Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ մեկի խիղճը չի՞ տանջում

Հոկտեմբեր 07,2011 00:00

Բացի Լինսի հիմնադրամի եւ ՔՈԱՖ-ի հովանավորությամբ կառուցված դպրոցների, մյուս բոլոր դպրոցներում կամ թեքահարթակներ չկան, կամ «վայ» թեքահարթակներ են, դռները չունեն համապատասխան լայնություն, զուգարանները հարմարեցված չեն, եւ շինարարներն ուղղակի անտեսում են հաշմանդամներին հարմարեցված միջավայր կառուցելու օրենքի պահանջը: Զորօրինակ, Արմավիրի մարզպետի տեղակալ Լ. Մուրադյանի մոտ սույն թվականի հունիսի 13-ին տեղի ունեցած Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի նիստի ժամանակ մարզի քաղաքաշինության վարչության պետ Դանիելյանին հանձնարարվել է «շինարարական խնդիրներն այնպես կազմակերպել, որ նոր ուսումնական տարում ներառական կրթության համար պահանջվող պայմանները բավարարեն համապատասխան պահանջվող չափանիշներին»: Անձամբ լինելով Արմավիրի վերանորոգվող դպրոցներում՝ վկայում եմ, որ այդ հանձնարարականը զանց է առնվել շինարարների կողմից:
Սույն թվականի հուլիսի 18-ին դիմել եմ վարչապետին, թե ինչո՞ւ է կառավարության 2006 թվականի որոշումն անտեսվել՝ Ազատության հրապարակի ավտոկայանատեղիի ճարտարապետահատակագծային առաջադրանքում: Քաղաքաշինության նախարարի ժամանակավոր պաշտոնակատարը պատասխան նամակում հայտնում է, որ այդ նախագծով նախատեսվել է հաշմանդամների եւ բնակչության սակավաշարժ խմբերի համար տեղաշարժվելու անհրաժեշտ պայմաններ՝ վերելակ, «սակայն տեխնիկական բարդությունների պատճառով իրականացվել է ներքեւի երկու հարկերից մինչեւ օ-ական նիշը, որը գտնվում է հրապարակի նիշից երեք մետր ներքեւ»: Այստեղ են ասել՝ լա՞ս, թե՞ խնդաս:
Ո՞վ է այս դեպքերում օրենքից վեր կանգնած մարդը կամ մարդիկ, որ ստորագրել են վերոնշյալ շինարարությունների ավարտական ակտերը, ստացել գումարները, սակայն ոչ մեկը պատասխանատվության չեն ենթարկվել օրենքի պահանջը չկատարելու, ոչ մեկի խիղճը չի տանջել սայլակի վրա նստած մարդուն տեղաշարժվելու հնարավորությունից զրկելու համար: Իսկ որեւէ մեկս ապահովագրվա՞ծ ենք անվասայլակին նստած երեխա կամ հարազատ ունենալուց: Հենց այս հարցերը բազմիցս բարձրացնում են հաշմանդամների քաղաքացիական շահերը ներկայացնող հ/կ-ները, սակայն՝ ձայն բարբառո հանապատի:
Մենք, որպես պետություն, ստանձնել ենք պարտավորություն՝ իրականացնել «Կրթություն բոլորի համար» երեխայի իրավունքը, որովհետեւ կրթությունը մեկն է, իսկ երեխաների կրթական կարիքները՝ տարբեր: Այս պահանջը, որպես նպատակ ու խնդիր, դրված է նաեւ 2011-2015թթ. «Կրթության զարգացման պետական ծրագրում». ապահովել բոլոր երեխաների որակյալ կրթություն ստանալու հնարավորությունը՝ ստեղծելով ներառական կրթության հնարավորություններ բոլոր հանրակրթական դպրոցներում: Լավ է, որ գրել ենք, բայց պարզվում է՝ իրականացնողներն օրենքները կարդալ չգիտեն, իսկ հանրապետության նախագահն ու վարչապետը չեն պահանջում սովորել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել