Լրահոս
Օրվա լրահոսը

ԾԱՆՐ ՀԻՎԱՆԴԻՆ ՉԵՆ ԸՆԴԱՌԱՋՈՒՄ

Հոկտեմբեր 07,2011 00:00

«Առավոտի» 29.09.2011թ. «Սպասում են մահանա, որ տուն չտա՞ն» հրապարակմամբ անդրադարձել էինք ազատամարտիկ Սամվել Միքայելյանի այն խնդրին, որ նա 2-րդ խմբի զինհաշմանդամ է եւ անօթեւան: Ս. Միքայելյանը երկար տարիներ պայքարում է, որպեսզի պաշտպանության նախարարությունը առաջնահերթությամբ իրեն բնակարան տրամադրի: Նյութում նաեւ նշել էինք, որ 2008-ին ազատամարտիկը Դավիթաշեն համայնքի կողմից պաշտպանության նախարարություն (ՊՆ) ուղարկված բնակարանի կարիքավորների հերթացուցակում է ներառվել՝ 515 հերթական համարով: Հրապարակել էինք նաեւ, որ Ս. Միքայելյանի բնակարանային գործը եղել է թերի վիճակում, եւ Դավիթաշենի համայնքապետը կառավարության որոշման խախտմամբ է ազատամարտիկին բնակհաշվառել, ուստի ազատամարտիկը ՊՆ-ի բնակպայմանների բարելավման կարիքավոր կարող է ճանաչվել եւ հաշվառվել 2016 թվականին:
Հաշվի առնելով, որ ազատամարտիկի առողջական վիճակը օրեցօր վատթարանում է, նա տառապում է թոքային տուբերկուլյոզով, նախարարությանը հարցում էինք ուղարկել՝ արդյոք հնարավոր չէ՞ Ս. Միքայելյանին ընդառաջել եւ մոտ ապագայում բնակարանով ապահովել: Այս առնչությամբ ՊՆ-ից «Առավոտին» պատասխանեցին. «Եթե Ս. Միքայելյանը հաշվառված լիներ առանց ՀՀ կառավարության 09.06.2005 թ. թիվ 947-Ն որոշման պահանջների խախտման, ապա որպես անօթեւան՝ նրա ընտանիքին բնակարան գնելու համար կտրամադրվեր անհատույց պետական ֆինանսական աջակցություն՝ առաջնահերթության կարգով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել