Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՍ ԹՇՆԱՄԻՆԵՐ ՉՈՒՆԵՄ»

Հոկտեմբեր 07,2011 00:00

\"\"  Հայտարարում է Հայաստանի պետական կամերային նվագախմբի ղեկավար Վահան Մարտիրոսյանը

 Ֆրանսիայի կոմպոզիտորների  միության անդամ, միջազգային համբավ ունեցող դաշնակահար եւ դիրիժոր Վահան Մարտիրոսյանը այս տարվա մարտից  ստանձնել է Հայաստանի պետական կամերային նվագախմբի գլխավոր դիրիժորի եւ գեղարվեստական  ղեկավարի պարտականությունները, համարում է, որ թշնամիներ չունի:  Նշենք, որ նա ստանձնել է մի նվագախմբի ղեկավարություն, որը մոտ  կես տարվա պարապուրդի հետեւանքով հոգնած եւ հուսալքված վիճակում էր հայտնվել:  Պատասխանելով  մի խումբ հայ երաժիշտների անունից  ներկայացված  մեղադրանքներին («Առավոտ», 29.07.2011), նա միտք է հայտնում, որ դա  թյուրիմացություն է,  քանի որ այնպիսի հեղինակավոր երաժիշտներ, ինչպիսիք են  Ռոբերտ Ամիրխանյանը, Արամ Սաթյանը եւ Էդուարդ Թադեւոսյանը,  դժվար թե ընդունակ լինեն նմանաստիճան անհիմն եւ անպատասխանատու կարծիքներ հայտնելու  նվագախմբի  թե ֆինանսական եւ թե մասնագիտական հարցերի քննարկման մասին: Դիրիժորը սիրով պատասխանեց մեր հարցերին:
-Ես հիշում եմ Ձեր մուտքը երաժշտական աշխարհ, երբ Դուք , լինելով Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի աշակերտ, զարմացնում էիք ինձ  ոչ միայն Մոցարտի  բացառիկ անմիջական եւ ոճականորեն անթերի  մեկնաբանությունով, այլեւ Ձեր հորինած օրիգինալ ստեղծագործություններով: Հայաստանի երաժշտական հանրությանը այսօր  քաջ հայտնի են Ձեր՝ Բախի, Բրամսի, Լիստի, Ռախմանինովի, բազում այլ՝ այդ թվում եւ ժամանակակից կոմպոզիտորների գործերի կատարումները, որոնք հնչում են եւ մեր,  եւ աշխարհի լավագույն համերգասրահներում, բազում անգամ թողարկվելով  հեռուստատեսային եւ ռադիո ալիքներով:  Վերջերս՝ Հայաստանի անկախության 20-ամյակի տոնական համերգում Դուք հնչեցրիք Առնո Բաբաջանյանի «Հերոսական բալլադից» մի հատված, որը հեռարձակվեց Հայաստանի բոլոր հեռուստաալիքներով եւ հուզեց մեր հեռու եւ մերձավոր հայրենակիցներին իր թարմ ու ապրեցնող շնչով: Դա,  իհարկե, ողջունելի է, սակայն, մյուս կողմից՝ դաշնակահարի Ձեր համբավը շատերին թույլ չի տալիս լրջորեն վերաբերվել  Ձեզ՝ որպես ստեղծագործողի եւ դիրիժորի: Օրինակ՝  Արամ Սաթյանի հայտարարությունն առ այն, որ «այս նվագախմբին հարկավոր է կոմպոզիտոր՝ գեղարվեստական ղեկավար»: Մի՞թե  Ձեր ստեղծագործական հաջողությունների մասին անտեղյակ են նույնիսկ Հայաստանի կոմպոզիտորների եւ երաժշտագետների միությունում…
–  Շնորհակալ եմ, որ հիշեցնում եք այդ մասին՝ այո, ինչպես պարզվում է, համեստությունն էլ մի թերություն է: Ես շատ վրդովված եմ, ես ճանաչում եմ Արամ Սաթյանին որպես կոմպոզիտորի, եւ կարծում էի,  որ նա էլ պիտի  ավելի լավ ճանաչեր ինձ:
– Քանի որ Ձեր հասուն շրջանի գործերը դեռեւս չեն հնչել Հայաստանում, խնդրում եմ  փոքր-ինչ պատմեք  Ձեր ստեղծագործական կյանքի մասին:
– Դուք ճիշտ նկատեցիք, որ ես դեռ մանկուց եմ սկսել հորինել: Երաժշտությունն իմ լեզուն է, այդ լեզվով իմ սիրտն է խոսում: Երբ ես նվագում  կամ չափ եմ տալիս, դա բնական է ստացվում, քանի որ ես այդ պահին կոմպոզիտորի միտքն եմ արտահայտում: Իհարկե, դրա համար հարկավոր էր նախ ինչ-որ  գիտելիքներ ունենալ, ինչպես, ասենք,  վարժ խոսելու համար հարկավոր է նախ քո մտքերը գրագետ շարադրել սովորես: Երաժշտության  բնագավառում  նախնական գիտելիքները՝  սկզբնական բառապաշարն ու շարահյուսության իմացությունն  ինձ  տվեց  իմ սիրելի  ուսուցչուհի Արքուհի Հարությունյանը, կամ ինչպես մենք սովոր ենք ասել՝  Առա Գեորգիեւնան, որին ես մշտապես  երախտապարտ կլինեմ: Նրա շնորհիվ է, որ հիմա ես կարող եմ ազատ կարդալ եւ գրել  երաժշտություն: Դեռ այդ տարիներից ես մի տեսակ ներքին զգացողություն ունեի, որ  չեմ կարողանա ինձ լիարժեք երաժիշտ համարել, եթե տիրապետեմ երաժշտական արվեստի միայն մեկ կողմին՝ կոմպոզիցիային, դաշնամուրային կամ դիրիժորական արվեստին: Մինչեւ XVIII դարի վերջը երաժիշտները  հենց այդպես էին մտածում եւ, համապատասխանաբար՝ գործում, սակայն այսօր դա շատերի համար անսովոր է: Այդ պատճառով ես սկսեցի հաճախել  Սպենդիարյանի անվան դպրոցի  Սվետլանա Բոյաջյանի կոմպոզիցիայի դասարանը, այնուհետեւ փոխադրվեցի  նրա ամուսնու՝ Ստեփան Ռոստոմյանի մոտ: Հիշում եմ, որ իմ դպրոցական տարիներին Երեւանում հաճախ  կոմպոզիցիայի մրցույթներ էին կազմակերպվում, եւ ամեն տարի դրանց մասնակցելով, ես մշտապես հաղթանակով էի դուրս գալիս:   1991 թվականին ես  ընդունվեցի Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիա, ընտրելով հենց  կոմպոզիտորական բաժինը եւ մինչ Փարիզի կոնսերվատորիայի դաշնամուրային բաժինն ընդունվելը 1993-ին, լրջորեն աշխատեցի այդ   ուղղությամբ՝  Ղազարոս Սարյանի  դասարանում:  Այդ ժամանակամիջոցին է վերաբերում իմ առաջին լարային կվարտետը, որը բարձր գնահատվեց քննական հանձնաժողովի կողմից:  Սակայն Ֆրանսիա տեղափոխվելուց հետո՝ ամբողջովին բեռնավորված լինելով  ինձ համար նոր լեզվական եւ մշակութային միջավայրում Փարիզի կոնսերվատորիայի  դաշնամուրային բաժնի բարդ ծրագրերով, ես դադարեցի երաժշտություն  գրել: Գուցե ես այլեւս չվերադառնայի կոմպոզիցիային, եթե օրերից մի օր  իմ ընկերոջը՝ կոմպոզիտոր Էրիկ Թանգիին, երկուսս էլ  մի փոքր գինովցած  էինք,  հանկարծ  չակնարկեի, որ ես էլ եմ կոմպոզիտոր: Նա անմիջապես ցանկացավ տեսնել իմ գործերից որեւէ մեկը:
Ես  տվեցի նրան  այն, ինչ ունեի՝ լարային կվարտետի ձեռագիրը:  Երբ նա ծանոթացավ այդ գործին,  սկզբում սաստիկ զայրացավ, իսկ հետո,  ասելով, որ մեղք է նման տաղանդը թաքցնելը, սկսեց համոզել,  որ ես անպայման  շարունակեմ այդ գործը, ու հանգիստ չթողեց, մինչեւ չհասավ իր նպատակին:  Զանգահարում ու հարցնում էր՝ գրե՞լ ես: Պատասխանում էի՝ ոչ:  եւ այդպես շարունակ, մինչեւ ես, ի վերջո,  հանձնվեցի ու գրեցի մի «Նոկտյուրն» երկու դաշնամուրների համար,  նվիրաբերելով այն Էրիկին:  Դա  2000 կամ 2001 թիվն էր, հետո  դրան հաջորդեցին մի շարք գործեր, որոնք ես գրեցի դարձյալ ընկերներիս համար, որոնք, լսելով «Նոկտյուրնը»,  մոտենում էին ինձ՝ իրենց համար էլ մի բան  գրելու խնդրանքներով: Այդպես, մի ծանոթ թավջութակահարի խնդրանքով գրեցի  Tempesta-ն  թավջութակի եւ նվագախմբի համար, հետո  Կլարնետի Սոնատը՝ ծանոթ կլարնետահարի խնդրանքով…
– Դրանք, փաստորեն, արդեն պատվիրված գործեր էին…
– Այո, եւ ես հիմա էլ մի պատվեր ունեմ. պիտի հայկական ոճով մի երգեհոնային Տոկկատ գրեմ…
-Հավանաբար, մի ծանոթ երգեհոնահարի՞ համար:
– Բնականաբար:
– Իսկ ե՞րբ Դուք դարձաք Ֆրանսիայի  կոմպոզիտորների, հեղինակների եւ հրատարակիչների ընդհանուր միության (SACEM) անդամը:
– Դա տեղի ունեցավ 2004 թվին, երբ հանկարծ  մտքովս անցավ,  որ քանի դեռ ես չեմ ամրագրել իմ ստեղծագործությունները այդ կազմակերպության միջոցով , ապա շատ հնարավոր է, որ մեկ ուրիշը կտպագրի դրանք՝ իր անվան տակ, եւ ես անզոր կլինեմ որեւէ բան ապացուցել:  SACEM-ի անդամ դառնալով, ես սկսեցի օգտվել Ֆրանսիայում գործող հեղինակային իրավունքով նախատեսված հոնորարներից, որոնք ես ստանում եմ ամեն կատարումից հետո: Որպեսզի այլեւս շատ  չխոսեմ հաջողություններիս մասին, նշեմ միայն, որ  իմ գործերից երկուսը՝  վերոհիշյալ «Նոկտյուրնը» եւ 2006 թվին գրված Հավերժական պարը ընդգրկվել է Armenia ձայներիզում (CD), որը  2007 թվին թողարկվել է Worner Classic   հայտնի ձայնագրող  ընկերության կողմից: Ուրախալի է, որ իմ ստեղծագործությունը այդ  երիզում  տեղ է գտել  Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի եւ ժամանակակից՝ մոսկվաբնակ Ալեքսանդր Գասպարովի գործերի  շարքում, եւ  որ այդ ձայներիզը այն   նույն  թվին  արժանացավ  փարիզյան Le Monde de la Musique  ամսագրի Տարվա ձայներիզ  մրցանակին:  Հատկանշական է նաեւ, որ ձայնագրությանը ինձ հրավիրել էին այսօր չափազանց բարձր միջազգային վարկանիշ ունեցող հայ երաժիշտներ՝ ջութակահար Ժան Մարկ Ֆիլիպս Վարժապետյանը եւ նրա եղբայր՝ թավջութակահար Քսավյե Ֆիլիպսը: Ի դեպ, Ա. Խաչատրյանի Սուսերով պարի իմ տրասկրիպցիան՝ դաշնամուրային տրիոյի համար, որը մենք ձայնագրել ենք այդ ձայներիզի համար, հաճախ ձայնարձակվում է  Mezzo  երաժշտական հեռուստաալիքով:
– Կարծում եմ, այս ամենը բավական է, որ հայ հանդիսատեսը անհամբեր  սպասի  Ձեր  ստեղծագործությունների  կատարմանը  Հայաստանում կամ, առնվազն, ձայներիզների միջոցով դրանց հետ ծանոթանալու հնարավորությանը: Բայց քանի դեռ դա տեղի չի ունեցել,  զարմանալի չէ, որ լրագրողներն էլ կսխալվեն, կոմպոզիտորներն էլ… Նշեմ նաեւ, որ ի պատիվ  Արամ Սաթյանի, ինձ հետ ունեցած զրույցի ընթացքում նա ասաց, որ լրագրողի հետ հատուկ չի զրուցել, այլ պարզապես հաճախ միտք է հայտնել, որ նախընտրելի կլիներ, որպեսզի ցանկացած երաժշտական կառույցի ղեկավարները կոմպոզիտորներ լինեին:
– Ես նաեւ շատ եմ կասկածում, որ Ռոբերտ Ամիրխանյանը ինչ-ինչ  անպատասխանատու հայտարարություն կարող էր անել՝ չէ՞ որ նա  ի պաշտոնե իրավունք ունենալով  ստուգելու  համապատասխան ֆինանսական փաստաթղթերը, կարող էր նախ ճշտել դա եւ հետո միայն հայտներ իր հեղինակավոր կարծիքը:  Իրականում իմ տրանսպորտային ծախսերը՝ եւ  դրանք, պարզ է, զգալի  գումար են կազմում, ես հոգում եմ ինքս: Իմ աշխատավարձը, որն ես ստանում եմ որպես նվագախմբի գլխավոր դիրիժոր եւ գեղարվեստական ղեկավար, մասամբ  փակում է այդ ծախսերը:  Ես եկել եմ Հայաստան՝ ծառայելու իմ ժողովրդին, օգնելու բարձրացնել մեր մշակույթի վարկանիշը աշխարհում, այլ ոչ մանրախնդիր պայքար մղելու որեւէ մեկի դեմ: Ցավալի կլիներ, իհարկե, եթե պարզվեր, որ ես սխալվում եմ, եւ որ  իրոք մեր Կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության նախագահն ընդունակ է նման անհիմն ու  բացահայտ սուտ մեղադրանք  ներկայացնել որեւէ երաժշտի: Դրանով նա նախ կվտանգեր իր  հեղինակությունը եւ, մյուս կողմից՝ կվարկաբեկեր պետական եւ հասարակական գործչի իր բարի անունը: Նման ղեկավար աշխատողի գործունեության արդյունքում երաժշտական ասպարեզում   վախի եւ տագնապի մթնոլորտ է ձեւավորվում, որում արդյունավետ ստեղծագործական աշխատանքն  անհնար է դառնում: Դա շատ ցավալի կլիներ, բայց ես մնում եմ իմ կարծիքին. իմ ճանաչած կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը  ընդունակ չէ նման բան ասել:     
 – Եթե ես ճիշտ եմ Ձեզ հասկանում, փաստորեն, արդյունքում փոշիանում են Ձեր, այլ ոչ թե նախարարության գումարները:
– Այո, այս օրվա դրությամբ ես բարեգործական հիմունքներով եմ աշխատում: Պարզապես գիտակցում եմ, որ եթե Հայաստանի մշակույթի նախարարը  պաշտոնապես հրավիրել է ինձ,  վստահելով ինձ հանրապետության լավագույն կոլեկտիվներից մեկի ճակատագիրը, ապա  պիտի գործադրեմ բոլոր իմ կարողությունները՝ արդարացնելու համար այդ վստահությունը. վերականգնել Կամերային նվագախմբի համբավը եւ փորձել բազմապատկել այն: Դա  մեծ եւ պատասխանատու խնդիր է: 
Ես չեմ հասկանում այն մարդկանց, որոնք, գիտակցելով, որ Ազգային կամերային նվագախումբը  այսօր ֆինանսական ճգնաժամ է ապրում, կարող են անտարբեր մնալ կամ չարախնդալ այդ առումով՝ նրա երաժիշտներին օգնության ձեռք մեկնելու փոխարեն:  Իմ կարծիքով, փրկել Կամերայինը՝  հնարավոր է միայն Հայաստանի եւ Սփյուռքի միասնական ջանքերով, եթե մենք բոլորս գումարենք մեր ուժերն ու կարողությունները: Եթե  Մանուկյանների հիմնադրամը կամ որեւէ այլ  հիմնադրամ իսկապես կարող են օգնել մեր երաժիշտներին՝ թեկուզ  տարրական ֆինանսավորման հարցերը լուծելու՝ համապատասխան  բարձր  աշխատավարձ ապահովելով երաժիշտներին, որպեսզի նրանք չհուսալքվեն եւ չհեռանան Հայաստանից,  ապա ինչո՞ւ են հապաղում: Ես չեմ կարող դա հասկանալ:
– Ես  այն կարծիքին եմ, որ նվագախմբին հարկավոր է մի հմուտ պրոդյուսեր,  որի գործունեությունը պետք է ուղղված լինի խմբի եւ ֆինանսական, եւ ադմինիստրատիվ խնդիրներին, ունենալով որոշակի ավտոնոմիա: Ի դեպ, դեռ 1974 թվին Զարեհ Սահակյանցը բարձրացրել է Կամերային նվագախմբի անկախացման հարցը, որի դրան հաջորդած  հեռացվելուց հետո՝ այդպես էլ օդում կախված մնաց: Սակայն այս դեպքում,   ըստ հոդվածագրի կարծիքի, ֆինանսավորման հարցերը չեն լուծվում այն պատճառով, որ հնարավոր  հովանավորները դժգոհ են  Կամերային նվագախմբի երկացանկային քաղաքականությունից, որում, մի կողմից, չեն հնչում հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները, եւ մյուս կողմից՝ կատարվելիք գործերի 70% -ը ոչ թե կամերային, այլ սիմֆոնիկ նվագախմբի համար են նախատեսված: Բացի դրանից, նրանք սկզբունքորեն  դեմ էին, որ նվագախմբի  ղեկավար նշանակվեր  մի  «գաստրոլյոր»  դաշնակահար, եւ կարող են օգնության ձեռք մեկնել  միմիայն   Հայաստանում ապրող  դիրիժորին:
-Ես կուզեի նախ եւ առաջ անդրադառնալ երկրորդ հարցին՝ իհարկե,  «գաստրոլյորի»  պիտակի վիրավորական իմաստը մի  կողմ թողնելով,  քանի որ դա կարեւոր է ընդհանրապես ժամանակակից երաժշտական աշխարհում գլխավոր դիրիժորի դերը հասկանալու համար: Ես բազմիցս զրուցել եմ  այդ հարցերի շուրջ իմ լուսահոգի մենեջեր Միշել Գլոդսի հետ՝ նրա անունը հայտնի է երաժշտական աշխարհում որպես Հերբերտ ֆոն Կարայանի, Մարիա Կալլասի եւ այլ նշանավոր երաժիշտների մշտական աջակցի,  եւ պարզել եմ, որ գլխավոր դիրիժորի պաշտոնը  պարտադրում է ոչ թե անընդմեջ  աշխատել մեկ նվագախմբի հետ, այլ  ճիշտ հակառակը՝ աշխատել  առնվազն երկու՝ իսկ լավագույն դեպքում՝  3 կամ 4 նվագախմբերի հետ  միաժամանակ: Դա շատ բարդ է իրագործել, հաճախ  թվում է, որ դա մարդկային ուժերից վեր է, սակայն հենց  այդ ճանապարհն է  լուրջ հաջողությունների նախադրյալ դառնում, կանխելով լճացման վտանգը: Հասկանալի է, որ նման պայմաններում գլխավոր դիրիժորը  չի կարող միանձնյա  պատրաստել եւ հանդես գալ նվագախմբի  բոլոր համերգներում, նա  դրանցից միայն  30-50 կամ, առավելագույնը՝  50%-ին է անմիջական մասնակցություն ունենում, բայց եւ այնպես՝ նա պատասխանատու է նվագախմբի երկացանկային քաղաքականության համար: Ընդ որում, շատ կարեւոր է, որ  համերգների մյուս մասն անցնի այլ՝ հրավիրված դիրիժորների ղեկավարությամբ: Հակառակ մեզանում տարածված մտավախությանը, դա  չի վերածվում քաոսի, որովհետեւ նվագախումբը նախ ճանաչում եւ ընդունում է գլխավոր դիրիժորի լեզուն՝ նրա ոճը, նրա վերաբերմունքը, մոտեցումները… Դա դառնում է, կարճ ասած, նրա «մայրենի լեզուն»: Մինչ Հայաստանի ազգային կամերային նվագախմբի ղեկավար դառնալը, ես մոտ 7 ամիս աշխատել եւ ամեն ամիս  համերգներ եմ տվել այս նվագախմբի հետ, փորձելով  հասկանալ, ընդունո՞ւմ են, արդյոք, նրա երաժիշտներն իմ ոճը, մոտեցումները, թե՝ ոչ: եւ երբ համոզվեցի, որ իսկապես մեր միջեւ արդեն  ձեւավորվել են  համատեղ աշխատանքի համար անհրաժեշտ փոխըմբռնումը եւ ստեղծագործական առողջ մթնոլորտը, այդ ժամանակ  էլ համաձայնություն եմ տվել նախարարի առաջարկին: Սակայն նվագախմբի հետագա զարգացման համար միմիայն մայրենի լեզվի իմացությունը քիչ է՝ հարկավոր է ճանաչել եւ կողմնորոշվել նաեւ այլ լեզուներում: Այսօր Հայաստանում խոսում են ոչ միայն հայերեն, եւ դա, անշուշտ, նպաստում է նրա զարգացմանը: Իհարկե, այդ զարգացումը չի կարող  ճիշտ ընթանալ, եթե  մայրենի լեզուն չի  պահպանում  իր հիմնավորող դերը՝ որպես շփման եւ ճանաչման  մի խարիսխ: Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում Հայաստանում ապրող եւ ստեղծագործող դիրիժորներին, հասկանում եմ՝ որքան դժվար է Հայաստանի պայմաններում ապրել եւ աշխատել, առաջնորդվելով եւրոպական չափանիշներով, եւ ես պատրաստ եմ նրանց տրամադրել նվագախումբը եւ համագործակցել նրանց հետ: Այսպես, Ազգային կամերային երգչախմբի գլխավոր դիրիժոր եւ գեղարվեստական ղեկավար  Ռոբերտ Մլքեյանը արդեն երկու անգամ առիթ է ունեցել հանդես գալու Պերգոլեզեի «Ստաբաթ Մատեր»-ի եւ  Շուբերտի մեսսայի կատարմամբ, ղեկավարելով   Կամերային տան  եւ երգչախումբը, եւ նվագախումբը: Մեր համատեղ աշխատանքը մշտապես ընթանում է պարզ եւ ջերմ ընկերական փոխըմբռնման մթնոլորտում: Դա այդպես էլ պիտի լինի, եւ արտառոց ոչինչ  ես չեմ տեսնում դրանում: Ավելին՝ մենք հիմա համագործակցության նոր ծրագրեր  ենք մշակում, եւ դրանցից մեկի համաձայն նա պատրաստ է տրամադրել ինձ իր  երգչախումբը՝  Սուրբ Ծննդյան երեկոյի առթիվ  նախատեսված տոնական համերգի համար: Բացի դրանից, Կամերային նվագախմբի հետ արդեն հանդես են եկել  եւ Հարություն Արզումանյանը, եւ մեր սիրելի Զավեն Վարդանյանը, նոյեմբերին   նվագախմբի հետ հանդես կգա նաեւ  Զավեն Սիմոնյանը, որը երաժշտության մեծ գիտակ է: Մի խոսքով, ես պատրաստ եմ համագործակցել  բոլոր այն   դիրիժորների հետ, ովքեր ցանկանում են եւ կարող են հետաքրքիր  ծրագրեր պատրաստել նվագախմբի հետ:
–  Ես գտնում եմ, որ ժամանակակից ստեղծագործությունների կատարումը ոչ պակաս ստեղծագործական շնորհ է պահանջում արտիստից, քան բուն հեղինակից: Ես  չեմ  թաքցնում հիացմունքս Շոստակովիչի երաժշտության  Ձեր մեկնաբանման կապակցությամբ, որում հստակորեն  հնչեց կոմպոզիտորի ընդվզումը մարդկային արժանապատվությունը ճնշող ռեժիմի դեմ: Սակայն  նույն այդ  ստեղծագործությունը, որը  մի կատարմամբ կարող է  անջնջելի հետք թողնել հիշողությանդ մեջ, մեկ այլ մեկնաբանությամբ կարող է  դառնալ ոչ միայն անհետաքրքիր ու ձանձրալի, այլեւ վերածվել երաժշտության  հետ բացարձակ կապ չունեցող հնչյունների մի կույտի:
– Երաժշտության կատարումը միշտ է պահանջում ստեղծագործական մոտեցում, քանի որ ամեն մի կատարումը նոտաներով գրված տեքստի մի նոր վերարտադրում է, որը տարբերվում է իր նախորդ եւ հաջորդ կատարումներից: Աստված մի արասցե, որ ես նույն ստեղծագործությունը երկու անգամ նույնությամբ կատարեմ: Դա վերջն է լինելու:  XX  դարի երաժշտության  կատարումը ոմանց համար ավելի դյուրին է, իսկ այլոց համար առավել մեծ դժվարություն է ներկայացնում:  Այստեղ, ինչպես  նախորդ դարերում, չկան կոմպոզիտորի համար պարտադիր երաժշտական, այսպես ասենք, «խաղի կանոններ», չկա եւ  միասնական երաժշտական լեզու: Ամեն մի կոմպոզիտոր մի նոր,  անհայտ լեզու է առաջարկում ունկնդրին իր ամեն մի նոր գործում…
– Այդ «ավանդույթի» հիմնադիրը, եթե չեմ սխալվում, ռուս կոմպոզիտոր Իգոր Ստրավինսկին էր, որն ամեն մի նոր ստեղծագործությամբ ապշեցնում էր իր  երկրպագուներին…
– Այո, եւ այդ պայմաններում  կողմնորոշվելը բավականին բարդ է, քանի որ այդ լեզուներից շատերին դու հանդիպում ես առաջին անգամ  եւ, բնականաբար, դրանց չես տիրապետում: Օրինակ,  չինարեն լեզվին ես չեմ տիրապետում, եւ եթե լսեմ մի որեւէ չինական պոեմ, ես ոչինչ չեմ հասկանա: Սակայն եթե ես այդ լեզուն ուսումնասիրեմ եւ որոշ չափով տիրապետեմ, ես կհասկանամ նրա իմաստը, որը մի հիանալի հայտնություն կարող է դառնալ ինձ համար՝ իր ձեւի եւ բովանդակության միասնության մեջ:
– Կարող է եւ չդառնալ:
– Իհարկե, դա էլ  չի բացառվում, եւ պատահում  են  գործեր, որոնք ինձ չեն հետաքրքրում: Ամեն դեպքում, կատարողը մեդիատոր է, եւ եթե նա որեւէ գործ է կատարում, նա  պիտի ունակ լինի ընկալելու  կոմպոզիտորի  միտքը, կռահի եւ բացահայտի նրա  ուրույն լեզվի կառուցվածքն  ու  ասելիքը եւ անխափան հասցնի այդ ամենը ունկնդրին: եւ այստեղ արդեն կատարողի ունեցած ինքնուրույն ստեղծագործության փորձը կարող է օգնության գալ:
 – Տարիներ շարունակ ժամանակակից երաժշտության կատարման ասպարեզում  աշխատելով՝ մեր երգչախմբերն էլ են հետաքրքիր փորձ կուտակել: Չեմ կարող այս առումով  չհիշել  Սոնա Հովհաննիսյանի, «Հովեր» երգչախմբի ժամանակակից եւ հատկապես ժամանակակից հայ հեղինակների  բազմակողմանի, խորաթափանց եւ ամեն անգամ նորովի հետաքրքիր մեկնաբանությունները: 
-Իհարկե, ես ծանոթ եմ «Հովեր» կամերային երգչախմբին,  մասնավորապես վերջերս Ֆրանսիայում կայացած «Պոլիֆոլիա» փառատոնին նրա ունեցած հաջողությանը: Մենք դեռ  չենք հասցրել  որոշակի  ծրագրեր մշակել, բայց արդեն մտածում ենք այդ ուղղությամբ:  Միեւնույն ժամանակ ես պատրաստ եմ համագործակցել եւ Հարություն Թոփիկյանի երգչախմբի հետ, եւ Հեքեքյանի… ճիշտն ասած, բավականին ժամանակ է, ինչ Տիգրանը ինձ չի զանգահարել, բայց դա ոչինչ չի նշանակում: Ես հիշում եմ, որ երբ ես փոքր էի, մենք՝ նրա փոքրիկ երգիչների խմբի հետ միասին, հյուրախաղերով անցել էինք ողջ Գերմանիան… 

– Այժմ վերադառնանք մեր ոչխարներին, այսինքն՝ երկացանկի հարցերին:  Դուք համաձա՞յն եք, որ հարկավոր է հնչեցնել հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները:      
–  Իհարկե, ես միայն համաձայն չեմ, երբ ասում են, որ ես չեմ  կատարում դրանք: Եթե Էդվարդ Միրզոյանը, Առնո Բաբաջանյանը, Ղազարոս Սարյանը,  Սերգեյ Աղաջանյանը, որոնց ստեղծագործությունները  Կամերայինը արդեն հնչեցրել է  այս տարվա ընթացքում, հայ կոմպոզիտորներ չեն, ապա ես ներողություն եմ խնդրում:  Աշխատելով Ֆրանսիայում՝ իմ  Maestrina կամերային նվագախմբի հետ, որը կազմված է բացառապես եւրոպական լավագույն նվագախմբերի կոնցերտմայստերներից,  ես ամեն անգամ կատարում եմ հայ հեղինակների երկերը: Նույնը՝ Ստրասբուրգի ֆիլհարմոնիկի եւ Բադեն-Բադեն-Ֆրայբուրգի նվագախմբերի հետ, որոնց հետ տարին երկու անգամ ելույթ ենք ունենում Տուլուզում եւ Ստրասբուրգում, եւ այդ համերգների ողջ հասույթը  մենք ուղարկում ենք Հայաստանի մանկատներին: Ես արդեն կատարել եմ նրանց հետ Կոմիտասի ասլամազյանական մշակումները, Միրզոյանի «Սիմֆոնիան», Ալթունյանի «Բերդ պարը», այս տարի պատրաստվում ենք հնչեցնել Ալեքսանդր Հարությունյանի գործերից մեկը: Ճիշտ է, Կանի (Caen) սիմֆոնիկ նվագախումբը, որում ես աշխատում եմ որպես գլխավոր դիրիժոր, դեռ չի կատարել որեւէ հայ հեղինակի գործ՝ ցավոք, այդ նվագախմբի գեղարվեստական ղեկավարի դիրքորոշմանը դա չի համապատասխանում, բայց եւ այնպես, ես հույս ունեմ, որ դա ժամանակի խնդիր է:  Իմ դաշնամուրային եւ անսամբլային ելույթներում էլ՝ լինի դա եւրոպան, Կանադան կամ Ճապոնիան, մշտապես հնչում են  Կոմիտասի Պարերը, Կոմիտաս-Անդրեասյանի «Գարուն ա»-ն, Խաչատրյանի «Տոկկատը», Բաբաջանյանի «Վաղարշապատի պարը», նրա հանճարեղ «Տրիոն»…  Ինչպե՞ս կարող եմ ես անմասն մնալ հայ երաժշտությունից: Դա աբսուրդ է: Բացի դրանից, Դուք, հավանաբար, արդեն գիտեք, որ մյուս տարի կլրանա 1962 թվին Զարեհ Սահակյանցի   հիմնադրած Կամերային նվագախմբի  50-ամյակը: Ես պատրաստվում եմ նշել նվագախմբի  հոբելյանը՝ վերականգնելով նրա երկացանկում  հայ կոմպոզիտորների ամենանշանակալի գործերը,  այդ թվում  Կոմիտասի  «Պատարագ. Հատվածներ» սյուիտը  Զարեհ Սահակյանցի  մշակումով: Մտադիր եմ կատարել նաեւ  հայ կոմպոզիտորների այն գործերը, որոնք նվիրված են եղել կոլեկտիվին այդ տարիների ընթացքում: Սակայն  երբ ես դիմեցի Կամերայինի գրադարանավարին, որպեսզի նա ինձ տրամադրի այդ գործերի պարտիտուրները,  նա ինձ շատ զարմացրեց: Պարզվեց, որ Կամերայինի երբեմնի հարուստ գրադարանը այժմ  գտնվում է գրեթե  բոլորովին  դատարկված, կարելի է ասել՝ թալանված վիճակում:
– Ինչպե՞ս կարող էին  50 տարի շարունակ կուտակված պարտիտուրները  անհետանալ, եւ ինչո՞ւ  այդպիսի մեծ կորստի մասին ոչ ոք  չի խոսում:  Այդ նոտաների թվում պիտի լինեին  նաեւ Վիվալդիի երկերի գրեթե լիակատար ժողովածուն, որը կաթողիկոս Վազգեն Ա-ն ընծայել էր Զարեհ Սահակյանցին, եւ այլ նվիրատվություններ: Չէ՞ որ դա  ոչ միայն Կամերայինի  կոլեկտիվի, այլեւ ազգային  երաժշտության պատմության նշանակալի էջերի անվերականգնելի կորուստ է: Դուք փորձե՞լ եք պարզել, թե ի՞նչ է տեղի ունեցել, եւ հնարավո՞ր է արդյոք գտնել եւ ետ բերել այդ ամենը:
 – Փորձել եմ, բայց ապարդյուն: Հարցն այն է, որ պարտիտուրները, ինչպես նաեւ  երաժիշտների համար դրանցից դուրս գրված առանձին պարտիաները (դա էլ ժամանակատար եւ աշխատատար մի գործ է, որը տարիներ շարունակ կատարել են գրադարանի աշխատակիցները) հաշվառված չեն եղել որպես պետական գույք: Դա թույլ չի տալիս պաշտոնապես պահանջել դրանց վերադարձը, թեեւ կան կատալոգներ, ցուցակներ եւ կենդանի վկաներ: Բարեբախտաբար, պատմական այն նվերը, որը նվագախումբը ստացել էր լուսահոգի կաթողիկոսի կողմից, փրկված սակավաթիվ մասունքներից է: Ինչ վերաբերում է  նոտաների վերադարձին,  թող դրանով զբաղվեն համապատասխան պետական ատյանները, եթե, իհարկե, ազգային հոգեւոր  արժեքների կորստի հարցը նրանց դեռեւս հուզում է: Ազնվորեն ասած,  Կամերայինի համար գրված հայ կոմպոզիտորների ձեռագրերը հայտնաբերելու եւ ետ բերելու որեւէ  ճանապարհ ես  չեմ տեսնում: Թող որ ես սխալ լինեմ:  Միակ բանը, ինչ ես հիմա կարող եմ անել եւ անում եմ՝ նոտաներ եմ գնում արտասահմանում, դրանց համար էլ վճարելով իմ գրպանից…
– Դուք դիմե՞լ եք Կոմպոզիտորների միությանը  կամ որեւէ այլ երաժշտական կազմակերպության:
– Այո, եւ կարող եմ ասել, որ դիմել եմ նախ եւ առաջ Ռոբերտ Բաբկենովիչին, որին խնդրել եմ տալ ինձ հայ կոմպոզիտորների կամերային ստեղծագործությունների  ողջ ցուցակը՝ ըստ հեղինակների եւ նրանց յուրաքանչյուր գործի  խրոնոմետրաժի, համապատասխան պարտիտուրներով, սակայն մինչ օրս ստացել եմ միմիայն  մի փոքր ցուցակ, որում նույնիսկ ժամանակաչափը նշված չէ:  Մյուս կողմից՝ Հայկական երաժշտական համաժողովի նախագահ Լեւոն  Չաուշյանին դիմելով՝ ես ստացա ավելին, քան ակնկալում էի, եւ նրա տրամադրած ժամանակակից հայ հեղինակների գործերին Դուք կարող եք ծանոթանալ արդեն հոկտեմբերի 30-ի մեր համերգում: Բացի դրանից,  ինձ անձամբ ՝ առանց որեւէ կազմակերպության միջնորդության, արդեն դիմել են մի շարք կոմպոզիտորներ, այդ թվում Տիգրան Մանսուրյանը, Էդուարդ Հայրապետյանը, Գագիկ Հովունցը, Երվանդ Երկանյանը, Վարդան Աճեմյանը, Գեղունի Չթչյանը եւ ուրիշներ:
– Այսպիսով, կարելի է վստահ լինել, որ Կամերայինի գրադարանը կրկին կդառնա  հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների մի շտեմարան: Մնաց մի հարց. «Առավոտ»-ում հրապարակված տխրահռչակ հոդվածում Կոմիտասի քառյակի ջութակահար Էդուարդ Թադեւոսյանը զարմանք է հայտնել, թե «ինչո՞ւ է Կամերային նվագախումբը դիմում Կոմիտասի ասլամազյանական մշակումներին, չէ՞ որ դրանք արվել են քառյակի համար», եւ որ  «Կամերայինի մեկնաբանությամբ հնչող մշակումները, միանշանակ, տուժում են»:
– Չեմ կարծում, որ այսքան տարի Կոմիտասի անվան քառյակի առաջին ջութակ նվագողը նման բան ասած լիներ, հավանաբար, դա էլ է լրագրողի հարուստ երեւակայության արդյունք:
 Ինչ վերաբերում է ինձ, ապա անձամբ ես դեռ  Երեւանում չեմ կատարել Ասլամազյանի որեւէ մշակում Կամերային նվագախմբի հետ: Առավել եւս, որեւէ ինքնուրույն փոխադրություն չեմ արել:  եւ  ի՞նչ իմաստ ունի  նվագախմբային նոր տրանսկրիպցիա գրելը,  եթե կա  տպագրված  հենց Ս. Ասլամազյանի արած հատուկ  նվագախմբային խմբագրությունը, որտեղ նշված է նաեւ կոնտրաբասի պարտիան:    Ճիշտ է, այդ նոտաները՝ ինչպես եւ մյուսները,  գրադարանից անհետացել են, եւ այդ պատճառով ես դեռ չեմ հասցրել  իրականացնել Ասլամազյանի մշակումների կատարման հետ կապված իմ նախագիծը: Բայց կիրականացնեմ: Վստահ եղեք, ես անպայման դրանք կկատարեմ:  Առհասարակ, հարկավոր չէ  փոխադրությունը ինչ-որ  կասկածելի ժանր համարել, դրանք երաժշտության մեջ միշտ էլ եղել են ու կլինեն, քանի դեռ կա դրանց կարիքը:  Բախը փոխադրել է կլավիրի համար Մարչելոյի, Վիվալդիի եւ այլոց ջութակի կոնցերտները, հետո Լիստը, Բուզոնին եւ այլոք փոխադրել են  Բախի ստեղծագործությունները տարբեր կազմերի համար: Լիստի դաշնամուրային տրանսկրիպցիաները  լայն հասարակությանը հասու դարձրին Ռոսինիի, Վագների օպերաների մեղեդիները, Պագանինիի կապրիսները, Շուբերտի երգերը եւ այլն: Դրանցից ամեն մեկը մի նոր երանգ,  նոր շունչ եւ նոր թեւեր է տվել ուրիշի գրած երկերին: Նմանապես Կոմիտասի  ժողոված հոգեւոր եւ աշխարհիկ  մեղեդիները Զարեհ Սահակյանցի եւ Սարգիս  Ասլամազյանի մշակումների շնորհիվ նոր կյանք են ստացել: Բացի դրանից,  այդ մեղեդիները հնչեցին ինքնին եւ  իրենց հատուկ  խոր եւ ինքնամփոփ զգացմունքայնությամբ, իրենց առանձնահատուկ հմայքով գերեցին տարբեր ազգի ունկնդիրների: Դա լայնացրեց նրանց «աշխարհագրությունը»:
– Այստեղ մի նրբություն էլ կա.  երբ Կոմիտասի մեղեդիները այդ մշակումների  արդյունքում  դարձան զուտ  գործիքային՝  ազատվելով խոսքի որոշակի պայմանականությունից եւ  ձայնի անմիջական ջերմությունից, նրանք  ձեռք բերեցին մի նոր կարեւոր արժեք, այն է՝  դարձան  մաքուր երաժշտության նմուշներ:  Հարկավոր չէ մտածել, որ այդ արժեքը գնահատում են միմիայն նեղ մասնագետները՝ դա հասկանում եւ զգում է դասական  երաժշտությանը հաղորդակից դարձած  ունկնդիրների մեծ մասը: Ասլամազյանի գործիքային  տրանսկրիպցիաները՝  ի տարբերություն  Կոմիտասի գրանցած եւ մշակած երգերի,  հայտնաբերեցին մի նոր, ինքնուրույն չափում՝ դրանով իսկ մեծապես  խթանելով կամերային- գործիքային երաժշտության զարգացմանը: Եթե կոմիտասյան երգերն ալմաստներ էին, ապա Ասլամազյանի շնորհիվ նրանք փայլեցին որպես ադամանդներ: Նմանապես  հայ հոգեւոր երգերը   Զ. Սահակյանցի տրանսկրիպցիայի միջոցով բացահայտեցին  իրենց ուրույն բովանդակությունը եւ  կառուցողական սկզբունքները, եւ դա  օգնեց մեզ վերագտնել հայ երաժշտության արմատները՝ որպես մի  վերացական լեզվամտածողության կրողի, մի բուն երաժշտական լեզվամտածողության,  որն ավելի  կատարյալ եւ ավելի հին է, քան եւրոպականը: Չմոռանանք նաեւ, որ այդ աշխատանքն արվել էր 60-ական թվերի սկզբին, երբ Կոմիտասի Պատարագի մասին ընդունված էր խոսել որպես  անհաջող եւ անավարտ մի գործի, որի պատկանելությունն անգամ Կոմիտասի գրչին կասկածելի էր համարվում: Հիշենք, որ  այդ տարիներին կարելի էր միայն երազել Կոմիտասի Պատարագը եկեղեցում կամ համերգային սրահում երգչախմբի կատարմամբ լսելու մասին՝ դա իրագործվեց   միայն 1986 թվականին:  Մինչ օրս դեռ շատ քիչ է ասված այն մասին, թե ինչպիսի հզոր խթան հանդիսացավ այդ գործը հայ երաժշտագետների, կոմպոզիտորների եւ կատարողների գիտակցության եւ առհասարակ՝ մեր ազգային  ինքնության հաստատման համար: եւ այսօր էլ  շատ կարեւոր է պահպանել մեր մեծերի  ձեռքբերումները եւ բազմապատկել դրանք նոր նվաճումներով: Այդ արմատը դեռ շատ պտուղներ ունի տալու մեր ժողովրդին, եթե մենք արժանի գտնվենք դրանց:
–  Մենք, իրոք,  հարուստ երաժշտական ժառանգություն ունենք, եւ դա լուրջ մշակութային արժեք է: Պարզապես հարկավոր է ուշադիր լինել նրա նկատմամբ: Որպեսզի արմատը պտուղ տա, այն հարկավոր է պարբերաբար ջրել եւ խնամել:  Կարծում եմ՝ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ  վերջին տարիների ընթացքում նվագախմբի հիմնադրի անունն անգամ  մոռացության է տրվել: Ես  մտադիր եմ ուղղել այդ սխալը,  վերականգնել նվագախմբի երկացանկում եւ մյուս նրա հրաշալի  մշակումները՝ հայ եւ եւրոպացի հեղինակներից՝  ձայնի եւ կամերային  նվագախմբի համար: Վերադառնալով ժամանակակից հայ երաժշտությանը՝ ասեմ, որ շատ եմ հավանել  Սերգեյ Աղաջանյանի «4 պոլիմոնոդիաներ»-ը, որոնց հիմքում ընկած են հին հայկական տաղերը: Պատրաստվում եմ շուտով ներկայացնել  եւս մի հետաքրքիր մտածող  կոմպոզիտորի՝ Էդուարդ Հայրապետյանի  Ջութակի կոնցերտը, որում որպես մենակատար հանդես կգա մեր կոնցերտմայստեր Աստղիկ Վարդանյանը: Ինչ վերաբերում է նվագախմբի երկացանկի այլ հարցերին, ապա… նույնիսկ չգիտեմ՝ արժե՞ արդյոք  պատասխանել այդ հարցերին, թե՝ ոչ: Բավական է բացել 5-րդ դասարանի երաժշտական գրականության դասագիրքը՝ Հայդնի եւ Մոցարտի սիմֆոնիկ նվագախմբի մասին գաղափար կազմելու համար. դա նախ եւ առաջ լարային նվագախումբ էր, որին ըստ պահանջի ավելացվում էին մի քանի զույգ փողային եւ մեկ-երկու հարվածային գործիքներ, ինչը այսօր լիովին համապատասխանում է ժամանակակից կամերային նվագախմբի կազմին: Եթե այդ տողերի հեղինակը կարդար առնվազն Զարեհ Սահակյանցին  նվիրված «Մարած աստղի լույսը» գիրքը, որում զետեղված է նվագախմբի այն տարիների երկացանկը,  ապա նույնպես  նման միտք չէր արտահայտի:  Նմանապես, եթե նա իմանար, որ Մենդելսոնը գրել է երկու ջութակի կոնցերտներ,  որոնցից առաջինը, որը պակաս հայտնի է, եւ որը մենք կատարեցինք,  գրված է ջութակի եւ լարայինների համար, ի տարբերություն  հանրաճանաչ  մի մինոր  երկրորդ Ջութակի կոնցերտի, որը գրված է մեծ սիմֆոնիկ նվագախմբի համար, ապա այդ խոսքերն էլ չէին հնչի: Այստեղ է ասված. «Լավ է, որ բերանդ փակես, եւ կարծեն, թե տգետ է, քան բերանդ բացես եւ ոչ մի կասկած չթողնես դրանում»:  Այդ ամենը գալիս է  թյուրիմացությունից,  այսինքն՝  պարզապես թերի գիտելիքի արդյունք է: Ու եթե նույնիսկ շատ հեղինակավոր մի  մարդ, դրդված լինելով ամենաբարձր նպատակներով,  թույլ է տալիս իրեն  նման  ծիծաղելի բաներ ասել, միեւնույն է՝  նրա հեղինակությունը անմիջապես զրոյանում է հասկացողների աչքերում:  Ես ոչ մի վայրկյան չեմ կասկածում դրանում:                                                                                      

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել