Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիի հոսպիտալից՝ Քաթա՞ր

Հոկտեմբեր 07,2011 00:00

Օրերս People in Need չեխական կազմակերպությունը Շիրակի մարզում նախաձեռնել էր շրջայց, որի ընթացքում մի խումբ լրագրողներ, ի թիվս այլ հանդիպումների, զրուցեցին նաեւ Գյումրիի զբաղվածության մարզային կենտրոնի տնօրեն Ամալյա Ադամյանի հետ: Ըստ Ա. Ադամյանի՝ այժմ կենտրոնում գրանցված է 10 708 գործազուրկ, որոնց հիմնական մասը՝ 65-68%-ը, կանայք են: Գրանցվածներից մոտավորապես 8000-ը գյումրեցի է: Վերջերս Գյումրիում կազմակերպված աշխատանքի տոնավաճառին այցելել էր շուրջ 2500 աշխատանք փնտրող: Ա. Ադամյանը պատմեց, որ իրենք հատուկ ուշադրություն են դարձնում հաշմանդամների աշխատանքի տեղավորման հարցերին, ունեն նման պրակտիկա, երբ գործատուներից շատերը համաձայնում են հաշմանդամին ապահովել աշխատանքով: Ընդ որում, աշխատանքի տեղավորվելուց հետո նրանց աշխատավարձի 50%-ը փոխհատուցում է պետությունը: Աշխատավարձերը հաճախ հանրապետական միջինից ցածր են լինում, ինչն էլ պատճառ կարող է դառնալ, որպեսզի քաղաքացիները հրաժարվեն առաջարկվող աշխատանքից: Վերջին շրջանում երիտասարդները հաճախ են դիմում կենտրոնին: Ա. Ադամյանը դա բացատրում է այն հանգամանքով, որ աճել է հետաքրքրությունը զբաղվածության պետական ծրագրերի նկատմամբ: Կենտրոնին դիմողների 50%-ը միջնակարգ կրթությամբ են: Տարեկան կտրվածքով մոտ 800 քաղաքացի կենտրոնի միջոցով հիմնական աշխատանք է գտնում, իսկ «Վարձատրվող հասարակական աշխատանք» ծրագրի շնորհիվ 1200 գործազուրկ գոնե ժամանակավոր աշխատանքով է ապահովվել: Ըստ Ա. Ադամյանի՝ կառուցվածքային փոփոխությունների հետեւանքով Գյումրիում Ռուսաստանի Դաշնության հոսպիտալը փակվում է, եւ այս օրերին գործազուրկ է դառնում 300 բուժաշխատող, որոնք եւս կհամալրեն կենտրոնի գործազուրկների թիվը:
Վերջերս կենտրոնում ստացվել է Քաթարի Իսլամական Հանրապետությունում պահանջվող աշխատողների ցուցակ, որտեղ բժիշկների մեծ պահանջարկ կա: Քաթարում աշխատանք գտնելու առաջարկը կարվի նաեւ հոսպիտալից ազատված բժիշկներին: Ինչպես Ա. Ադամյանը հայտնեց, այդ երկրում բժշկի աշխատավարձը $4-7 հազար է։ Բժիշկների համար պարտադիր նախապայման է անգլերենի իմացությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել