Լրահոս
Օրվա լրահոսը

«Եհովայի վկաներն» իրենց հեղինակությունը բարձրացնելու խնդիր ունեն

Հոկտեմբեր 07,2011 00:00

Այդ պատճառով դիմում են ցանկացած միջոցի

\"\"

Տեր Եսայի քահանան ընդդեմ «Եհովայի վկաների» եւ աղանդների հոգեբանական ազդեցությունը հասարակության վրա դատական գործը հետաձգվել է՝ մեղադրվող կողմից վճռաբեկ դատարան ներկայացնելու միջնորդությամբ. դատական նիստը նշանակված էր հոկտեմբերի 14-ին, «Եհովայի վկաները» մեկ ամիս ժամանակ էին խնդրում: Երեկ այս մասին լրագրողներին տեղեկացրեց տեր Եսայի քահանայի փաստաբան Վարդուհի Էլբակյանը:
Հարավ-արեւմտյան թաղամասի Սուրբ երրորդություն եկեղեցու հովիվ տեր Եսայի քահանա Արթենյանը լրագրողների խնդրանքով նորից պատմեց իր եւ «Եհովայի վկաների» միջադեպի մասին. «Արդեն հինգ տարի է՝ ես փորձում եմ խանգարել մեր եկեղեցու շուրջ աղանդավորների քարոզչությունը: «Եհովայի վկաները», մեր եկեղեցու երկու ծայրերում դարանակալած՝ քարոզում են, հիմնականում կանայք են: Ես ամեն անգամ եկեղեցի գնալիս նրանց տեսնում եմ, մոտենում, խոսում, բանավիճում եմ, հեռախոսս էլ բարձրացնում եմ՝ իբր թե կնկարեմ, ասում եմ՝ ոստիկանություն կկանչեմ: Երբեմն բանավիճելուց հետո հեռանում են, երբեմն էլ՝ ոչ, ես էլ համառորեն կանգնում եմ իրենց կողքին, տեսնում են՝ իրենցից համառ եմ»: Մի օր էլ, ըստ տեր Եսայի քահանայի, ուղարկել են «պինդ տղամարդկանց»: «Սրանք էլ ինձանից պահանջեցին փաստաթուղթ, որ սա եկեղեցու տարածքն է, ասացին՝ ես իրավունք չունեմ իրենց խանգարելու: Նրանք սկսեցին համառել՝ ասելով, որ իրենք տղամարդ են, ինձանից չեն վախենում, եւ սպառնալիքներ… ինձանից խլեցին հեռախոսը եւ հարվածեցին ձեռքիս»,- պատմեց Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգեւոր հովիվը: Նա նաեւ ավելացրեց, որ եթե ինքը այնտեղ չլիներ, հնարավոր է ծեծկռտուք սկսվեր «Եհովայի վկաների» եւ այն մարդու միջեւ, ում նրանք քարոզում էին: Քահանային ծեծել են ու բանը հասել է դատարանին: Տեր Եսայուն զանգել են Մոսկվայից, ներկայացել քաղաքագետներ, փորձել են համոզել նրան, թե հնարավոր է սխալ է հասկացել, միգուցե այլ ձեւով է եղել միջադեպն եւ այլն, բայց քահանան զայրացել է եւ նույնիսկ դադարեցրել հեռախոսային զրույցը: «Եհովայի վկաների» ահն այնքան մեծ է եղել, որ չեն բավարարվել միայն հայ փաստաբանով. ունեն նաեւ Կանադայից հրավիրված մասնագետ: Ըստ տեր Եսայու պատմածի՝ դատական նիստերին «Եհովակի վկաներ» համարյա ներկա չեն լինում, եղածներն էլ չեն խանգարում դատական գործընթացին. «Վերջին անգամ միայն մի բան նկատեցի. երբ դատական նիստն ավարտվեց, դրսում մեր ժողովուրդը «Հայր մերն» էր արտասանում, նրանց հայ փաստաբանը մեր ժողովրդի մասին այսպես ասաց՝ սոված են, մի կտոր հացի համար են աղոթում»:
Հոգեբան Սամվել Խուդոյանն էլ ազգային անվտանգության մասին է մտածում. «Ի՞նչ է նշանակում բանակում չծառայել: Ո՞վ պետք է նրանց ընտանիքը պահի, եթե նրանք խուսափում են բանակում ծառայելուց… Եթե կռիվ սկսվի, բոլորը պետք է գնան նրանց ընտանիքներին պաշտպանելու, իսկ իրենք՝ ո՞չ»: Նա համոզված է՝ այդ ամենը պետության դեմ է ուղղված. «Դա է պատճառը, որ հաճախ լսում ենք, թե այս կամ այն անձը ինչ-որ կասկածելի խմբից է, այս կամ այն պետության կողմից է ֆինանսավորվում, այդ թվում եւ Թուրքիայի»:
Իրավաբան Վարդուհի Էլբակյանն էլ աղանդավորական «խայծերից» փրկվելու ելքը տեսնում է օրենսդրական փոփոխությունների մեջ: «Պետք է փոփոխություններ մտցնել «Կրոնի, խղճի, մտքի, դավանանքի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» օրենքներում: Մեր օրենսդրությունը թույլ է տալիս կրոնական կազմակերպություններին մտնել գերեզմանոցներ, ծերատներ, ազատազրկման վայրեր եւ այլն, իսկ այնտեղ խոցելի խմբերն են, այսինքն՝ նրանք կարող են շատ հանգիստ այդ մարդկանց մեջ քարոզել իրենց աղանդը»,- ասում է իրավաբանը եւ կարծում, որ օրենքի փոփոխությունները պետք է սկսել հենց այստեղից, այնուհետեւ հստակեցնել «հոգեորսություն» եզրույթը, որը տարակարծությունների տեղիք է տալիս:
Դատավարության արդար ելքին հայցվոր կողմը հավատում է, բայց որոշ վերապահումներով: Եթե նկատի, որ ինչ-որ «հզոր օղակների» կողմից դատարանի վրա ճնշում է գործադրվել, կբողոքարկի: «Եհովայի վկաների» վիճակը հիմա շատ ավելի բարդ է, նրանք էս վերջին շրջանում շատ հեղինակազրկվեցին: Նրանք հիմա ավելի շատ խնդիր ունեն ոչ թե այս դատը շահելու, այլ իրենց հեղինակությունը բարձրացնելու»,- ասում է տեր Եսայի քահանա Արթենյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել