Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԱՐԴԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ. «ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՆ ՎՐԱ ՉԱԶԴԻ»

Հոկտեմբեր 07,2011 00:00

\"\"Արդեն ավանդույթ է դարձել, որ հայ երկրպագուն սրտատրոփ սպասում է Հայաստանի հավաքականի այն հանդիպումներին, որոնցում մրցակիցը եվրոպական որեւէ անվանի հավաքական է: Այսօր երեկոյան Հանրապետական մարզադաշտում մերոնց եվրոպական գրանդ չի սպասելու՝ ՆՀՀ Մակեդոնիայի ընտրանին է: Սակայն աժիոտաժը հանդիպման շուրջ բավական մեծ է ու վերաբերում է տարբեր ասպեկտների՝ սկսած սեւ շուկայում վերավաճառվող տոմսերի քանակից ու գնից, մինչեւ հավաքականների մարզիչների նախախաղյա ասուլիսները:
Երեկ երկու մարզիչները հանդիպեցին լրագրողների հետ: Վարդան Մինասյանը սկզբում նշեց, որ խնդիրներից խուսափել չհաջողվեց, ավելին՝ դրանք շատացել են: Այդպես, Արազ Օզբիլիսը, ով վնասվածքով էր ժամանել Երեւան, արդեն վերադարձել է Հոլանդիա, Ռոբերտ Արզումանյանի մասնակցությունը կասկածի տակ է, քանի որ երկու օր առաջ պաշտպանի նույն վնասվածքը կրկնվել է ու մարզիչը քիչ հավանական է համարում վերականգնումը մինչ հանդիպում: Իսկ եթե այս ամենին հավելենք նաեւ Հրայր Մկոյանի որակազրկումը, ապա պատկերն այնքան էլ ուրախալի չի ստացվի: Սակայն Վարդան Մինասյանը լավատես է ու հավատում է իր սաներին՝ իհարկե, չթերգնահատելով մրցակցին: «Մակեդոնիան իր բոլոր ութ հանդիպումներում խաղով չի զիջել մրցակցին: Իսկ հիմա ավելի կազմակերպված ֆուտբոլ է խաղում, ավելի լավ է գործում: Առաջիկա խաղին էլ, բնականաբար, ֆուտբոլիստները ավելի անկաշկանդ կլինեն, ավելի ազատ կխաղան, քանի որ արդյունքի տեսանկյունից այլեւս ճնշում չկա», – ասաց մարզիչը: Ու եթե ճնշումը մակեդոնացիների վրա նվազել է, ապա մերոնց վրա ահագնացել է: «Հաղթանակը մեզ օդի պես պետք է, բայց դա չի նշանակում, որ անզգույշ պիտի գործենք: Այս խաղը ես կհամեմատեի Անդորրայի հանդիպման հետ, թեեւ այսօրվա մրցակիցն անհամեմատ բարձր կարգ ունի: Հիմա մեզ միայն արդյունք է պետք, իսկ մնացած բոլոր գործոնները մղվել են երկրորդ պլան: Սլովակիայի դեմ նախորդ խաղի համեմատ մակեդոնացիների հետ ավելի ագրեսիվ պիտի խաղանք: Այն հանդիպման երկրորդ խաղակեսը գրեթե մոտ էր իդեալականին, սակայն նկատվեց մի օրինաչափություն. սլովակներին խփած յուրաքանչյուր գոլից հետո մեր դարպասների մոտ վտանգավոր պահ էր առաջանում, ինչը նշանակում է, որ դա հոգեբանական խնդիր է: Այնուամենայնիվ, ես տղաների հետ խոսել եմ, հույս ունեմ, որ այս անգամ նման խնդրի առաջ չենք կանգնի: Այժմ ֆուտբոլիստների մոտ ես պատասխանատվության մեծ զգացում եմ նկատում»,- փաստեց Մինասյանը: Ինչ վերաբերում է տիրող աժիոտաժին, մարզիչը հույս հայտնեց, որ այն չի խանգարի թիմին: «Ռուսաստանի հետ խաղի շուրջ աժիոտաժը մեզ շատ խանգարեց: Ցանկությունը պետք է մտածողության վրա չազդի: Ակնկալում եմ, որ այս անգամ տղաների փորձը թույլ կտա խուսափել աժիոտաժի ազդեցությունից ու կենտրոնանալ խաղի վրա»,- եզրափակեց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել