Լրահոս
Օրվա լրահոսը

ՇՏԱՊՕԳՆՈՒԹՅՈՒՆ՝ «ՄՈՒՍԿՈՒԼ ԳԱԳՈՅԻ» ՀԱՄԱՐ

Հոկտեմբեր 07,2011 00:00

Երեկ Կենտրոն եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, Գագիկ Ավետիսյանի նախագահությամբ, ժ.12-ից սկսած փորձում էր շարունակել Գագիկ Մաթեւոսյանի եւ նրա խմբի գործով դատավարությունը:

\"\"
Փաստաբան Ավագյանը:

Գագիկ Մաթեւոսյանի ճնշումը բարձրացել էր, եւ դատարանը ստիպված էր շտապօգնության բժիշկներ հրավիրել: Նախորդ օրն էլ բժիշկները քրեակատարողական հիմնարկում էին նրան օգնել: Կես ժամով ընդհատված նիստը օգուտ չտվեց, քանի որ այս անգամ էլ երկու պաշտպաններն էին բացակայում նիստից: Դատավոր Գ. Ավետիսյանը տեղեկացրեց, որ հեռախոսազանգերը «գնացել» են, ապա փաստաբանները դարձել են անհասանելի:
Նա փաստաբանների անհարգելի բացակայությունը դիտեց անհարգալից վերաբերմունք դատարանի նկատմամբ:
Դատական նոր նիստ նշանակելու համար դատավորը մինչեւ հոկտեմբերի 10-ը ժամանակ տվեց:
Հիմա էլ պաշտպաններից Ամալյա Ավագյանն ու Անահիտ Եսայանն առարկեցին, ասելով, որ չեն հասցրել պաշտպանական ճառը: Իսկ երբ դատավորը օրինակ բերեց մեղադրողին, որն արդեն իր ճառն ավարտել է, փաստաբան Ամալյա Ավագյանն ասաց.
-Նրա՞նց ինչ կա: Մեղադրական եզրակացությունը նույնությամբ կրկնել են:
Ի դեպ, Ա. Ավագյանը հայտնեց, որ իր պաշտպանյալին խցից խուց են տեղափոխել՝ վերանորոգման աշխատանքների համար, եւ ինքը հնարավորություն չի ունեցել պատրաստվել պաշտպանական ճառին:
Մեղադրող Հովսեփ Սարգսյանը  միջնորդել է Գագիկ Մաթեւոսյանին՝ 15, Ռաֆայել Մասումյանին՝ 14, Արտակ Ղուկասյանին՝ 12, Վազգեն Կարապետյանին՝ 13, Արայիկ Ոսկանյանին՝ 12 եւ Գրիգոր Գրիգորյանին՝ 7 տարվա ազատազրկում:
Հիշեցնենք, որ նախաքննության մարմինը ապացուցված է համարել, որ Գագիկ Մաթեւոսյանը, որը հայտնի է «Մուսկուլ Գագո» մականվամբ, 2006թ. կեսերից սկսած ձեռնամուխ է եղել քաղաքացիների, պաշտոնատար անձանց եւ կազմակերպությունների վրա հարձակվելու եւ այլ հանցագործություններ կատարելու նպատակով կազմակերպված կայուն զինված հանցավոր խումբ՝ բանդա ստեղծելուն, օգտագործելով դիվերսիոն եւ հետախուզական գործունեության հմտությունները, որոնք ձեռք է բերել «Չղջիկներ» հատուկ նշանակության ստորաբաժանման կազմում՝ Հայաստանի սահմանամերձ շրջանների եւ Լեռնային Ղարաբաղի պաշտպանությանն ուղղված մարտական գործողությունների ընթացքում, հանդիսանալով դրա հրամանատարներից մեկը:
Ըստ մեղադրանքի՝ «Գագիկ Մաթեւոսյանը բանդայի կազմում հավաքագրել է քիմիայի, տեխնիկայի եւ էլեկտրոնիկայի բնագավառների գիտելիքներով օժտված Արտակ Ղուկասյանին, պատերազմի մասնակից, ՀՀ ՊՆ հատուկ նշանակության ստորաբաժանման նախկին սպա Վազգեն Կարապետյանին, ինչպես նաեւ իր մարտական ընկերներին՝ Արայիկ Ոսկանյանին եւ Գրիգոր Գրիգորյանին:
Գագիկ Մաթեւոսյանը հանցավոր խմբում պահպանել է կարգապահություն, անձնական նախաձեռնությամբ, իսկ առանձին դեպքերում՝ այլ անձանց պատվերով ծրագրել է ծանր եւ առանձնապես ծանր հանցագործություններ, մշակել է դրանց իրագործման պլաններ եւ բանդայի անդամների ներգրավմամբ իրականացրել անհրաժեշտ նախապատրաստական գործողություններ ու միջոցառումներ, բանդայի անդամների միջեւ կատարել է դերաբաշխում, որոշելով նրանցից յուրաքանչյուրի դերակատարումն ու մասնակցությունը կոնկրետ հանցագործության նախապատրաստմանը կամ կատարմանը, իսկ որոշ դեպքերում բացահայտումից խուսափելու նկատառումներով զերծ է մնացել հանցավոր մտադրությունների իրագործումից կամ հետաձգել է դրանց իրականացումը»:
Հիշեցնենք, որ այս գործով տուժողները երկուսն են՝ ՀՀ պետեկամուտների նախագահ Գագիկ Խաչատրյանն ու Գագիկ Բեգլարյանը (խոսքը նախկին քաղաքապետի մասին չէ):
Դատական հաջորդ նիստի համար դատավորը պաշտպաններին զգուշացրեց պատրաստ լինել պաշտպանական ճառերին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել