Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պալատները եղբայրացան

Հոկտեմբեր 07,2011 00:00

\"\"«Մեր հարաբերությունները պաշտոնականից դուրս են եկել, եւ իմ ամեն մի հանդիպում Վրաստանի Վերահսկիչ պալատի նախագահի հետ, կարելի է ասել, հավասար է իմ եղբոր հետ հանդիպման». Վրաստանի խորհրդարանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը խորհրդարանի փոխխոսնակ Ռոսուդան Մկերվալիշվիլիին այսպես ներկայացրեց իր եւ Վրաստանի ՎՊ նախագահ Լեւան Բեժաշվիլիի հարաբերությունները:
Երեկ երկու պալատների նախագահները Վրաստանի ՎՊ-ում պաշտոնական հանդիպում ունեցան, որի ընթացքում ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր: Այս համաձայնագիրը կողմերին հնարավորություն կտա համատեղ ստուգել մի շարք ծրագրեր, որոնք իրականացվում են երկու երկրների միջեւ՝ էներգետիկայի, գյուղատնտեսության, առողջապահության, սոցիալական ապահովության, տրանսպորտի եւ այլ բնագավառներում:
Ի տարբերություն Հայաստանի ՎՊ-ի, որն արդեն քանի տարի է՝ գործում է ՀՀ ԱԺ-ից անկախ, Վրաստանի Վերահսկիչ պալատի բյուջեն հաստատում է Վրաստանի խորհրդարանը:
Տիկին Մկերվալիշվիլին, որը նաեւ Վրաստանում գենդերային համահավասարության խորհրդի նախագահն է, կարեւորեց նաեւ երկու պալատների փորձի փոխանակումը: Նա հույս հայտնեց, որ այս համագործակցության համաձայնագիրը չի լինի լոկ իրավաբանորեն հաստատված մի փաստաթուղթ, այլ դրանում առկա բոլոր կետերը մեկ առ մեկ կյանքի կկոչվեն: Ի դեպ, այս տիկինը վրաց խորհրդարանում հայտնի է որպես հայամետ դիրքորոշում ունեցող քաղաքական գործիչ:
Նշենք, որ արդեն երրորդ օրն է՝ Հայաստանի Վերահսկիչ պալատի պատվիրակությունը պաշտոնական այցով գտնվում է Թբիլիսիում: Երեկ մեր պատվիրակությունը եղավ նաեւ Վրաստանի խորհրդարանում, փոքրիկ շրջայցի ընթացքում ծանոթացավ վրացական խորհրդարանի պատմությանը: Նկատենք, որ մեկ տարուց Վրաստանի խորհրդարանը Թբիլիսիի կենտրոնից կտեղափոխվի Վրաստանի մեկ այլ քաղաք՝ Քութաիսի: Խորհրդարանի միջանցքում ցուցադրվում էր նոր կառուցվող շենքի մանրակերտը, որն ամբողջովին ապակեպատ էր ու թափանցիկ: Տեղեկացանք, որ Վրաստանի խորհրդարանի նոր շենքի ճարտարապետը հրավիրվել է Իսպանիայից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել