Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՉԱՓԱՀԱՍ, ԲԱՅՑ՝ ԱԿՏԻՎ ԲԼՈԳԵՐՆԵՐ

Հոկտեմբեր 07,2011 00:00

Երեկ Մոսկվայի տանը ամփոփվեց «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի՝ «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում իրականացվող «Դպրոցական բլոգ»՝ https://dprocakan.wordpress. com նախագծի առաջին փուլը: Ինչպես նշեց նախագծի հեղինակ Աննա Մուրադյանը՝ «Դպրոցական բլոգը» մի վայր է, ուր հեղինակները հենց երեխաներն են. «Ծրագիրը մեկնարկել է դեռեւս 6 ամիս առաջ: Ստանալով համապատասխան համակարգչային գիտելիքներ՝ դպրոցական երեխաները բլոգի միջոցով բարձրաձայնեցին իրենց հուզող խնդիրները՝ ուսուցիչ-աշակերտ հարաբերություններ, բռնություն, դրամահավաքություն, խտրականություն գնահատականների հարցում, սեր, ընկերություն եւ այլ թեմաներ: Կարճ ժամանակում բլոգը համացանցում ձեռք է բերել լայն ճանաչում: Այսօր արդեն այն ունի ամսական 8.000-10.000 այցելու»:
Հաղպատի միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանցի Օվսաննա Իսրայելյանը ասաց. «Մեր դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհու հետ ողջ դասարանով խնդիր ունեինք: Նա շատ լավ մասնագետ է, բայց դասի ժամին մոռանում է ռուսաց լեզվի մասին ու մեզ պատմում իր տղայից: Մենք ընդհանրապես ռուսերեն չենք խոսում դասի ընթացքում: Բլոգում գրեցի այդ խնդրի մասին, բայց, անկեղծ ասած, ոչ մի փոփոխություն չեղավ»:
Լոռու մարզի Ճոճկան գյուղի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Լիլիթ Սիրադեղյանն էլ բլոգում գրառումներ է արել մարդկային փոխհարաբերությունների, սիրո մասին. «Բացի այդ թեմաներից, երկար մտորումներից հետո համարձակվել եմ գրել դպրոցի խնդիրների մասին: Ինչո՞ւ եմ ասում համարձակվել, քանի որ երկար ժամանակ չէի ցանկանում խնդիրների մասին գրել ընդհանրապես: Մեր դպրոցը երկար տարիներ ունեցել է սանհանգույցի խնդիր: Նախարարության միջամտությամբ հարցը լուծվեց»:
Էջմիածնից Արփինե Մանվելյանը, որը սովորում է 8-ի հիմքով Էջմիածնի քոլեջներից մեկում, բլոգի միջոցով փորձել է վերականգնել իր 8-րդ դասարանի վկայականը: Բլոգի մասնակից երեխաները ակտիվ մասնակցության համար «Դպրոցական բլոգի» կազմակերպիչների կողմից ստացան 10.000-ական դրամ, հիշողության ֆլեշ քարտ: Գլխավոր մրցանակը՝ նեթբուք, ստացավ դիլիջանցի դպրոցական Ռոբերտ Պետրոսյանը՝ որպես ամենահամարձակ եւ ակտիվ բլոգեր:  Ամփոփվեցին նաեւ պատմվածքի՝ «Ուլիսես» մրցույթի արդյունքները. գլխավոր մրցանակը ստացավ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրից Մանե Գեւորգյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել