկայում «ԴատաԼեքս»-ի ծառայությունների բարձր որակի եւ արդյունավետության մասին` հաշվի առնելով նաեւ, որ ծրագրի ավարտին մնացել է քիչ ժամանակ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել