Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԻՉ՝ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ, ՇԱՏ՝ ԷՆՏՈՒԶԻԱԶՄ

Հոկտեմբեր 07,2011 00:00

\"\"Այսօր Գրադարանավարի օրն է

Թեպետ աշխատավարձի չափը մասնագիտական նվիրումի հետ կապ չունի, բայց ժամանակն է, որպեսզի հատկապես մշակույթի ոլորտում աշխատավարձեր սահմանողները առաջնորդվեն խոհեմության սկզբունքով: Դժվար է պատկերացնել, որ ամսական 35 հազար դրամ ստացող գրադարանավարը ամեն օր սիրով ու նվիրումով է գալիս աշխատանքի, սպասարկում ընթերցողներին, այսպես հավատարիմ մնալով իր մասնագիտությանը, որը խորհրդային տարիներին ամենահեղինակավորներից մեկն էր համարվում: 2004թ.-ից հոկտեմբերի 7-ը նշվող Գրադարանավարի օրվա առիթով «Առավոտը» կարճատեւ զրույց ունեցավ Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանի հետ: Նախ հետաքրքրվեցինք, թե գրադարանների նկատմամբ պետական ուշադրության ու հոգածության ի՞նչ արտահայտություն կարող է նշել տնօրենը՝ իր գրադարանի օրինակով. «2005թ. մեզ հաջողվեց գրադարանի բյուջեում մեկ տող ավելացնել՝ կապված մասնագիտական տոնի հետ. քաղաքապետարանը այդ տողով տարեկան տրամադրում է 500 000 դրամ՝ մասնագիտական տոնի միջոցառումները կազմակերպելու նպատակով»: Հավելեց նաեւ, որ Հայաստանում առաջինը իրենց գրադարանում 2012թ. հունվարից կգործի էլեկտրոնային սպասարկում: Հետաքրքրությանը՝ թե ինչո՞ւ հատկապես իրենց գրադարանում, Հ. Կարապետյանն ասաց. «Քանի որ հանրապետությունում առաջինը մեր գրադարանը շուտով կավարտի էլեկտրոնային գրացուցակների ստեղծումը, ապա Մերգելյանի անվան մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի ստեղծած «Հայկական գրադարանային ծրագիրը» առաջինը կներդրվի հենց մեզ մոտ»:
Եվ քանի որ Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում վերջին տարիներին գործում են եզակի ծառայություններ, այդ թվում՝ ինտերնետ գրադարան-սրճարան, լեզուների անվճար ուսուցում, ինտերնետ գիրք ու գրականություն եւ այլն, տիկին Կարապետյանին հարցրինք՝ իսկ Երեւանում, իրենց ենթակայությամբ գործող 7 մասնաճյուղերը այդ իմաստով աչքաթող արված չե՞ն: Մեր զրուցակցի պատասխանը հակիրճ էր. «Առաջիկայում մասնաճյուղերը եւս կապահովվեն ինտերնետ կապով եւ համակարգիչներով»: Տեղեկացնենք նաեւ, որ վաղը երկրորդ տարին անցկացվող «Հանդիպման վայրը՝ գրադարան» խորագրով միջոցառման շրջանակներում հանրապետության գրադարանները կաշխատեն մինչեւ ժամը 22-ը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել