Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄԵՆ ԻՆՉՆ ԷԼ ՍՏԻՊՈՒՄ Է, ՈՐ ԳԱՆ

Հոկտեմբեր 07,2011 00:00

Քաղաքականն էլ, սոցիալականն էլ

\"\"Ազատության հրապարակը գրեթե մեկ շաբաթ է՝ դարձել է բազմաթիվ հայերի «ժամանակավոր բնակության վայրը»: Այս հրապարակում են ուտում, խմում, գիշերում, նույնիսկ տարածքը մաքրելով են մարզվում Հայ ազգային կոնգրեսի հարյուրավոր համախոհ քաղաքացիներ: Այժմ եւ նախկինում էլ ՀԱԿ-ի հանրահավաքներում հաճախ հնչում է, որ մարդիկ արդեն հոգնել են սոցիալական ծանր պայմաններից, ուստի պետք է դրան լուծում տալ եւ իշխանափոխության միջոցով Հայաստանի քաղաքացիների կյանքը բարելավել: Երեկ շրջեցինք Ազատության հրապարակում եւ զրուցեցինք ՀԱԿ համակիրների հետ՝ փորձելով տեղեկանալ, թե այնտեղ գիշերող մարդիկ ի՞նչ սոցիալական խնդիրներ ունեն, որ անգամ ընտանիքներով են «պայքարում» ներկա իշխանության դեմ: Պարզվեց, որ նրանց մեծ մասը Ազատության հրապարակ էր եկել, ինչպես իրենք էին նշում, քաղաքական դրդապատճառներով՝ իշխանափոխություն ակնկալելով: Միայն Մասիսից եկած Վասիլ Խանազյանն էր, որ իր՝ հանրահավաքին մասնակցելու բուն պատճառը կապեց սոցիալական խնդիրների հետ: Մեր հարցին, թե ինչն է իրենց ստիպել Մասիսից գալ ու Երեւանում բացօթյա պայմաններում գիշերել, նա պատասխանեց. «Ես ձեր հարցին հարցով եմ պատասխանելու՝ իսկ ի՞նչը չի ստիպում մեզ գալ այստեղ՝ պեսոկի գի՞նը, ձեթի՞նը, բրնձի՞նը, թե՞ մեր թոշակի չափը»: Նախկին քաղբանտարկյալ Դավիթ Մաթեւոսյանի դուստր Հերմինեն էլ տեղեկացրեց, որ վրանների թիվը ավելանում է. «Եթե առաջին օրերին մոտ 20 վրան կար, ապա հիմա դրանց թիվը 80-ից ավելի է: Ցուցարարներն ամեն գիշեր պարտադիր հերթափոխում են, որ կանխեն հնարավոր անկարգությունները: Գրեթե բոլորը, որ գալիս են վրանաբնակների մոտ, իրենց հետ քաղցրավենիք կամ այլ ուտելիք են բերում: Դա Հայաստանի ներկայիս պայմաններում երեւույթ է, որովհետեւ մեր երկրում բոլորն էլ սոցիալական լուրջ խնդիրներ ունեն, բայց չնայած դրան, մարդիկ ինքնաբուխ կերպով հոգում են Ազատության հրապարակում պայքարող ցուցարարների մասին»: Իսկ «Ազատության հրապարակը մեր տունն է» կարգախոսով առաջնորդվող Մարիամ Եզակյանը պատմեց, որ իրենք արդեն 6-րդ օրն է, ինչ առավոտ վաղ արթնանում ու տարբեր մարզերից ու Երեւանից եկած ցուցարարների հետ վրանների շուրջն են մաքրում. «Մեր մարմնամարզությունը ամբողջ հրապարակը մաքրելն է,- ասաց Մ. Եզակյանը եւ ավելացրեց,- բոլորս մի ընտանիքի պես հավաքվում ենք, քննարկում մեր անելիքները, միասին ճաշում, միասին էլ անհամբեր սպասում ենք 18:30-ին՝ հանրահավաքին»:
Մենք ՀԱԿ-ի ակտիվիստ Սարգիս Գեւորգյանից հետաքրքրվեցինք, թե բողոքի ձայն բարձրացրած մարդկանց մեջ կա՞ն արդյոք անտուններ, նա պատասխանեց, որ տեղյակ չէ. «Բայց հետեւում ենք, որպեսզի շարժման մասնակիցներից բացի՝ այլ մարդիկ չլինեն: Մեզանում բոլորը հարգում են իրար, մարդիկ մեծ կամք են դրսեւորում, որ ինչ սկսել են՝ համերաշխ ու միասնական ավարտին հասցնեն՝ առանց անկարգությունների ու կոնֆլիկտների»:
Ցուցարարների մեջ երիտասարդները չեն գերակշռում, բայց, Սարգիս Խաչատրյանի խոսքերով, ակտիվ են ու ամեն օր կեսօրին երաժշտություն են միացնում, որպեսզի ապահովեն աշխույժ մթնոլորտը, իսկ ինքն անձամբ երգում է, երեկոյան էլ, հանրահավաքից հետո, քոչարի են պարում, հայրենասիրական երգեր երգում: Նա նաեւ դժգոհեց այն հայտարարություններից, թե իրենք քիչ են, հազիվ մի քանի հազարի են հասնում. «Ես էստեղ եմ, իսկ կինս ու ընտանիքիս մյուս անդամները թեեւ ֆիզիկապես այստեղ չեն, բայց նրանք նույնպես հարում են Կոնգրեսի պայքարի գաղափարին: Մեր հետեւում շատերն են կանգնած»: Արբաթցի Միշա Խարազյանի ներկայացմամբ էլ, երբ իրենք հաղթեն. «Մեծ տուն ունեմ գյուղում, այդ տունս նվիրաբերելու եմ ավազակապետության ղեկավարին՝ Սերժ Սարգսյանին»:
Նշենք, որ ինչ մեկնարկել են շուրջօրյա հանրահավաքները, մարզերից Երեւան եկող տրանսպորտային միջոցները սկսել են կամ չաշխատել, կամ վատ աշխատել: Չնայած դրան, օրերս Ազատության հրապարակի ցույցի մասնակիցներին են միացել Արտաշատից, Աշտարակից ու մի շարք այլ քաղաքների բնակիչները, որոնք, ըստ հանրահավաքի մասնակիցների, ոտքով են եկել Երեւան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել