Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՈԼՈՐԸ ԳԻՏԵՆ, ԲԱՅՑ ԼՌՈ՞ՒՄ ԵՆ

Հոկտեմբեր 07,2011 00:00

Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանի սահմանամերձ Գուդեմնիս գյուղի ղեկավար Արտուշ Գրիգորյանի փոխանցմամբ՝ իրենց գյուղի վարչական տարածքում ադրբեջանական զինվորականների հենակետեր կան, ինչը մեծ վտանգ է ներկայացնում գյուղի ու բնակիչների համար: Ըստ նրա՝ գյուղաբնակները վախենում են գնալ այդ տարածքները, որոնք ժամանակին որպես արոտավայրեր են ծառայել: Արդեն քանի տարի է՝ անասուններին այդ կողմերը չեն տանում: «Մենք այդ կողմերը չենք գնում, վախենում ենք, կարող է կրակեն, բացի դա էլ՝ ականապատված են: Գյուղից էդքան էլ հեռու չի այդ տարածքը, վտանգավոր է խիստ: Գյուղ չեն եկել թշնամիները, բայց անցած տարի հարեւան Վահրավար գյուղի անասուններին են գողացել: Ադրբեջանցի զինվորականները պատերազմից հետո՝ 1990-ականներից են եկել-հաստատվել էստեղ: Նախկինում այդտեղ խորհրդային-ռուսական բազան էր, նրանց հեռանալուց հետո ադրբեջանցիներն են եկել ու իրենց հենակետերը տեղակայել: Արդեն 15 տարուց ավելի կլինի, որ թշնամին խախտել է երկրի սահմաններն ու մնացել մեր տարածքում»,- մտահոգված ասում է Գուդեմնիսի գյուղապետ Արտուշ Գրիգորյանը:
Մեր այն հարցին, թե այդ կարեւորագույն խնդրով համապատասխան ատյանների դիմե՞լ է, պարոն Գրիգորյանը պատասխանեց, որ այդ հենակետերի գոյության մասին բոլորը գիտեն, իրենց տարածաշրջանի զինվորականները նույնպես, բայց մինչ օրս որեւէ նկատելի քայլ չի ձեռնարկվել, ադրբեջանցիները շարունակում են մնալ հայկական գյուղի վարչական տարածքում, ինչը Սյունիքի դատարկվող այս գյուղի համար ավելի քան վտանգավոր է: Գյուղում ներկայումս 36 ծուխ կա՝ 56 բնակիչ: Գյուղաբնակների հիմնական մասը մեծահասակներ են, երիտասարդները քիչ են: Գյուղը ո՛չ մանկապարտեզ ունի, ո՛չ էլ դպրոց, Հայաստան-Նախիջեւան սահմանից հեռու է մոտ 36 կմ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել